Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հայ-թուրքական սահմանի բացման բացասական ու դրական դիտարկումները

Հոկտեմբեր 1, 2009թ. 18:51

Առանց մի շարք հիմնախնդիրների լուծման, հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով չի կարող դրական լինել Հայաստանի համար: Նման կարծիք հայտնեց հոկտեմբերի 1-ի ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, ՀՅԴ-ն վերլուծելով թե Հայաստանի, և թե Թուրքիայի տնտեսական ներուժը,  առկա հնարավորությունները, ինչպես նաև սահմանների վերաբացման արդյունքում հնարավոր տնտեսական զարգացումները, առաջարկել է շուրջ 53 հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

Այդ խնդիրներից մեկը վերաբերում է արտահանումների և արտադրության բնագավառում թուրքական տնտեսության առավելություններին: Ըստ Ա.Մինասյանի, թուրքերն այս դաշտում հսկայական պաշտպանական համակարգեր ունեն` թե արտադրողներին, եւ թե արտահանումը խրախուսելու առումով: Բացի այդ,   Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն շուրջ 3 անգամ գերազանցում է Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արդյունքին: Ինչը փաստում է  այն վտանգի մասին, որ թուրք հասարակությունը երեք անգամ ավելի հարուստ է Հայաստանի հասարակությունից, եւ, բնականաբար, հնարավոր չէ խոսել հավասարակշիռված հարաբերությունների մասին:

Մյուս խնդիրը, Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, այն է, որ Հայաստանը չունի ներքին արտադրողների մրցունակության այնպիսի պաշտպանական համակարգ, որն առկա է Թուրքիայում: Ըստ դաշնակցական պատգամավորի, հատկանշական է նաև այն, որ թուրքական տնտեսության մեջ կան հստակ սահմանափակումներ օտարերկրյա սեփականության ձեռքբերման մասով, ինչը Հայաստանում նույնպես բացակայում է` դրանով իսկ սպառնում մեր ազգային և տնտեսական անվտանգությանը:

Ա.Մինասյանը ներկայացրեց նաև գյուղատնտեսական բնագավառի հետ կապված մի շարք հիմնախնդիրներ: Ըստ նրա, Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը համարվում է ամենախոցելի ոլորտը: «Այստեղ մենք նույպես էականորեն զիջում ենք Թուրքիային: Մեզ մոտ բացակայում է գյուղատեսության բնագավառին պետական աջակցության սխեման»-նշեց Ա.Մինասյանը:

Հիմնահարցերի մյուս խումբը, որը ՀՅԴ կարևորում է, դա սանիտարական և բուսասանիտարական կարգավորման խնդիրներն են: «Ցավոք, սա ուղիղ առնչվում է հենց մեր սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության հետ: Մենք այսօր չունենք սննդի վերահսկողության այնպիսի համակարգ, որը կկարողանա ապահովել անվտանգ սննդի մուտք Հայաստան: Ավելին, հաշվի առնելով, որ Թուրքիայում նույնպես այս համակարգը զարգացած չէ, ստացվում է որ թուրքական տնտեսության մեջ շրջանառվող շատ անորակ սննդամթերքներ հեշտությամբ կարող են ներթափանցել Հայաստան»,-ասաց Ա.Մինասյանը:

Հակառակ կարծիքին է  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, ըստ որի սահմանի վերաբացման արդյունքում Հայաստանը կունենա ՀՆԱ-ում եկամուտի մոտ 3 % աճ, իսկ արտահանման ծավալները կավելանան մոտ 30%-ով: Նա նշեց, որ այսօրվա դրությամբ, ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ 130 մլն դոլարի սահմաններում է, իսկ սահմանի բացման դեպքում այդ ցուցանիշը կկրկնապատկվի:

Այս ամենով հանդերձ Այվազյանն այն կարծիքին է, որ. «Իրականում Թուրքիայի հետ տնտեսական գործունեության իրականացման գործընթացը միայն վարդագույն երանգներով չպետք է ներկայացնել: Հարկավոր է ամբողջ ներուժով ստեղծել բոլոր անհրաժեշտ մեխանիզմները` ապահովելու համար մեր անվտանգությունը»,-ասաց Վ.Այվազյանը:

Ա.Հ.


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն