ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐՍ ՉԱՐԱՉԱՐ ՍԽԱԼՎԵՑԻՆՔ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հրաժարվեցինք երազային քաղաքից
Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվեցին, գործող քաղաքապետը հնարավորություն ստացավ պաշտոնավարելու եւս չորս տարի:
Բարի ավանդույթի համաձայն, ընտրակեղծիքների, ընտրակաշառքների մասին խոսակցություններն առժամանակ կմնան ասպարեզում` որպես լրագրողական «հետաքննությունների» նյութ, ապա կմոռացվեն: Որովհետեւ նման բաներ եթե նույնիսկ եղել են, չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Հեչ որ չլինի, եվրոպացի ամենատես դիտողներից սովորել ենք դիվանագիտական ձեւակերպումների տեղն ու դերը.«եղել են, բայց այն չեն եղել, որ ազդեն»: Երեւանի ավագանի մտան ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Երեւանցիները քաղաքի կառավարումը չվստահեցին ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին եւ «առաքելական» ջահելությանը: Պատճառը թերեւս այն է, որ առաջին երեքը մայրաքաղաքաշինական անհայտ անցյալ ունեին, իսկ չորրորդը փորձում էր որբի գլխի վրա վարսավիրություն սովորել:
Փաստորեն, Երեւանը իշխանությունը թողեց իշխանավորին, որովհետեւ ժամավաճառության հավես չունի, չուզեց իրենով փոխել Հայաստանը, որովհետեւ իր հետագա հանգրվանը չգտավ եւ չհամաձայնեց, որ մայրաքաղաքում հայտարարվի արտակարգ իրավիճակների մասնագիտական դրություն:
Մայիսի 5-ի ընտրություններից հետո այս ուժերը, կարելի է ասել, հարկադիր պարապուրդի մեջ են եւ հնարավորություն ունեն վերլուծելու ներկուսակցական շինարարությունն ու 2017 թվականի մայիսի 5-ի անելիքները: Ինքնագնահատման, այսինքն, ժամանակ է:
Բայց իջնենք քաղաքապետի ընտրությունների մայթից եւ ասենք նաեւ, որ երեւանցիներս չարաչար սխալվեցինք. հրաժարվեցինք երազային մեր քաղաքից: Ինչ կարող էինք ունենալ, եւ ինչ մնաց:
Կարող էինք ունենալ ծառաշատ ու մաքուր բակերով մի քաղաք, ուր CO2 արտաթորող փոխադրամիջոցներն արգելված են. դրանք ընդհանրապես արգելված կլինեին: Իսկ ծառերը կպած արտաշնչելու էին միայն թթվածին. կախած ճյուղերն էլ մոտեցնելու էին հետիոտների դեմքերին: Հետիոտնն էլ մարդ է, վերջապես:
Խցանումներ չէին լինելու, որովհետեւ խցանողները վերանալու էին: Խցանում կարող էր լինել միայն «Զվարթնոց օդանավակայան» մետրոյի կայարանից «Շինվող Երեւան» կայարան բերող ճանապարհին` փոշմանած արտագաղթողների հոսքի պատճառով:
Իսկ աղբը կարող էր լինել ազգային հարստություն, քանի որ վերամշակող գործարանն ինքն էր ձրի սնունդ մատակարարելու երեւանցիներին, որ աղբը շատ լինի: Ապառիկ տալու էին անվճար, որ աղբը շատ լինի: Մի խոսքով, աղբը պիտի շատ լիներ, որ լավ լիներ, բայց մնաց նույնքան:
Ի դեպ, հայերը տքնաջան ու կոփված ժողովուրդ են: «Ժառանգության» նախագահի վերջին հավաստիացումներով` նաեւ հանուն Հայաստանի քայլող ժողովուրդ: Ուրեմն, կորչեն նստարանները, որոնցից յուրաքանչյուրը քաղաքային բյուջեի կողոպուտի վկայություն է: Երեւանցին պիտի քայլի դեպի պայծառ ապագա, որը գտնվում է ամեն մի փողոցի վերջում: Նայած որ փողոցի. ընտրության հարց է: Համաժողովրդական զարթոնքի պայմաններում նստելու տեղ փնտրելն առնվազն լկտիություն է:
Գազոններում տեղադրված ամանորյա լուսատու եղնիկների փոխարեն կարող էին եւ պետք է լինեին իրական ոչխարներ, որոնցից մայրաքաղաքի բնակիչների մի զգալի մասը մսի հոտ առնելու հնարավորություն կունենար: Թե չէ ի՞նչ զարդարանք. ունեցվածքը թաքցնելու միջոց է եւ փող լվանալու տեղ: Կարող էր, չէ՞, լինել համընդհանուր գորշություն` որպես քաղաքական պայքարի սնուցիչ:
Բանն այնտեղ է հասել, որ երեւանցին զրկվել է անասուն պահելու տարրական միջոցներից ու բավարարվում է միայն արհեստական անասունների հարեւանությամբ: Բայց դրանք ոչ կաթ են տալիս, ոչ բուրդ, ոչ միս: Իսկ չէ՞ որ գյուղատնտեսությունն է կերակրում քաղաքը: Եվ ուրեմն մեր մայլաքաղաքը պետք է կերակրվի ծայրամասերի միջոցով, քանի որ Երեւանի տարածքում են գտնվում մի շարք գյուղեր:
Բայց Երեւանը կարող էր լինել անծաղիկ մի ծառաստան, ուր նոր աշխատատեղերում ձեւակերպված քաղաքացիները ուրախ-զվարթ կզբոսնեին` անիծելով այն սղոցը, որ տարիներ շարունակ իրենց բաժանում էր կենարար սաղարթից: Այդ ծառաստաններում կարածեին նաեւ բազմահազար կովեր, եւ երեւանցիների սննդի կաթի փոշի բաղադրիչը կդառնար անցյալի տխուր հիշողություն:
Այո, կարող էինք ունենալ այնպիսի Երեւան, ուր ապրելը կլիներ երանություն, անընդհատ հաճույք, բայց ավագանու ընտրությունները կասեցրին մեր թռիչքը: Հզորագույն քաղաքական ուժեր մեր նպատակները թողեցին անկատար: Երեւանցիները նրանց չհասկացան:
Եվ ընդհանրապես, երեւանցիներիս համար հիմա բնութագրական են դարձել առանցքային կարեւորություն ունեցող շատ հարցեր չհասկանալը, «ռազմավարական հիշողության» կարճությունը: Հիմա ո՞վ է հիշում «էլեկտրամոբիլներից» ամենակարեւորը` տրամվայը, որի հիսունդրամանոց քաղաքային բովանդակությունն այդպես էլ չկարեւորվեց:
Մետրոն էլ մնաց նույնքան կարճ` չնայած կարող էր աննախադեպ երկարել: Ինչպես ասում էր «մեծ կոմբինատորը», չգիտեմ ինպես, չգիտեմ ինչով, բայց կհասնենք: Հիմա չենք հասնի, քանի որ ընդդիմադիր մետրոն մնաց կայարանում, վագոնները մնացին ուղեւորների` նվազագույն շեմից ցածր թվով, իսկ մետրոյի «ճարտարապետները»` ներկուսակցական քարտեզներում:
Ասել կուզի` զրկվեցինք խոստացված բարիքներից, բայց ոչ մի կերպ չենք կարողանում «զրկվել» այն մտայնությունից, որ ավագանու անդամ չլինելը նշանակում է ընդամենը մայթին կանգնած հանդիսատես լինել:
Դա արդեն խցանում է: Ցավոք:












