…ՄԻՆՉԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՇՔԵՐԹ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Մի վերին կամքով հայ ժողովրդի պատմության մեջ մղած շատ հաղթական կռիվներ տեղի են ունեցել մայիս ամսին:
Հայտնի է, որ մայիսին են եղել Ավարայրը, Սարդարապատը, Շուշին. վերջապես, մայիսին է հռչակվել Հայաստանի Հանրապետությունը: Ու եթե մինչեւ վերջին ժամանակներս մայիսյան հաղթանակների մասին խոսում էինք անցյալով, խոսում էինք կարոտով, միեւնույն է, յուրաքանչյուրս գոնե մտովի փայփայում էր նաեւ մայիսյան ապագայի հավատը:
Եվ ահա, փառավոր հաղթանակների կողքին ընդմիշտ գրանցում ստացան մեր ազգային հերոսացումների նոր էջեր: 92-ին ազատագրվեց Շուշին. սրբաքանդակների վրա վերստին թրթռաց մոմի թրթռուն լույսը, ու այդ նույն լույսը հոգում` հայ ազատամարտիկը գնաց դեպի հաղթանակ: Իրական, շոշափելի, հողե ճանապարհով:
Տեւական մաքառումը նորօրյա հնչեղություն տվեց բոլորիս, իսկ արցախցին, աշխարհի ականջից բռնելով, շշնջաց երեք հայերեն բառ: Ու եթե ամուր ենք այսօր, եթե կարողանում ենք ժպտալ իրար, պիտի վստահ լինենք, որ վաղվա օրը եւս մերն է լինելու: Այսօր մեզ միասնություն է պետք, միասնություն, որ միշտ եղել է մեր օրվա հարցը, բոլոր գործերի մեջ ամենակարեւորը, միակը:
Եվ անպայման պիտի ընդունել ազգի դիմագիծը, դառնալ հավատավորը նրա վաղվա լինելիության: Ժամանակը հազար անգամ ապացուցել է բոլորիս, որ ոչ մի փորձություն, ոչ մի անպարտելի թվացող ուժ չի եղել, որ չհաղթահարվի հայի միասնությամբ: Շուշին վկա:
Բայց հաղթանակը նաեւ զարհուրելի է… նրանով, որ ձեռք է բերվում լավագույն արյան գնով, ազգի սերուցքի արյան գնով: Գնացին, անմահացան, երկիր պահեցին: Այդպես է եղել միշտ. հիշողներն են մի քիչ պակաս կարեւոր:
Երեկ հաղթանակի օր էր. Սբ Ղազանչեցոց եկեղեցու զանգահարությամբ նշվեց նաեւ Հայրենական մեծ պատերազմում զոհված տասնյակ հազարավոր հայրենասերների հիշատակը: Նաեւ պատիվ տալով ողջ մնալու կարողություն ունեցած նրանց, ովքեր, կրելով շքանշաններից ծանրացած բաճկոնները, հաճույքով ու դժվարությամբ քայլում են դեպի Հաղթանակի այգի: Նաեւ նրանց ենք պարտական այսօր եւ այսօրվա համար:
Երբ ասում ենք պատերազմի վետերան, մի տեսակ կոմունիստահոտ արտահայտություն է, քանզի հիշեցնում է «ամեն ինչի վետերան» կոմունիստական ուրվականը: Բայց այս մարդիկ ամենադաժան պատերազմով անցած զինվորներ են, իրենց ազգին ծառայած նվիրյալներ:
Ոչ մի հայ հանուն բոլշեւիկյան ռեժիմի չի կռվել, կռվել է հանուն իր երկրի, իր ընտանիքի, իր զավակների: Հաստատ իմանալով, որ Ստալինգրադի ձախողումից հետո թուրքը մտնելու է այստեղ: Մարդիկ պատերազմ են գնացել ոչ միայն այն պատճառով, որ չէին կարող չգնալ, այլեւ, որ չգնալու դեպքում վտանգվելու է սեփական տան գոյությունը: Սովետական Միության հայ հերոսների թիվը սրա վկայությունը չէ՞:
Վաղվա օր ունենալու համար երեկվա հիշողություն է պետք, իսկ պատմություն ունեցող ժողովրդի դեպքում` պատմական հիշողություն: Բայց որքան էլ տարօրինակ է, այսօր չենք հիշում նաեւ Առաջին աշխարհամարտի տարիների զոհերի մասին: Բայց որքան կամավորներ են եղել ռուս-թուրքական ճակատում, առանձին ջոկատներում: Խոսքը Մեծ եղեռնի զոհերի մասին չէ, այլ այն հազարավոր հայրենասերների, որոնք զենքով մարտնչել են իրենց հայրենիքի համար: Նույնիսկ մի հուշարձան չկա: Այսպե՞ս ենք հիշում:
Միայն ծովի հիշողություն ունենալով` ծովակալ ենք ունեցել, մարշալներ ու զորավարներ եւ հերոս մարտիկներ: Այսինքն՝ նույն այս տեսակի որդին ու թոռն են կռվել Արցախում, ազատագրել Շուշին: Ուրեմն հաղթանակը բոլորինն է:
Ծերունական դողդոջ քայլքից մինչեւ զավակների շքերթ:












