Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ

Մայիս 11, 2013թ. 20:01

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Օրերս Մոսկվայում տեղի ունեցած «Համագործակցության աստղերը» մրցանակաբաշխության հետ կապված՝ «Նեզավիսիմայա գազետան» ծավալուն հարցազրույց է տպագրել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի ղեկավար Արմեն Սմբատյանի հետ, որում արծարծվում են հետխորհրդային տարածքում իրականացվող լեզվական քաղաքականության հիմնախնդիրները

Այս ասպարեզում նկատվող, մի կողմից, «ինքնորոշման» միտումները, որոնք առավելապես բնորոշ էին 1990-ականներին, մյուս կողմից՝ ներկայումս ուժեղացող հակառակ գործընթացները կամ «ինտեգրացիայի» փորձերը խիստ արդիական են դարձնում մեր երկրում իրականացվող լեզվական քաղաքականության հիմնահարցերը։
Ամեն մի համակարգ պետք է նախ ինքը որոշի իր զարգացման ուղիները եւ հետո նոր միայն մտածի արտաքին համարկման մասին։ Եվ այս տեսանկյունից մեր լեզվամշակույթը իր զարգացման վերջին 20 տարիների ընթացքում դրսեւորել է այնպիսի նոր միտումներ, որոնք ոչ թե մեզ մոտեցնում են մեր ակունքներին, այլ հակառակը, հեռացնում են։
Այսինքն՝ անկախության շրջանում տեղի է ունեցել ոչ թե ոսկեղենիկ հայերենի ծաղկում, այլ նրա վերածումը մի տաղտկալի «պաշտոնական լեզվի», որը ավելի շատ օգտագործում են նրանք, ովքեր դեռեւս պահպանել են հարգանքը մեր ազգային արմատների հանդեպ եւ իրենց համարում են շատ թե քիչ կիրթ ու գրագետ անձնավորություն։
Մնացյալում, այսինքն՝ մեր խոսակցական-առօրեական բառապաշարում, որին փաստորեն հետեւում է բնակչության շուրջ 90-95 տոկոսը, հայերենը փոխարինվել է նախկինում միանգամայն անարատ Արարատյան բարբառի, քաղաքային ժարգոնին բնորոշ արտահայտությունների եւ զանազան լեզուներից վերցված «թույն բառերի» մի հավաքածուով։
Քանի որ այս տարօրինակ, դոնդողանման զանգվածի տարածման հիմնական ասպարեզը մայրաքաղաք Երեւանն է, ապա այդ ինքնատիպ «երեւաներենը» արդեն թափանցել է ռադիո ու հեռուստատեսություն, դարձել սովորական ու ընդունելի։
Այսինքն՝ մեզանում սկսել է ձեւավորվել մի «նոր աշխարհաբար», որն ի տարբերություն իր նախորդի, ո՛չ գրական, ո՛չ էլ տպագիր լեզու է, սակայն քանի որ նրանով է խոսում մեր ազգաբնակչության մեծ մասը, ապա վաղ թե ուշ կարող է թափանցել նաեւ այդ ասպարեզները։
Լեզուն կենդանի օրգանիզմ է, ուստի տեքստերը, որոնք այսօր ստեղծվում եւ արտաբերվում են բանավոր խոսակցության մեջ, վաղ թե ուշ վերածվելու են գրավորի։ Ի վերջո, լեզվով է մարդը մտածում, ուստի եթե գրական հայերենը դուրս է մղվում մեր լեզվամտածողությունից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ մեր ինտելեկտուալ գործունեության ավելի բարձր ոլորտներում։
Նման պայմաններում մտածել որոշակի ինտեգրացիոն տարածության շրջանակներում լեզվական ճիշտ քաղաքականության որդեգրման մասին՝ նշանակում է սկսել ինքակատարելագործումից։ Պատճառն այն է, որ մեր ներկա «երեւաներենում» կողք կողքի սկսել են գոյատեւել այն լեզուների փոխառությունները, որոնց ինտեգրացիոն տարածքները վաղ թե ուշ միախառնվելու են մեր լեզվական քաղաքականությանը։
Այսպես. ներկա «երեւաներենում» կան ոչ միայն Արեւմտյան Հայաստանի զանազան գավառներից բերված լեզվական կաղապարներ եւ որոշակի քանակությամբ թուրքերեն բառեր, այլեւ խորհրդային շրջանում նրանց զուգորդված ռուսերեն արտահայտություններ ու դարձվածքներ։ Դրա հետեւանքով թուրքերենից փոխառված «մայլի» լեզուն իր հետ բերել է նաեւ լեզվամտածողության առանձնահատուկ՝ արեւելյան գծեր, որոնց զուգորդումը ռուսական «վաբշե»-ների եւ այլ «աբառոտկա»-ների հետ ստեղծել է հայերենի «համեմունքով» կոտրատվող մի ռուս-թուրքական սիմբիոզ։ Անկախության տարիներին ու մանավանդ վերջին շրջանում այս սիմբիոզին սկսել են գումարվել նաեւ եվրոպական զանազան լեզուներից, հիմնականում՝ անգլերենից փոխառված բառեր, որոնց թիվը, ի տարբերություն արդեն սովորական ու հարազատ դարձած ֆրանսիական բարեհունչ «մերսիների», աստիճանաբար մեծանում է։
Ստացվում է, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը ինչ-որ առումով արդեն ստեղծել է իր «ինտեգրացիոն տարածքը», որը ընդլայնվում է ոչ թե օտար լեզվամշակույթների յուրացման, այլ պարզունակ կապկումների միջոցով։ Պատկերացնել միայն կարելի է, թե ինչ է տեղի ունենալու մեր լեզվամտածողության ասպարեզում, երբ փողոցի լեզվի այս անսանձ տարածումն ու ծաղկումը բախվի օտար լեզուների ավելի ինտենսիվ յուրացման հրամայականին։
Պետությունը բարձր է դասակարգից, ուստի նա ոչ միայն իրավասու է, այլեւ պարտավոր է սահմանել լեզվական մշակույթի այնպիսի նորմեր, որոնցից շեղվելու փորձերը պետք է դատապարտվեն հասարակության կրթված մասի կողմից եւ կարիերա ու պաշտոն «արժենան» շեղվողների համար։ Հայոց գրական լեզվին հրաշալիորեն տիրապետելը հարկ է վերածել լեզվական ու նաեւ քաղաքական մշակույթի լրջագույն բաղադրատարրի, ինչը կհարվածի ոչ միայն ներկա «երեւաներենին», այլեւ անխուսափելիորեն կբարձրացնի իշխողների ու նրանց միջոցով ողջ հասարակության քաղաքական մակարդակը։
Հակառակ պարագայում լեզվական քաղաքականության արատներն իրենք կստեղծեն ոչ միայն նոր «լեզվամշակույթ», այլեւ կհանգեցնեն դրանից զատվելու գործը պատվի խնդիր համարող ինտելեկտուալների օտարացմանն ու խորթացմանը՝ աստիճանաբար գավառամիտ «ապերոների» մշակույթի հետ նույնացող հայաստանյան իրականությունից։


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն