Գլխավոր » Genocide, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն

ՕԲԱՄԱՆ ՆԱՀԱՆՋԵՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

Մայիս 14, 2013թ. 09:37

Bible Beside Judges Chair in CourtԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Օրերս ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը դիմել էր ԱՄՆ Գերագույն դատարանին` 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. ընդունած որոշումը չքննարկելու հորդորով, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցերի վաղեմության ժամկետի երկարացմանը: Հիշեցնենք, որ որոշումը միաձայն ընդունվել էր Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմնի կողմից:

Այս գործն իրավական բարդ ճանապարհ է անցել, ներառելով նաեւ 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված երեք հակասական կարծիքներ: Եվ վերջին` 2012թ. փետրվարի 23-ի որոշմամբ, դատարանը տեղի տալով Թուրքիայի կառավարության ճնշումներին, անվավեր հայտարարեց Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ընդունած որոշումը:
Այսօր արդեն արդարադատության միջոցով սեփական իրավունքները վերահաստատելու հայության արդարացի պահանջի դեմ բացահայտ պայքարի է դուրս եկել ԱՄՆ կառավարությունը` ձախողելու երկրի Գերագույն դատարանի կողմից սույն որոշման քննությունը:

Օբամայի վարչակազմի աննախադեպ պահվածքը ամերիկահայերը արդարացիորեն բնութագրեցին «վարչակազմի մեղսակցություն Հայոց ցեղասպանության ուրացման հարցում» եւ հայտնի փաստերը մոռացության մատնելու հստակ նպատակադրում, այն է` նախ, անտեսել ԱՄՆ կառավարության կողմից 1951թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, եւ երկրորդ, մոռացության մատնել նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ. ապրիլի 22-ի հայտարարությունը, ուր նա մեկ անգամ եւս վերահաստատում է իր երկրի դիրքորոշումը` ասելով. «Հայոց ցեղասպանությունը, ինչպեսեւ կամբոջացիների ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, երբեք չպետք է մոռացվեն»:

Ինչո՞ւ Օբամայի քայլը համարվեց աննախադեպ:
Ակնհայտ է, որ ժողովրդավարական երկիր հռչակված Միացյալ Նահանգների նախագահն ի ցույց է դրել իր երկակի ստանդարտների քաղաքականությունը, որ հարկ եղած դեպքում կարող է միջամտել երկրի դատական իշխանությունների գործերին: «ԱՄՆ-ում հստակ տարանջատված են դատական եւ քաղաքական իշխանությունների գործառույթները, ԱՄՆ պրակտիկայում, սահմանադրական մշակույթում երբեւէ չի եղել այսպիսի դեպք, որ երկրի նախագահը նման բիրտ եղանակով միջամտի արդարադատության հարցերին` դատարանների գործունեությունը: Դա հարիր չէ ժողովրդավարական երկրի նախագահին, դա աննախադեպ քայլ է»,- միջազգայնագետ, իրավաբան ՎՈԼՈԴՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՄՆ նախագահի գործելաոճից զարմացած, հակված է կարծելու, թե ինչ-որ թյուրիմացություն կա, գուցե տեղեկատվությո՞ւնը չի համապատասխանում իրականությանը:

«Իմ ձեռքի տակ չկա Օբամայի հայտարարության բուն տեքստը, գուցե նրա ինչ-որ ելույթից պոկված մի կտո՞ր է: Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահին բնորոշ գործելաոճ չէ դատական իշխանության գործունեությանը միջամտելն ու կոչ անել դատարանին` չքննել այս կամ այն որոշումը»:
Գերագույն դատարանին ուղղված նախագահ Օբամայի դիմումն այլ բան չի նշանակում, քան իր քաղաքացիների` դատարանների միջոցով փոխհատուցում ստանալու իրավունքի ակնհայտ խոչընդոտում:

Կասկածի տակ չդնելով տեղեկատվության ճշմարտացիությունը, թուրքագետ ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, սակայն, համոզված է, որ այս ամենը հետեւանք է ԱՄՆ արտաքին քաղաքականության, որում վերստին մեծ նշանակություն է տրվում Թուրքիային: Հետեւաբար Օբամայի հայտարարության պատճառը պետք է փնտրել «չնեղացնել Թուրքիային» տրամաբանության մեջ. «Չնայած իր նախագահության առաջին շրջանում Օբաման փորձեց Մերձավոր Արեւելքում նոր քաղաքականություն իրականացնել, սակայն պաշտոնավարման երկրորդ շրջանից սկսեց հեռանալ որդեգրած քաղաքականությունից՝ վերադառնալով ավանդական ամերիկյան քաղաքականությանը, այն է` Մերձավոր Արեւելքում խնդիրները լուծել միայն ուժի գործադրմամբ»:

Եվ այսօր, երբ պարզորոշ է դառնում ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության ձախողումը, Օբամայի վարչակարգը վերստին դիմում է իր նախորդի` Հանրապետական վարչակարգի կոշտ մեթոդներին: Իսկ դրա կիրառման համար, ըստ թուրքագետի, Միացյալ Նահանգների լավագույն հենարանները նրա ավանդական դաշնակիցներն են` Իսրայելն ու Թուրքիան: «Այնպես որ, Օբամայի վարչակարգը քաղաքական հաշվարկներում կարեւորելով Թուրքիայի դերը, Հայոց ցեղասպանության առնչությամբ դիմեց իրեն վարկաբեկող հերթական քայլին»:
Օբամայի վարչակազմի նման պահվածքը ամերիկահայերը եւս արդարացիորեն բնորոշեցին Թուրքիային մատուցված քաղաքական նվեր` ԱՄՆ-Թուրքիա ղեկավարների հանդիպման նախաշեմին: Փաստորեն մերձավորարեւելյան իրադարձությունների սրացման ֆոնի վրա ԱՄՆ-ը հերթական ռեւերանսն արեց Թուրքիային` ի հաշիվ Հայոց ցեղասպանության:

Տարիներ առաջ ամերիկահայությունը համոզված էր, որ Ռոնալդ Ռեյգանից հետո Օբաման կարող է լինել ԱՄՆ այն նախագահը, որը կօգտագործի ցեղասպանություն եզրույթը: Դրանում համոզված էին ոչ միայն հայկական լոբբիստական կազմակերպությունները, այն չէին բացառում անգամ թուրքերը: Սակայն ամերիկահայության հույսերն ի դերեւ ելան. իր պաշտոնավարման առաջին շրջանից սկսած, ամեն ապրիլի 24-ից առաջ, Բարաք Օբաման Սպիտակ տան իր աշխատակազմին նույն հրահանգն է տալիս` «քրքրել բառարանները» ու հայտնաբերել Հայոց ցեղասպանությունը բնութագրող տարբեր բառեր, միայն թե հնարավոր լինի խուսափել «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:
Եվ իհարկե, գտնվեցին մի քանի տասնյակի հասնող հոմանիշներ, վերջին փորձը «Մեծ Եղեռն»-ի օգտագործումն էր, ընդ որում, այն հնչեց հայերեն, իսկ անգլերեն չթարգմանելու նպատակը շատ պարզ էր` հայերից բացի ոչ ոք չէր հասկանա, թե ինչի մասին է խոսում Օբաման:

Ամերիկահայությունը վրդովված է` Օբաման բազմիցս է խոստացել, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ դառնալով ոչ միայն շարունակում է թաքնվել վիրավորական հայտարարությունների հետեւում, այլեւ հիմա էլ Գերագույն դատարան ներկայացրած 27 էջանոց փաստաթղթում Հայոց ցեղասպանությունը բնութագրում է որպես «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կատարված վիճահարույց քաղաքական իրադարձություն»:

«Օբաման վաղուց էր ուզում ձերբազատվել Հայոց ցեղասպանության փաստին ուղիղ նայելուց»,- ասում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ու սույն ձեւակերպումը մեկնաբանում թուրքական դիրքորոշումների համատեքստում: «Օբաման ջուր է լցնում թուրքական ջրաղացին, որը վաղուց ուզում է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող քննարկումները ներկայացնել որպես վիճահարույց փաստ եւ այն տեղափոխել պատմական հարթություն: Մյուս կողմից՝ Օբաման հակասեց ինքն իրեն եւ զուտ իրավական դաշտում գտնվող խնդիրը կապեց քաղաքականության հետ»:
Այսպիսով, խոչընդոտելով ԱՄՆ դատարանների միջոցով փոխհատուցում ստանալու ամերիկահայերի իրավական արդար պահանջին, նախագահ Օբաման ի ցույց դրեց Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ վարչախմբի իրական քաղաքականությունը` թույլ չտալ հայությանը իր ներուժն ու ջանքերն ուղղել հայոց պահանջատիրությունը միջազգային իրավական հարթություն տեղափոխելուն, ավելին՝ այն մշտապես պահել քաղաքականության տիրույթում՝ հարկ եղած դեպքում իբրեւ խաղաքարտ օգտագործելու նպատակով:
Ի՞նչ զարգացումներ են սպասվում, հնարավո՞ր է, որ երկրի նախագահի նման դիրքորոշումը վճռորոշ դառնա, ու ամերիկյան դատարանները հետայսու հրաժարվեն Ցեղասպանության ժառանգների փոխհատուցման դիմումները քննելուց:

Անուշ Հովհաննիսյանի համոզմամբ, Օբամայի հայտարարությամբ խնդիրը չի կարող փակված համարվել, քանի որ ԱՄՆ իրավական համակարգը ճկուն է եւ հնարավորություն կտա շարունակել գործընթացը: Բայց թուրքագետը միաժամանակ կարծում է, որ ամեն անգամ, երբ այս հարցը բարձրանա, թուրքերը կսկսեն որոշակի ճնշումներ գործադրել, իսկ Օբամայի վարչակարգը կփորձի քաղաքական լծակներ գործի դնելով՝ ազդել իրավական գործընթացների վրա:
Այդուհանդերձ ամերիկահայերն ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը վճռական են տրամադրված. «Մենք, չնայած իր սկզբունքներից նախագահի հրաժարմանը, շարունակելու ենք համառություն դրսեւորել արդարության հասնելու համար»:

Հույս է ներշնչում նաեւ այն, որ վարչակազմի դիմումը դեռ պետք է քննարկվի փորձագետների կողմից, իսկ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տեղեկատվության համաձայն, փորձագետների մեջ քիչ չեն այնպիսիք, ովքեր պաշտպանում են Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության փոխհատուցման մասին կալիֆոռնիական օրենքը:


Դիտել Genocide, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն