Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ԻՆՉՈ՞Ւ ՀՀՇ ԱՆՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԶԶՎԵԼԻ

Մայիս 19, 2013թ. 22:23

Վերջերս որոշակի աշխուժություն է նկատվում «Հայոց համազգային շարժում» անվան առնչությամբ: Հենց լուծարված ՀՀՇ-ի ներսում:
Բայց շարժումը շարժվում է տարբեր ուղղություններով: Նախ Լ.Տեր-Պետրոսյանը այն մտցրեց ՀԱԿ-ի մեջ, հետո, իր արտահայտությամբ, «գեղի կլուբը» կազմաքանդեց, հետո ստեղծվեց ՀԱԿԿ-ն:
«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը տեղի ունեցածը մեկնաբանեց այսպես.
«Իրենց քայլը հիմնավորելու համար ասացին, որ կոնգրեսում հավաքվել են ներուժ ունեցող երիտասարդներ, քաղաքական ուժեր, բայց նրանք զզվում են ՀՀՇ անունից, եւ դրա համար պետք է մի նոր բան ձեւավորել: «Նոր բանը» հրաժարումն էր ՀՀՇ անունից»:
Բայց անվանափոխությունը դեռ չի նշանակում բովանդակության փոփոխություն: Հետաքրքիրն այն է, թե ինչու սիրելի ՀՀՇ անվանումը հանկարծ դարձավ զզվելի: Ընդհանրապես զզվում են վատ բաներից, մանավանդ եթե դրանք արթնացնում են անցանկալի հիշողություններ:
Այդպիսիք իսկապես կան: Անկախության առաջին տարիներին արդեն` Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երեւաց ժողովրդին կազմակերպված խաբելու այն շղթան, որի միայն առանձին օղակներ են դեռեւս անորոշ ու մշուշապատ: Մեզ ինչ խոստացավ ՀՀՇ-ն, եւ ինչի ականատես եղանք: Ելման նպատակի ու տրամագծորեն հակառակ հանգրվանի հունով էլ ձեւավորվեց խաբվածության մեր վերջնական զգացումը:
Դեռ այսօր էլ որոշ գործիչների համար մի տեսակ մոդա է մեր ողջ պատմության վրա բոլշեւիկյան մոլեռանդությամբ խաչ քաշելն ու մեր գոյությունը 88-ից սկզբնավորելը: Հոգեւոր խեղճության առումով լիովին հասկանալի ընդհանրություն է: 88-ի չտեսնված միասնություն, միակամություն, ոգու արթնացում, արմատի վերհիշում եղել է, այո, բայց առանց շարունակության: Եղել է որպես բռնկում ու ավարտվել: Ավարտվել է, որովհետեւ վերոհիշյալ արժեքները այդուհետ պետականորեն ժխտվեցին ու մնացին միայն որպես կարգախոս ու կոչ:
88-ը մնալու է որպես ազգի հոգեւոր, բարոյական արժեք, բայց ոչ որպես պետական գոյաձեւ ու պատմություն այդ առումով: Որովհետեւ այն պետությունը, որ պիտի տրամաբանորեն բխեր ազգային վերելքից ու իր գերագույն նպատակը տեսներ իրոք ազգային պետականություն ստեղծելու, ժողովրդի ծառան ու նրա պաշտպանը լինելու, համազգային միասնությունն արդեն պետականորեն ապահովելու մեջ, կայացավ միայն մեր պատկերացումներում, մեր երեւակայության մեջ:
Իսկ իրականում մեր խանդավառ ու մշուշված հայացքների առջեւ մարդիկ, որոնք վաղուց գլուխ գլխի որոշել էին իրենց անելիքը, համաժողովրդական ընդվզումի ալիքին հեծած, իշխանություն էին գրավում: Իրականում մի իշխանությունը փոխարինվում է մի ուրիշով: Ուրիշ ոչինչ:
Հիշու՞մ եք` պայքար, պայքար մինչեւ վերջ: Այդ վերջը, ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, ՀՀՇ-ի իշխանության գալն էր: Ոմանք զայրանում են այս հիշեցումից, բայց ժամանակը բավարար էր գոնե ապացուցելու համար ժողովրդին իրենց անկաշառ նվիրվածությունը սոցիալական արդարության սկզբունքներին: Կատարվեց ճիշտ հակառակը. հովանավորչությունն ու կաշառակերությունն այնպիսի թափ ստացան, որի մասին չէր երազի ոչ մի բոլշեւիկ:
Այսօր ոմանք, պատմական իրադարձությունների մակերեսին լող տալով, սիրում են աղաղակել, թե մի խումբ ընտրյալների հմուտ ղեկավարության շնորհիվ միայն մենք կարողացանք նվաճել մեր անկախությունը:
Այդպիսի բան չկա: Ապացո՞ւյց. ցույց տվեք իր անկախության համար չպայքարած նախկին խորհրդային մի հանրապետություն, որը չի ճանաչվել որպես անկախ պետություն: Եթե կայսրությունը չփլուզվեր, Հայաստանի անկախությունը երազանքների ոլորտից դուրս չէր գալու: Եվ փառք նախախնամությանը, որ չարիքը վերացրեց, եւ մենք անկախություն ստացանք: Այո, ստացանք:
Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները չէին, որ հայ ժողովրդին դուրս բերեցին անկախ գոյության ուղի: Հիշենք նաեւ Արցախյան ազատամարտի ընթացքում մեր «հարձակողական» անպաշտպանության մասին նախագահական դրույթները: Թե երբ է անպաշտպանվածությունը եղել որեւէ ժողովրդի պաշտպանություն, միայն Աստծուն է հայտնի: Այն էլ մեր պարագայում, այն էլ պատերազմական դրության մեջ:
Եվ համաշխարհային պատմական իրադարձությունները, պատմության շրջանիվը սեփական երիվար ներկայացնելու փորձերը, մեղմ ասած, ազնիվ չեն: Բայց այս մասին այսօր էլ խոսում են ՀՀՇ-ի վերակենդանացում նախաձեռնած գործիչները, ըստ որոնց, ՀՀՇ-ն ազգային հարստություն է եւ պիտի պահպանվի:
Անշուշտ, իրենց գործն է, եւ ամեն մարդ ունի իր տեսակետը պատմական իրադարձությունները գնահատելիս: Բայց մեր իրականության մեջ ազգային հարստություններն այնքան էլ լավ չեն պահպանվում: Օրինակ` Փակ շուկան: Չպիտի մոռանալ նաեւ «ներուժ ունեցող այն երիտասարդներին ու քաղաքական ուժերին, որոնք զզվում են ՀՀՇ անունից»:
Օրերս էլ տեղեկացանք, որ երկու ամիս առաջ գրանցվել է նաեւ ՀՀՇ անունով հասարակական կազմակերպություն: Այդ կազմակերպության նախագահ Վ.Հայոցյանն էլ հաղորդագրություն է տարածել եւ խնդրել, որ լրատվամիջոցները «Հայոց համազգային շարժում» անվանումը եւ խորհրդանիշն օգտագործեն միայն իրենց կազմակերպությանն անդրադառնալիս:
Ասել կուզի` մոտ ապագայում ունենալու ենք արդեն երկու ազգային հարստություն, որոնք պահպանելն ավելի դժվար է լինելու:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն