ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթով ազդարարվեց հայաստանյան վեցամսյա գերակայության սկիզբը համաեվրոպական տիրույթում. մեր երկիրը ստանձնեց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 13-ը: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ։
-Ի՞նչ եք կարծում, որո՞նք կլինեն առաջիկա 6 ամիսների օրակարգային գերակայությունները:
-Հայաստանի Հանրապետությունն իր առաջին նախագահությունը սկսում է բավականաչափ լավ պատրաստված: Մենք ներկայանում ենք հագեցած ու հետաքրքիր օրակարգով ու նախեւառաջ ջանալու ենք առաջիկա վեց ամիսների ընթացքում այդ միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ մեր երկրին վստահված նախագահությունը արդյունավետ ու նպատակային վարել:
Նախարարների կոմիտեում մեր նախագահությունը կարեւորելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված գործողություններն ու ծրագրերը, օրենքի գերակայության ապահովմանն ուղղված քայլերը, մշակութային երկխոսության խթանումը, ժողովրդավարական հաստատությունների զարգացումը, տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովդավարական պրոցեսների խորացման, կայուն եւ համաչափ զարգացման անհրաժեշտությունները, կրթական միասնական մոտեցումների ու չափորոշիչների ապահովումը եւ այլն:
-Մեկ ամիս առաջ Հայաստան այցելած ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Յագլանդն ընդգծեց, որ Հայաստանի նախագահության շրջանը շատ կարեւոր է լինելու ԵԽ-ի համար։ Սա նշանակում է, որ ճգնաժամ ապրող Եվրոպան նաեւ լուրջ ակնկալիքներ ունի հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդներից:
-Մշակութային ու քաղաքակրթական չափումներով մենք միշտ էլ ասելիք ունեցել ենք համաշխարհային հանրության առջեւ: Քրիստոնեական եւ նախաքրիստոնեական պատմամշակութային խոշոր ժառանգություն ու հոգեւոր արժեքներ ունեցող, թեկուզեւ փոքր սահմաններով Հայաստանն այսօր առավել քան գործնական ու նպատակային ընդգրկվածություն ունի միջազգային հարաբերություններում: Մենք ունենք հիմնահարցեր, որոնք դիտարկվում են որպես տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության օբյեկտներ:
Եվրոպայի խորհրդում էլ մենք առաջ ենք քաշում հարցեր, որոնք այսօր ունեն համաեվրոպական նշանակություն ու հրատապ են շատ հասարակությունների համար:
-ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը չի բարձրացնելու իր նախագահության ժամանակ: Կան կարծիքներ, որ սա ճիշտ մոտեցում չէ, մանավանդ Ադրբեջանի ֆոնի վրա` չկա մի հարթակ, որ վերջինս չծառայեցնի սեփական քարոզչությանը:
-Մենք մեր արեւելքցի հարեւանից տարբերվում ենք նաեւ նրանով, որ միջազգային հարթակները անհարկի չենք չարաշահում, չենք շահարկում, չենք շահագործում կամ, ժողովրդական լեզվով ասած, չենք զզվեցնեում տվյալ լսարանին չվերաբերող խնդիրներով: Հետեւաբար այս հարթակը մենք չենք դիտում հնարավորություն միայն սեփական խնդիրները վեր հանելու համար, այլ հնարավորություն Հայաստանի Հանրապետության ներուժը, քաղաքական միտքը միջազգային հարթակներում ներկայացնելու եւ միջազգային օրակարգեր ձեւավորելու համար:
Բնականաբար ուշադրության հիմնական առանցք է լինելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական եւ այլատյացության հռետորաբանությունը, ինչը լայնորեն իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս խնդիրների քննարկումը որեւէ կերպ դրական ազդեցություն կունենա Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա:
-Կա մտավախություն, որ կառույցում մեր նախագահությունը կարող է վերածվել Ադրբեջանի հարձակումներին պատասխանելու գործընթացի:
-Անկախ միջազգային կառույցներում մեր ունեցած կարգավիճակից ու ստանձնած պարտավորություններից, մեր երկիրը միշտ է համարժեք արձագանքել ադրբեջանական սադրանքներին ու քաղաքական ինտրիգներին:
Առավել քան վստահ եմ, որ երբ մեկ տարի հետո Ադրբեջանը այբբենական կարգով ստանձնի կոմիտեի նախագահությունը (եթե իհարկե Ալիեւի սուլթանատը մինչ այդ վերջնականապես չսպանի ժողովրդավարության բոլոր հույսերն այդ երկրում), նրանց օրակարգը էականորեն տարբերվելու է մեր օրակարգից: Իրենց հարիր ձեռագրով ադրբեջանցիները եվրոպական խորհրդի օրակարգերը կծանրաբեռնեն հակահայկական հիստերիայի ցուցադրությամբ:
-Այնուհանդերձ ընձեռվել է կարեւոր հարցեր բարձրացնելու լավ հնարավորություն: Կոմիտեի գործառույթն է հետեւել, որ անդամ երկրները հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այս առումով Հայաստանը ի՞նչ հնարավոր քայլեր կարող է իրականացնել՝ կանխելու Ադրբեջանի, Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների` համամարդկային արժեքների ոչնչացումը:
-Տարբեր երկրներում մեր մշակութային ժառանգության պահպանումը մեր կարեւոր խնդիրներից մեկն է: Բնականաբար հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի մի մասնիկն է, ու նրա պահպանումը ԵԽ-ում կբարձրացվի որպես համաեվրոպական օրակարգային հարց: Չնայած նախկինում եւս այս խնդիրները պարբերաբար ներկայացվել են, դրանք նորովի կներկայացվեն նաեւ նախագահության ընթացքում՝ ընձեռված հնարավորությունների ու նախատեսված միջոցառումների ընթացքում:
-Աշխարհի անվտանգության տեսանկյունից ռասիզմն ու քսենոֆոբիան մտահոգիչ երեւույթներ են: Այս իմաստով Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը լրջագույն վտանգ է մեր տարածաշրջանի համար: Պայքարն այս երեւույթների դեմ ներառվա՞ծ է հայաստանյան օրակարգում:
-Ռասիզմի, այլատյացության դեմ պայքարի անհրաժեշտությունը մեր օրակարգում է, եւ առհասարակ, աշխարհի կողմից մերժելի բոլոր նման երեւույթները պետք է լինեն մշտական ուշադրության կենտրոնում:
Բացի դրանից պետք է շարունակել պայքարը նաեւ այն բռնաճնշումների դեմ, որոնցից տուժում են լրագրողները, քաղաքական, հասարակական գործիչները, գրողները, հրապարակախոսները: Ցանկացած բնույթի ատելության քարոզչությունը պետք է դադարեցվի, որովհետեւ այն նպաստում է հակամարտությունների սրացմանը: Մինչդեռ դրանց լուծմանը հնարավոր է հասնել միայն փոխադարձ վստահության մթնոլորտում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












