Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

«ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ» ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՍԽԱԼ Է

Մայիս 19, 2013թ. 22:31

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

-Ինչո՞ւ ձեզ չէր հիասթափեցնում Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը հենց նրա իշխանության տարիներին: Բողոքում եք ներկայիս արտագաղթից, եւ արդարացի եք, բայց ինչո՞ւ չեք հիշում Տեր-Պետրոսյանի նախագահ եղած տարիների ասած խոսքը` Հայաստանը կարող է կերակրել ընդամենը 800 000 մարդու:
-Այս մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում եւ ուզում եմ տեսնել աղբյուրը:
-Աղբյուրը ժամանակի թերթերն են` արխիվում, որոնք արձանագրեցին. սա հայատյաց ծրագիր է: Ի դեպ, ի՞նչ կասեք այն մասին, որ սկսած 2008-ից Տեր-Պետրոսյանի անվան կողքին հայտնվեց «հաղթանակած նախագահ» ձեւակերպումը, անգամ Շուշիի հաղթանակը նրան վերագրվեց:
-Ի՞նչ հաղթանակած նախագահի մասին է խոսքը: Իմ պատասխանն այս հարցին հետեւյալն է. իր նախագահության օրոք են եղել մեր փառահեղ հաղթանակները, ով էլ լիներ նախագահ, դուք, ես թե մեկ ուրիշը, գրանցված հաղթանակները միայն պատիվ կբերեին նրան:
-Բայց պատիվ չի բերում փաստերի աղավաղումն ու մեր հերոսների արյամբ ձեռք բերածը մեկ անձին վերագրելու ակնհայտ միտումը:
-Նախ, չգիտեմ ովքեր են նման անհարկի բնութագրումներ արել, թե նա հաղթանակած կամ հաղթած նախագահ է։ Իհարկե, շատ տհաճ էր, երբ շրջանառության մեջ դրվեց նաեւ «հիմնադիր նախագահ» ձեւակերպումը: Սա եւս սխալ է, դրանից նույնիսկ անձնապաշտության հոտ է գալիս։
Ինչո՞ւ, որովհետեւ եթե խոսքը Հայաստանի Հանրապետության հիմնադրման մասին է, ապա միակ հիմնադիրը Գերագույն խորհուրդն է, որը համապատասխան ակտով նշանակեց Անկախության հանրաքվե եւ հռչակեց ՀՀ անկախությունը:
-Օրերս Վազգեն Մանուկյանն ասաց, թե Տեր-Պետրոսյանի «ռազմական հաղթանակների» մասին առաջին անգամ խոսվեց 2008-ին, երբ նա վերադարձավ քաղաքականություն: Կեղծ հերոսացման գործընթացին վրդովված հակադարձեցին իսկական հերոսները` Արկադի Տեր-Թադեւոսյանը, Արկադի Կարապետյանը, հայտարարելով՝ հաղթանակած ժողովրդի հետ գործ ունենք, ոչ թե հաղթանակած նախագահի, ավելին՝ Տեր-Պետրոսյանը խոչընդոտել է Շուշիի ազատագրմանը:
-Ասեմ, որ Ղարաբաղյան պատերազմը պահանջել է մեզանից ահռելի նյութական, մարդկային ռեսուրսներ, որոնք չէին կարող ապահովել առանձին խմբեր: Դա կարող էր անել միայն պետությունը, եւ այդ պետությունն այդ ժամանակ ղեկավարում էր Տեր-Պետրոսյանը:
-Քաղաքական վերնախավում կային մարդիկ, որոնք կտրականապես դեմ գնալով Տեր-Պետրոսյանին, հոգում էին այդ հարցերը:
-Արցախում կռվող ջոկատները, պատերազմը ղեկավարող անձինք, Ղարաբաղի իշխանությունները միշտ էլ եղել են շատ ավելի ռադիկալ, քան Հայաստանի իշխանությունը: Եվ դա բնական է, որովհետեւ նրանք էին գտնվում գերտերությունների ճնշման տակ:
-Ազգային հերոս Վարդան Դուշմանը, որ մինչ Շուշիի ազատագրումը մի քանի օրով եկել էր Երեւան, վրդովված ձեռքը խփեց սեղանին ու ասաց. «ՀՀՇ-ն զբաղված է աթոռակռվով ու թալանով, բայց մեր իսկական, հանուն ազգի կռիվը Արցախում է, ես մեկ վայրկյան չեմ կարող մնալ Երեւանում»: Սա էր ՀՀՇ իշխանությունների տարիների իրականությունը։
-Բայց նույն ժամանակ ՀՀՇ-ականներն էլ էին գնում ու կռվում Արցախում: Ինչ վերաբերում է աթոռակռվին, համաձայն չեմ, որովհետեւ ՀՀՇ-ն արդեն եկել էր իշխանության, ու աթոռակռիվ չէր կարող լինել:


ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն