ԴՐՍԻ ՊԱՏՎԵՐՆ ԷԼ ԿԱ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԷԼ ԿԱՆ
Արդեն տարիներ ի վեր, ավելի ստույգ, 90-ականների սկզբից, մեզանում սկսեցին արմատավորել շարքային ժողովուրդ լինելու մտայնություն: Այսինքն՝ մենք ոչ մեկից ավելի չենք, ազգային նկարագրի առումով որեւէ առավելություն չունենք:
Իսկ պետական քաղաքականությունը բերեց-հանգեցրեց նրան, որ մենք ընդամենը պետք է գոյատեւենք, մինչեւ Հայաստան զբոսաշրջիկ գա, որ սպասարկենք: Ոչ պատմություն կա, ոչ պատմական հիշողություն. «աֆիցիանտների» ցեղ ենք, այսինքն:
Այս քաղաքականության դրդապատճառները ենթադրելի էին դեռ այն ժամանակ, բայց կասկած կար գոնե, որ ընդամենը տեղի է ունենում նոր ղեկավարության իշխանավարության սխալ: Հետագա տարիները ցույց տվեցին սակայն, որ Հայաստանում, այո, դրսից ուղղորդվող բազմաթիվ գործընթացներ են ծավալվում:
Սրան հակառակ, մամուլում շարունակում են հաճախադեպ դառնալ այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինչ-որ իրադարձություն «դրսի» պատվեր համարելը փոքր ազգին բնորոշ բարդույթ է: Ասել կուզի` պատվեր չկա, հրեա-մասոնական պատվեր կատարող «յան» ազգանունով մարդիկ էլ չկան. մեղավոր ենք մենք:
Մենք անշուշտ մեղավոր ենք. մանավանդ իրենք: Բայց պատվերն էլ կա, կատարողներն էլ կան: Հայաստանում քանի՞ հազար կազմակերպություն ու նախաձեռնություն կա, եւ դրանցից քանի՞սն են ֆինանսավորվում արտասահմանյան տարատեսակ հոգեւոր կլինիկաներից: Դրանց գործունեության հետեւանքները հո տեսնում ենք: Նաեւ մամուլում ու հեռուստատեսությամբ:
Թաքնված «գործիչներ» կան, որոնց միակ անելիքը մեր պատմությունը վարկաբեկելն է: Երբեմն նայեք ադրբեջանական մամուլը եւ սրանցից մեջբերումները:
Տարիներ առաջ Ուկրաինայի քաղաքական համակարգը քանդեցին հենց այդպիսի կազմակերպությունների միջոցով, այսինքն՝ հասարակությունը տրոհելով: Իսկ ազգային միատարրության առումով Հայաստանը այս տարածաշրջանի «ամենավտանգավոր» երկիրն է, եւ մեր ժողովրդի հոգեւոր պառակտման նպատակը թելադրված է միայն «դրսից», քանի որ պառակտված հասարակության միակ դերը ստրկությունն է:
Այսինքն՝ բոլորիս նպատակը ոչ թե կազմալուծելն է խղճի ազատության մասին տխմարագույն հեքիաթներով, այլ միավորելով, ոգի բարձրացնելով: Այն էլ այս պայմաններում:
Հարց տանք` այս տարատեսակ ու երկիր քանդող աղանդները ներմուծված չե՞ն, ֆինանսավորող չկա՞: Բանը հասել է նրան, որ արդեն սրանք հարձակվում են Հայ Եկեղեցու վրա, կառուցում ամենամեծ դահլիճները եւ կամաց-կամաց գրավում իրավական դաշտը: Մե՞նք ենք ուղղորդում սրանց գործողությունները:
Եվրոպական արժեքների կարեւորությունը հասկացանք, ընդունեցինք, ժողովրդավարության համար էլ մեռած ենք ու մեռած: Բայց մենք մարդու իրավունքներ չունե՞նք: Աղանդավոր զոմբիների հարեւանություն չենք ուզում. մեր երեխաներն էլ նորմալ ապագա են ուզում:
Տեսեք. ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոն հրապարակել է աշխարհի 199 երկրներում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ այս տարվա զեկույցը, ըստ որի, Հայաստանից շարունակել են հաղորդագրություններ ստացվել կրոնական ազատության իրավունքի խախտումների վերաբերյալ:
Բայց ինչն է սահմռկեցուցիչը. «Հուլիս ամսին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը հանրակրթական դպրոցներում Հայ Առաքելական եկեղեցու պատմության վերաբերյալ զեկույց հրապարակեց, որում նշվում է, որ «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի ու դասագրքի հիմքում ընկած է եկեղեցու հավատքը, ոչ թե եկեղեցու պատմությունը:
Այդ զեկույցի համաձայն, այդ առարկայի դասերի ժամանակ հնչել են կրոնական քարոզներ, ինչպես նաեւ ատելություն է սերմանվել կրոնական այլ կազմակերպությունների նկատմամբ: Զեկույցում ներառված են հանրակրթական դպրոցների տնօրենների եւ այդ առարկան դասավանդող ուսուցիչների հետ հարցազրույցներ: Նրանց մի մասը նշել է, որ դասընթացի նպատակը աշակերտներին իսկական քրիստոնյա մեծացնելն է, նրանց աղանդներից հեռու պահելը, նրանց Հայ առաքելական եկեղեցուն մոտ կանգնեցնելն ու ուսուցանելը, որ այլ կրոնները պառակտում են ազգը»:
Հասկացա՞ք մանկավարժների մահացու սխալը. համարձակվել են ասել՝ հեռու մնացեք աղանդներից, դրանք պառակտում են ազգը: Լավ են արել՝ ասել են, բա ի՞նչ պիտի ասեին: Այսինքն՝ մենք դադարում ենք նաեւ մեր դպրոցի տերը լինելուց, հայ երեխային քրիստոնյա մեծացնելու հնարավորությունից, քանի որ դա կարող է դուր չգալ Պետքարտուղարության ինչ-որ հանձնաժողովի:
Լավ, այդ Պետքարտուղարությունը հո վերին արդարադատությունը չէ՞, որին դուր գալու համար աղավաղենք մեր ազգային նկարագիրը: Դպրոցը մերն է, վերջապես, մենք ենք որոշելու մեր երեխաներին ուսուցանելու ինչն ու ինչպեսը:
Սա աղանդների քայքայիչ գործունեությունը ապահովելու պատվիրված ուղղորդում չէ՞:
Ամեն չափանիշ չէ, որ հարիր է մեզ:
Երկրներ կան, ուր կին ասելն էլ է համարվում մարդու իրավունքների ոտնահարում, որովհետեւ ամուսիններից ոչ մեկն էլ կին չէ:
Իսկ Մալեւիչի «Սեւ քառակուսի» հայտնի նկարը նույն ԱՄՆ-ում ցուցադրվել է երկար քաշքշուկից հետո, երբ վերջապես ըմբռնել են, որ ռասիստական ակնարկներ չի արտահայտում:
Իսկապես որ:













