ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Թող չափազանցություն չթվա, բայց վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է ժամանակակից միջազգային արժեհամակարգի «լակմուսի թուղթը»:
Հայտնի է, որ լակմուսի թուղթը թթվային միջավայրում պահպանում է իր կարմիր գույնը կամ ավելի է կարմրում, իսկ հիմնային միջավայրում կապույտ գույն է ստանում:
Ադրբեջանի պարագայում տարբերությունն այն է, որ երբ այս թուղթը մտցնում ենք միջազգային արժեհամակարգի հեղուկի մեջ, գույնը փոխում է այդ հեղուկը, որի չափորոշիչները մեզ համար հիմա օրենք են: Այսինքն՝ միջավայրը ոչ թթվային է, ոչ հիմնային. ինչ որ անկապ բաղադրություն ունի, որը պարբերաբար փոխվում է:
Գաղտնիք չէ, որ իրար գլխի հավաքած այդ տարածքը, որ հիմա մոտ հարյուր տարվա «վաղեմության» ֆեոդալական պետություն է, այս տարածաշրջանում հեգեմոնի ու առաջատարի դիրքեր գրավելու հավակնություններ ունի, որոնք հիմնված են մեն-միակ կարեւոր խաղաթղթի վրա` նավթ:
Այդ հումքը, որն, ասում են, սահմանափակ է, առայժմ մեծ գին ունի եւ դառնում է նավթադոլարներ: Դրանց վրա էլ հենց շինվում են այդ երկրի քաղաքականությունը, մշակույթը, պատմությունը, որովհետեւ ոչ առաջինը կա, ոչ երկրորդը, ոչ երրորդը: Այստեղ էլ օգնության է գալիս կաշառելու եւ գործերն առաջ տանելու չհնացող սովորությունը:
Ադրբեջանական պատմագողությունը նորություն չէ. դե, պետություն են, ուզում են պատմություն ունենալ: Եվ այդ պատմությունը պետական համառությամբ մաս-մաս ստեղծվում է հայոց պատմության կողոպուտի հաշվին, որին նախորդում է բնիկ ժողովրդին պատկանող տարածքների ամայացումը պատմական վկայություններից:
Հետո Բաքվում բացվում է ադրբեջանական «հնագույն մշակույթի» մասին պատմող մի հորինած թանգարան, որի բացմանը սրբազան կաշառքով «բերման են ենթարկվում» արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններ, հրավիրվում են գիտաժողովներ եւ այլն:
Որպես կաշառատվության թիրախ ընտրվում են միջազգային կազմակերպություններում հեղինակություն ունեցող գործիչներ, որոնք, սակայն, չունեն վիթխարի կաշառքներից հրաժարվելու ազնվություն: Կարեւորը քաղաքական ազնվության մասին կարգախոսներն են: Բայց այս առումով Ադրբեջանը իրոք դարձել է վտանգավոր: Եվ ոչ միայն տարածաշրջանում:
Այստեղ տեղին է հիշել դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական խմբերից մեկում` լիբերալ-դեմոկրատների դաշինքում, գերմանացի պատգամավոր Մարի Լուիս Բեթը բարձրացրել է միջազգային կառույցներում, հատկապես Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի կողմից պատգամավորներին կաշառելու հարցը: Գերմանացի պատգամավորը կոչ է արել լրջորեն զբաղվել այդ խնդրով, այլապես հետո ուշ է լինելու:
Անշուշտ ուշ է լինելու, քանի որ կաշառված Եվրոպան կորցնելու է իր արժեքները այլոց թելադրողի դերում: Դրանք այսօր էլ երերում են, իսկ փորձանքը մոտ է:
Ավելացնենք նաեւ արտասահմանյան հեղինակավոր պարբերականներից մեկի այն նկատումը, որ ադրբեջանական խավիարը Բրյուսելի կերակրացանկի մեջ է:
Ադրբեջանա-թուրքական նպատակը մեկն է` Արցախի զավթումը, եւ պետական ամբողջ մեքենան բոլոր ոլորտներում լծված է այս գործին: Արդեն իսկ հայտարարում են, որ երբ մեկ տարի հետո ստանձնեն ԵԽ նախարարների խորհրդի նախագահությունը, իրենց համար մեկ խնդիրը լինելու է «օկուպացված» Արցախի հարցը: Սա էլ քաղաքական բարոյականության չափի հարցն է:
Իսկ այս երկյակի ժամանակակից գերխնդիրը ադրբեջանա-թուրքական «սփյուռքի» կազմակերպումն է` ի հակադրություն հայկական Սփյուռքի: Եվ ոչինչ չի խնայվում միջազգային հանրությանը, ավելին՝ այդ հանրությանն ուղղորդող ատյաններին իրենցով անելու համար: Փաստորեն ժամանակակից մարդասիրական կարգախոսների վարագույրի հետեւում կաշառքն աշխատում է: Նայած չափին:
Անցած «Եվրատեսիլը» ձեզ օրինակ: Ադրբեջանը կաշառեց բոլորին եւ ամենուրեք, թվեր ասող հանձնաժողովներից մինչեւ ժյուրի: Հասան նույնիսկ Լիտվայի դպրոցները, բջջային ձրի հեռախոսներ բաժանեցին, որ զանգահարեն ու ձայն տան իրենց երգչին: Կաշառեցին նաեւ էն անփառունակին` Կիրկորովին, Ռուսաստանում PR կազմակերպելու համար:
Իսկ Ադրբեջանի եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Մամեդյարովը սկսեց երկար-բարակ հավաստիացնել, որ ռուսաստանցի երգչուհին Ադրբեջանից ստացել է տասը ձայն, որոնք անհայտ պատճառներով տեղ չեն հասել: Բայց ցեղական կլանի ղեկավարը հանձնարարել է պարզել եւ զեկուցել:
Կարծես «Եվրատեսիլն» ավելի կարեւոր բան էր, քան Բաքու-Նովոռոսիյսկ ձախողված նավթամուղը:












