ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ջորջիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտի փորձագետները ուսումնասիրել են, թե ինչպես են թունելներում տեղաշարժվում Solenopsis invicta մրջյունները: Գիտնականներին հետաքրքրել է նրանց տեղաշարժվելու ունակությունը մրջնաբների ամենադժվար հատվածներում:
Այս մրջյունները ստիպված են լինում հաղթահարել բազմաթիվ դժվարություններ նեղ միջանցքներով իրենց անցումների ժամանակ: Ի դեպ, դա անում են շատ քիչ տվյալներ ունենալով շրջապատի մասին: Ուշագրավ է, որ այս մրջյունները, խոչընդոտի հանդիպելով, սկզբում ընկնում են, հետո, վերադառնալով նախկին դիրքին, շրջանցում են խոչընդոտը:
Այս մրջյունների կյանքն ու վարքը մեզ հետաքրքրեցին հայ իրականության հետ ունեցած ակնառու ընդհանրությունների պատճառով:
Իմաստուն այս միջատները թերեւս մեզ հուշեն մեր հասարակական-պետական հետագա անելիքը:
Ներկայումս ինչո՞վ է զբաղված մեր հասարակության զգալի մասը. զբաղված է ամեն օր խոչընդոտների հանդիպելով եւ վայր ընկնելով: Աշխատավարձ են ստանում, մտնում են խանութ` սննդից ինչ-որ բան գնելու, դուրս գալիս խանութի շեմին պառկում են, թոշակ են ստանում, պառկում են, ոչ մեկն են ստանում, ոչ մյուսը` մեռածի հաշիվ են:
Ում հետ խոսում ես, այդ օրն արդեն ընկել է: Որովհետեւ դեռ լավ չի յուրացրել դրանք շրջանցելու արվեստը:
Բայց հային հատուկ է հնարամտությունը: Խոսքը ժողովրդի մասին է, քանի որ այդ առումով պետական շատ կառույցների հետ հույս կապելն անիմաստ է: Վերհիշեք ձեր արմատները եւ մինչեւ խոչընդոտի հանդիպելը մտածեք այն շրջանցելու ձեւերի մասին:
Խոչընդոտի հանդիպելու եւ վայր ընկնելու առումով աչքի է ընկնում հատկապես հայրենի կառավարությունը: Վերջերս դա դարձել է նրա գործունեության անմիջական բաղադրիչը:
Հանդիպելով գազի սակագնի խոչընդոտին` նա անմիջապես ընկավ. այնքան ուժեղ, որ մինչեւ հիմա նստած տեղից է խոսում սակագնի սուբսիդավորման եւ անապահով ընտանիքներին օժանդակելու մասին, ու քանի դեռ լրիվ ուշքի չի եկել, հստակ չի ասում, թե հասարակության անապահով 60 տոկոսի գազային հոգսերը ոնց է թեթեւացնելու: Այս մի խոչընդոտին դեռեւս մոտենում է ժողովուրդը, դեռ տեղ չի հասել:
Հաջորդ անգամ կառավարությունը` վարչապետի եւ գյուղնախարարի անմիջական մասնակցությամբ, վայր ընկավ կարկտահարության խոչընդոտի առջեւ, ուր տուժած գյուղացիներն արդեն պառկած էին` իրենց ծառերի հետ գիրկընդխառն: Կառավարությունը դարձյալ մի կերպ նստեց եւ խոստացավ ժամանակ ու հնարավորություն տալ, որ մյուսներն էլ նստեն ու հող մշակեն մինչեւ հաջորդ կարկուտ:
Կարկուտից չտուժած գյուղացիներն էլ զզվեցրին այգիները ջրելու համար ջուր ուզելով: Այս նեղ վիճակում, այն էլ նստած, կառավարությանը ջրի բացակայությունից բողոքելը առնվազն անբարո է: Հետո վերջապես հասկացան ու գնացին գյուղամեջ նստելու: Այսինքն՝ մեզանում դեռեւս չի ձեւավորվել «ընկած-հելածի» մշակույթ. դեռեւս «ընկած-նստածի» փուլում ենք:
Իսկապես, Solenopsis invicta մրջյուններից սովորելու շատ բան ունենք բոլոր մակարդակներում, քանի որ սրանք կարողանում են մութ միջանցքներով տեղաշարժվել` շատ քիչ բան իմանալով շրջապատի մասին, իսկ մեր ղեկավար շատ մրջյուններ այդ ունակությունից զուրկ են: Այսինքն՝ դարձյալ քիչ իմանալով միջավայրի մասին, որովհետեւ գիտեն միայն «օբյեկտների» տեղերը, լուսավոր միջանցքներում նույնիսկ չեն կարողանում կողմնորոշվել:
Օրինակ` կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ խորհրդարանի միջանցքներում տեղաշարժվող շատ պատգամավորներ այդպես էլ չհասկացան, թե ինչ է ուզում այդ ծրագիրը հայ ժողովրդից, եւ այդ քննարկմանը մասնակցեցին միայն պայծառ ապագայի մասին կարգախոսներով ու հայտարարություններով:
Եղան սրամիտ դիտարկումներ, որոնք ծիծաղ առաջացրին, եղան «օրենսդրական» վիրավորանքներ, եղան անհատական «նախաձեռնություններ»: Խմբակցությունների մրջնանոցներում էլ ինչ-որ տեղաշարժեր նկատվեցին:
Չիմացանք միայն մի բան. կառավարության` խոչընդոտներով լի անցումներից դուրս եկած այդ նոր ծրագիրը լա՞վն է, թե՞ վատը: Վաղը նոր խոչընդոտի չհանդիպենք ու մի ավելորդ անգամ վայր չընկնենք:
Ասենք նաեւ, որ գիտնականների ուսումնասիրած մրջյունները չեն խոսում, հայտարարություններ ու նիստեր չեն անում: Գործ են անում. ամեն մեկը, իր բեռը վերցրած, տանում է: Այսինքն՝ իրական մրջնանոցում մրջյունը բեռ է տանում, իսկ մարդկային մրջնանոցում տարբեր տրամաչափի մրջյուններ միայն բեռ են դառնում:
Մրջյուններն էլ, վերջապես, համայնք են եւ ապրում են իրենց ներքին օրենքներով, ունեն իրենց ներքին «օրենսդրությունը», որը թեեւ փաստաթղթային տեսք չունի, բայց, ի տարբերություն մեր ունեցածի, գործում է:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ













