Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ, Վերլուծական, Քաղաքականություն

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

Մայիս 25, 2013թ. 23:57

Armine

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը, որով կոչ արվեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիները, եկեղեցապատկան կալվածքները, վերստին շարժել է հայ գիտական միտքը. ի՞նչ քայլեր են պետք իրականացնել հայոց պատմա-մշակութային արժեքներին վերստին տեր կանգնելու և անհրաժետ փոխհատուցում ստանալ համար: Կասկածից վեր է` հայության ջանքերը պետք է միտված լինեն գործընթացը իրավական հարթություն տեղափոխելուն, իսկ դրա համար հարկ է այսօր իսկ լծվել անհարժեշտ փաստերի հավաքման ու պահանջատիրության իրավական փաթեթի ստեղծման աշխատանքին: Այս հարցում հայկական շրջանակներում կարծես թե տարակարծություն չկա, դիրքորոշումը մեկն է` միջազգային դատարան դիմելու համար պետք նախ լրջորեն պատրաստվել, սա գիտակցում են բոլորը:
Սակայն մտահոգությունն այլ է. այլևս ակնհայտ են դառնում մեր իսկ ներսում գործընթացի իրականացմանը խոչընդոտող միտումնավոր քայլերը: Ինչը մի կողմից դրսևորվում է անտարբերությամբ, մյուս կողմից, հնչում են եղած փաստերը թերագնահատող, դրանք գիտական հիմքից զուրկ համարող անհիմն հայտարարություններ: Մինչդեռ ազգային ու պետական մտածողության տեր հայության գիտական հատվածը վստահաբար հակադարձում է` ունենք արժեքավոր արխիվներ, եզակի փաստեր, միայն թե մի’ խանգարեք մեզ և թույլ տվեք աշխատել:

ՙ ՙՀայոց Աշխարհ՚-ի հարցազրույցում Ռուբեն Սաֆրաստյանն ասել էր` քանի դեռ ամբողջական չէ մեր հոգեւոր ու մշակութային արժեքների կորուստների ցանկը, չենք կարող հարցը միջազգային դատարաններում բարձրացնել, իսկ դրա համար պետք է լուրջ ու բարդ աշխատանք կատարել: Միանգամայն համակարծիք եմ նրա հետ՚, նկատում է պատմաբան, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանն ու հավելում, սակայն դա չի նշանակում, որ փաստեր չկան, կան ու մեծ թիվ են կազմում, շնորհիվ մեր նվիրյալների, ովքեր տասնամյակներ շարունակ մասունքի պես հավաքել են մեր մշակութային հուշարձանների մասին պատմող բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ, լուսանկարներ: Ու եթե բարբարոսի ձեռքով բազմաթիվ հուշարձաններ այսօր այլևս հողին են հավասարեցված, ապա նրանց գոյության լուռ վկաներն այդ անդուլ աշխատանքի արդյունքում պահպանված խոսուն լուսանկարներն են:
Մեզանում միշտ այդպես է եղել, անհատ նվիրյալներն իրենց ուսերին վերցրել ու առաջ են մղել մեր ազգային խնդիրները` միայնակ ու տքնանքով: Տասնամյակներ շարունակ հայ անհատներն արել են իրենց նվիրական գործը, սակայն այսօր եկել է պետության գործելու` մեր գիտնական ժառանգությանը տեր կանգնելու ժամանակը: Արգամ Այվազյանը նկատում է` հայկական հուշարձանների գրեթե 70-80 տոկոսը փաստագրված է, ինչն ահռելի թիվ է, մնում է, որ տասնամյակներ շարունակ անձնվեր աշխատանքով ձեռք բերված արժեքավոր փաստերը հավաքվել ու դարձնել պետական սեփականություն, և դրա հիման վրա ստեղծել գիտահետազոտական կենտրոն, ուր կաշխատեն իրավաբաններ, հնագետներ, մշակութաբաններ, ովքեր էլ գիտական հենքի վրա կկազմակերպեն Հայոց պահանջատիրության իրավական փաթեթի ստեղծումը:
Սակայն տարօրինակորեն այս առաջարկները շարունակում են մնալ չիրականացված, ավելին, ամեն կերպ խոչընդոտվում են նման գիտնականների քայլերը: Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում մեր ազգային կարևորագույն խնդրի իրականացմանը:
Արգամ Այվազյանն իր հետ կատարվածով փորձեց տալ այս հարցերի պատասխանները:
Տասնամյակների անդուլ աշխատանքով, դեռ 1965 թվականից սկսած, միայնակ պայքարելով Ադրբեջանի եւ Նախիջեւանի իշխանությունների արհեստական խոչընդոտների դեմ, պատմաբան Արգամ Այվազյանը սեփական միջոցներով ստեղծել է Նախիջեւանի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների, այդ թվում նաեւ Ջուղայի խաչքարերի վերաբերյալ աշխարհում միակ փաստավավերագրական արխիվը, որի նյութերը բացառապես բնագրեր են: Եվ ահա, 2008-ին գիտնականը դիմում է վարչապետ Տիգրան Սարգսյանին նախիջեւանյան նյութական մշակույթի հայագիտական այս ողջ ժառանգությունը գնելու և պետության սեփականությունը դարձնելու առաջարկով: Ի դեպ, դիմումում գիտնականը նշում է, որ նվիրատվություն չի կարող անել, քանզի արխիվից առաջացող գումարով պետք է հրատարակի Նախիջեւանի պատմության եւ մշակույթի, նյութական ժառանգության վերաբերյալ հրատարակման պատրաստի իր հեղինակած 5-6 հատորները, իրականացնի Նախիջեւանի հուշարձանների վերաբերյալ ՙԲանտված հայաշխարհ՚ 6 տեսաֆիլմերից կազմված ֆիլմաշարի 2-6-րդ ֆիլմերը: Սակայն ի զարմանս գիտնականի, առաջարկը ոչ միայն չի արժանանում պետական ուշադրության, այլև պատմաբանն ինքն է հայտնվում քաշքշուկի մեջ, որ շարունակվում է առայսօր: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ադրբեջանցու ձեռքով նախիջեւանյան կործանված հուշարձանների վերաբերյալ միակ փաստավավերագրական արխիվային նյութերը Այվազյանն այժմ էլ ստիպված է պաշտպանել մեր պատկան որոշ մարմինների անփույթ և ակնհայտ միտումնավոր ոտնձգություններից:

Արխիվային նյութերի պետականացման գործընթացին խոչընդոտելու նպատակով որոշ անձինք նախ սկսում են միտումնավոր արժեզրկել դրանց եզակի արժեքը: Տեղեկացանք, որ այս գործին լծված ՙհերոսներից՚ մեկն էլ Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն է, ով համարձակվել է անգամ պնդել, թե գիտնականի հավաքած նյութերը, լուսանկարները որակյալ չեն: Ու նրան հաջողվեց իր անհիմն պնդումներով խոչընդոտել Նախիջևանի մասին նկարահանվող վավերագրական ֆիլմում Արգամ Այվազյանի արժեքավոր նյութերի օգտագործումը:
ՙԲայց չէ, որ դրանք եղել են իմ գիտական աշխատությունների հիմքը, որի համար ես մրցանակների եմ արժանացել՚. տարակուսած գիտնականը մեկը մյուսի հետևից ներկայացնում է իր գիտական աշխատանքներն ամփոփոխ աշխատությունները, ու վրդովված ասում. ՙՍրանք այսօր չեն գնահատվում, դե, ե՜կ վարդապետ ու մի խենթանա՚:
Արձանագրենք մի սարսափելի փաստ ևս: Երբ 1998-2006 թթ Ադրբեջանում պետականորեն ոչնչացվում էին նախիջեւանյան հայկական հուշարձանները, Ջուղայի խարքարերը, նույն ընթացքում` 2006-ին, Երեւանում՝ ՙԱնահիտ՚ հրատարակչությունում, ոչնչացվում է այդ հուշարձանների մասին պատմող Արգամ Այվազյանի հեղինակած ՙՆախիջեւան. գիրք հուշարձանաց՚ մեծածավալ գրքի 26 000 պատրաստի օրինակները: Կատարված հանցագործության պատճառներն առ այսօր մնում են չբացահայտված, չնայած նրան, որ գիտնականը բազմիցս է դիմել իրավապահ մարմիներին, նաև անձամբ նամակ ուղղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ձայն բարբարո անապատի: ՙԱյն անտարբերությունն ու միտումնավորությունը, որ դրսևորվում է հիշյալ հայագիտական արխիվի հանդեպ, գրեթե չի տարբերվում նախիջեւանյան հուշարձանների եղեռնագործության ադրբեջանական վանդալիզմից՚:
Իսկ որտե՞ղ է Հայաստանի արտաքին գործոց գերատեսչությունը: Ինչպես ասում է գիտնականը, նախարարն իրեն ու հուշարձանագետ Սամվել Կարապետյանին դեպքից դեպք է հիշում, երբ պետք է լինում ինչ -որ փաստ արագ հասցնել ՅՈՒՆԵՍԿՕ. ՙՍա անպատվաբեր գործելաոճ է՚:

Զավեշտը հասել է նրան, որ ԱԳ նախարարությունը միջոցներ չուենալու պատրվակով հրաժարվել է անգամ սեփական գրադարանի համար գնել ու իր ձեռքի տակ ունենալ գիտնականի ՙՋուղայի կործանված խաչքարեի սինֆոնյա՚ գիրքը, որն ամբողջությամբ ներկայացնում է, թե ի~նչ արժեքներ են ոչնչացվել ադրբեջանական վանդալների ձեռքով:
Գիրքը կառավարության գրադարանում ունենալու առաջարկով Այվազյանը դիմել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին, հետո պարզվել է, որ վերջինս գիտնականի նամակը վերահասցեագրել է ԱԳ նախարար Նալբանդյանին: Ու դարձյալ լռություն: Մինչ հայ գիտնականի նամակը մի քանի պտույտ կտա գերատեսչություններով, ՅՈՒՆԵՍԿՕ-ից անմիջապես գումար է փոխանցվում ու հայտ ներկայացվում գրքի 100 օրինակ գնելու համար: ՙՍա բարոյական մի ապտակ է մեր պետությանը, մեր պատկան մարմիներին, որոնք չբարեհաճեցին գոնե 10 օրինակով գնել Ջուղայի ոչնչացված խաչքարերի մասին պատմող այս աշխատանքը: Փաստորեն անտեր է մնացել մեր մշակույթը, դե, ադրբեջանցին էլ պիտի ջարդի ու ոչնչացնի այն՚:
Գիտնականը սրտի ցավով նկատում է` Ադրբեջանը, այդ մշակութային արժեքներ չստեղծած երկիրը, ստեղծեց մշակութային հիմնադրամ, և այսօր աշխարհով մեկ սփռում է հակահայկական, հակագիտական գրքեր, իսկ մեր գիտնականներն իրենց փաստերն ու աշխատանքները ձեռքներին, սրան նրան են դիմում, բայց լսող չկա:
Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ 2003-ին այդպես էլ չիրականացավ, ադրբեջանական վանդալների արաքից հետո Ջուղայի տարածքն ուսումնասիրելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնաժողովի այցը Նախիջևան: Պարզվում է, դրան ոչ միայն խոչընդոտել է Ադրբեջանը, ինչպես տարածված է ասել մեզանում, այլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնաժողովի նախագահ Ազեպտտինը անձամբ զանգահարել ու տեղեկացրել է Արգամ Այվազյանին, թե. ՙՑավում ենք, որ չենք գնալու, որովհետև ձեր երկրի ներկայացուցիչը դա չցանկացավ՚: Իսկ հիշատակված ներկայացուցիչը եղել է նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այդ տարիներին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն էր:

Մեկ այլ առիթով էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահը հայ գիտնականին անկեղծորեն հայտնել է իր տարակուսանքը, ՙԴուք հայերդ զարմանալի ժողովուրդ եք, աշխարհի 4 անկյուններում ունեք պատմական մշակութային հուշարձաներ, ու ամեն տեղ այդ հուշարձանների հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, ինչո՞ւ ակտիվ չեք աշխատում, ինչո՞ւ ձեր հարցերը չեք բարձրացնում՚: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը կանգ չառնելով որեւէ նյութական միջոցների առաջ, պետականորեն շարունակում է կեղծել, ոչնչացնել մեր պատմությունը:
Դե եկ ու այսքանից հետո մտածի միջազգային դատարան դիմելու, իրավական ծանրակշիռ փաթեթ ստեղծելու մասին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն