Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ատլասը`երկրորդ պաշտոնական փաստաթուղթ

Հոկտեմբեր 1, 2009թ. 19:05

Armenia_karabakh_mapԱյսօր Արցախի պետական համալսարանում կայացած ԼՂՀ ատլասի շնորհանդեսին ներկա էին  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահը, վարչապետը, խորհրդարանի և կառավարության  ներկայացուցիչներ, ատլասի խմբագրական կազմը: «Սահմանադրության ընդունումից հետո  երկրորդ պաշտոնական փաստաթուղթ, որը մեր երկրի համար  առաջնորդվելու հիմք է հանդիսանալու».  այսպես  բնորոշեց Արցախի  նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը: Նախագահի խոսքերով` այն հստակեցնում է ինչպես  մեր երկրի  սահմանները, այնպես էլ միջոցառումների այն համակարգը, որ պիտի ուղղված լինեն դրանց անվտանգության ապահովմանը: Արցախի պետական համալսարանում ԼՂՀ նախագահը նաեւ հստակեցրեց, թե ինչ սահմանների և ինչպիսի անվտանգության մասին է խոսքը:

Ատլասի պատվիրատուն և ֆինանսավորողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն է, աշխատանքն իրականացրել է գիտնականների և քարտեզագրության ոլորտի մասնագետների խումբը Արցախից ու Հայաստանից` Արցախի և Հայաստանի կառավարություններին առընթեր կադաստրի պետական կոմիտեների համագործակցությամբ: 96 էջանոց  70  խոշոր և միջին մասշտաբի քարտեզներից, աղյուսակներից, գրաֆիկներից ու տեքստերից կազմված ատլասը  համապարփակ տվյալներ է հաղորդում Արցախի պատմության, տնտեսության,  աշխարհագրության, ժողովրդագրության մասին:

Ատլասը լույս է տեսել հայերեն` 1500 տպաքանակով եւ ավելի փոքր տպաքանակով` ռուսերեն:  Բնականաբար, սա վերջին հրատարակությունը չի լինի:

Ատլասի գլխավոր խմբագիր Մանուկ Վարդանյանը հակիրճ ներկայացրեց ատլասի բովանդակությունը` անդրադառնալով նաեւ այն քաղաքականությանը, որ Արցախի կառավարությունն է որդեգրել քարտեզների թեմա դարձած բանագավառներում:

Ատլասի խմբագրակազմի անդամ, պատմաբան Վահրամ Բալայանը կարեւորում է ատլասի կազմման ընթացքում հատկապես ոչ հայկական ծագման աղբյուրների լայն օգտագործումը: Դա թույլ կտա միջազգային հանրությանն առավել ընդունելի եւ արժանահավատ լույսի տակ ներկայացնել մեր պատմությունն ու մեր դիրքորոշումը:

Ատլասի հրատարակման առթիվ Նախագահ  Բակո Սահակյանը պարգևներ հանձնեց ատլասի խմբագրակազմին: «Մեսրոպ Մաշտոց»  շքանշանի է արժանացել գլխավոր խմբագիր Մանուկ Վարդանյանը: ՙ«Երախտագիտություն՚ մեդալով պարգևատրվել են  խմբագրակազմի անդամներ  Վալերի Ալեքսանյանը, Յուրի Առաքելյանը, Գեղամ Բադալյանը, Վահրամ Բալայանը, Աիդա  Նազարյանը,  Սլավա Սարգսյանը,  Վիլեն Սաֆարյանը: ԼՂՀ կառավարության պատվոգիրը վարչապետ Արա Հարությունյանը հանձնեց Սոֆյա Արմաղանյանին:

Նորայր Հովսեփյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն