Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Մեր մեծերը, Վերլուծական

Հայ հոգևորականների մասնակցությունը մայիսյան հերոսամարտերին

Մայիս 26, 2013թ. 19:19

Կան մարդիկ, ովքեր փորձելով վարկաբեկել Հայոց եկեղեցուն կամ հոգևորականությանը, ասում են, թե իբր Աստվածաշնչով կամ աղոթքով հայրենիքիդ չես պաշտպանի։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցին գործնական աղոթքի կողմնակից է: Պետականության բացակայության պայմաններում հայոց եկեղեցին ղեկավարել է ազգային և հոգևոր կյանքը, իսկ հոգևորականներն էլ ոչ միայն խաչը, այլև զենքը ձեռքներինմարտնչել են հայրենիքի փրկության համար։ Դա է վկայում Ավարայրի ճակատամարտում Հայոց եկեղեցու և հայ հոգևորականության կատարած նշանակալի դերը, Մայիսյան հերոսամարտերին Հայ առաքելական եկեղեցու աջակցությունը, Արցախյան ազատամարտերին հայ հոգևորականության ակտիվ մասնակցությունը։
1918 թվականին, երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը, հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը, Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե կաթողիկոսին և առաջարկում անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ մերժողական և արժանապատիվ. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Ս. Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը։ Հայտնի է նաև, որ Սարդարապատի ճակատամարտի օրը՝ մայիսի 22-ի վաղ առավոտյան, Էջմիածնի հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս) և Էրզրումի թեմի առաջնորդ Զավեն եպիսկոպոս Բաբայանը միասին գնում են Էջմիածնի մոտ գտնվող Հայի Զեյվա և Քյորփլու (Արշալույս) գյուղերը, որտեղ Գարեգին եպիսկոպոսը ոգեշունչ ճառով դիմում է հայոց բանակի զինվորներին, բացատրում թշնամու նպատակներն ու դաժանությունը, վտանգի մեծությունը։ Հասկացնում է, որ ո՛չ օգնական ուժի ակնկալիք կա, ո՛չ էլ նահանջի ուղի, և միակ ելքը կա՛մ հաղթելն է, կա՛մ հայրենի սրբազան հողի վրա պատվով մեռնելը։ Այդ օրը Գարեգին եպիսկոպոսը 5-րդ հայկական գունդն օծում է որպես մահապարտների գունդ և նրանցից երդում ստանում է կռվել անվախ ու աննահանջ։ Երկու հոգևորականները՝ խաչը բարձր պահած, անցնում են զորքի գլուխ եւ հրամանատար Պողոս Բեկ-Փիրումյանի հետ հայ զինվորներին առաջնորդում մարտի։ Գարեգին եպիսկոպոսի մասին Ս. Վրացյանը հետագայում գրել է. «Էջմիածնի միաբան գիտնական Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, իբրև նոր ժամանակների Ղևոնդ երեց… շրջում էր մի մասից մյուսը և իր հրաշունչ ճառերով բարձրացնում զորքերի տրամադրությունը։ Կրկնվում էին Վարդանանց պատմական օրերը»: Բաշ Ապարանի ճակատամարտի նախօրեին նույնպես ժողովրդական պայքարի գործն ստանձնեցին հայ հոգևորականները։ Նրանք կասեցրին թուրքական զորքերի առաջխաղացումը, մինչև տեղ կհասներ Դ. Կանայանի հրամանատարությամբ գործող վեցերորդ գունդը։
Եվ՛ Ավարայրի Ճակատամարտը, և՛ Մայիսյան հերոսամարտերն ու Արցախյան ազատամարտերը ցույց են տալիս, որ հայ հոգևորականությունը մի ձեռքում խաչը բռնած, մյուս ձեռքում էլ զենքը, պայքարել է հանուն իր հայրենիքի ազատության և հայ ժողովրդի փրկության։

Կազմեց Արմինե Սայադյանը


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Մեր մեծերը, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն