Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ԼՂՀ միջազգային ճանաչումը կգա, բայց ավելի դանդաղ տեմպերով

Մայիս 30, 2013թ. 13:18

Վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մեկը մյուսի հետևից ստեղծվում են Արցախի հետ բարեկամական խմբեր: Դեռ երկու ամիս առաջ Լիտվայի խորհրդարանում ստեղծվեց Լիտվա-Արցախ բարեկամության խումբը, դրան հաջորդեց նույն նպատակին միտված Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների եւ սենատորների նախաձեռնությունը:
Եվրամիության անդամ երկրի խորհրդարաններում նման խմբերի ստեղծումը չճանաչված երկրի հետ կարևորում են թե’ Հայաստանում, թե’ Արցախում, այն համարելով հերթական քայլ ԼՂՀ միջազգային ճանաչման գործում:

Իսկ ի?նչ են մտածում եվրոպացիները. վերջիներս այս նախաձեռնությունները նախ համարում են խիզախ քայլ, հատկապես, ադրբեջանական կեղծ քարոզչության ֆոնին, և իրենց իսկ քայլով փորձում ապացուցել, որ ի հակադրություն Ադրբեջանի <խավիրական քաղաքականությանը> զոհ գնացած` կաշառված գործիչների, Եվրոպայում, այնուհանդերձ, կան առողջ ձգտումներով քաղաքական գործիչներ, որոնք անտեսելով ադրբեջանական կաշառքն ու շանտաժը հայտարարում են` անկախություն հռչակած ժողովուրդը ազատ ու անկախ ապրելու իրավունք ունի:
Օրերս Արցախ էին ժամանել նման մտածողության տեր ֆրանսիացի գործիչները` Ֆրանսիա-Արցախ բարկամանական խմբի անդամներ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան, սենատորներ Անրի դը Ռենկուրն ու Բեռնար Սոժեն: Երեկ գտնվելով Երևանում նրանք որոշել էին արցախյան տպավորություններով կիսվել նաև հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
<Արցախը երկիր է, որն ունի կայացած պետական համակարգ` նախագահական, օրենսդիր ու գործադիր մարմիններ: Զարգանում է Արցախի տնտեսությունն ու զբոսաշրջությունը>,- իր խոսքն այսպես սկսեց արդեն յոթերորդ անգամ Արցախ ժամանող Ֆրանսուա Ռոշբլուան: Նույն կարծիքին է և սենատոր Բեռնար Սոժեն, ով 1993-ին` պատերազմի տարիներին է եղել Արցախում, և այսօր համոզվել` Արցախը անճանաչելիորեն փոխվել է:

Սենատորներ Անրի դը Ռենկուրի և Բեռնար Սոժեի աչքից չէր վրիպել ԼՂՀ ղեկավարների պատասխանատվությունը երկրի ներկայի ու ապագայի հանդեպ, ավելին, տպավորված էին, որ Արցախում ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև անգամ գեներալները մեկ բան են ուզում` խաղաղություն. <Նրանք ուզում են լինել խաղաղության զինվորներ>: Եվ ընդհանրապես, Ֆրանսիացի երեք քաղաքական գործիչների խոսքում մշտապես միևնույն միտք էր շեշտադրվում` Արցախի ժողովուրդը ուզում է ապրել խաղաղ, անվտանգ, և դա նրա’ իրավունքն է:
Անրի դը Ռենկուրն այս առումով հիշատակեց Մեծ ութնյակի գագաթաժողովներում համանախագահող երեք երկրների նախագահների`մեկը մյուսին հաջորդած հայտարարությունները, որոնցում ամրագրված է հետևյալը` ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ պայմաններում:
Անդրադառնալով մադրիդյան փաստաթղթերի հիմքում դրված երեք սկզբունքներին` ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն,
Անրի դը Ռենկուրը առանձնահատուկ ընդգծեց հետևյալ փաստը, որ դեռ գեներալ Դը Գոլի նախագահական տարիներից ազգերի ինքնորոշումը համարվել է գերակա սկզբունք Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ:

Բեռնար Սոժեն էլ հիշեցրեց, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածը ամրագրում է` մարդիկ ծնվում են ազատ ու հավասար, մինչդեռ, <ԼՂՀ-ի ժողովրդի իրավունքները հավասարապես չեն հարգված, Ղարաբաղը ճանաչված չէ մյուս երկրների կողմից, և այս առումով պետք է ջանքեր գործադրել>:
<Հայոց Աշխարհ>-ի խնդրանքով բարեկամական խմբի անդամներին իրենց կարծիքն հայտնեցին ներկայացված հետևյալ դիտարկման առնչությամբ. ֆրանսիայի գործիչներն, իրոք, ճիշտ են նկատել, որ թե’ Հայաստանը, թե’ Արցախը խաղաղության ջատագով երկրներ են, սակայն Ադրբեջանը մի երկիր է, որի նախագահն անձամբ է իր երկրում քարոզում ֆաշիստական գաղափարախոսություն, ավելին` այն դարձրել է այդ երկրի պետական քաղաքականությունը, ուր հերոսացվում են մարդասպանները: Եվ ցավալին այն է, որ Ալիևի հայտարարությունները չեն արժանանում միջազգային հանրության համարժեք արձագանքին: Արդյո?ք, Ադրբեջանի նախագահի նման ցինիկ պահվածքի մեղավորը նաև միջազգային հանրությունն չէ:
Բեռնար Սոժեն այսպես պատասխանեց հարցին.<20 տարի է, սակայն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում չկա լուրջ առաջընթաց, իսկ դրա համար քաղաքական կամք է հարկավոր: Դա ասելով, ես նկատի չունեմ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Արցախին, նկատի ունեմ նաև միջազգային ամենից բարձր օղակներին, որոնց մոտ ևս պետք է դրսևորվի այդ կամքը: Բնականաբար, ես միամիտ չեմ ու գիտեմ, որ Ադրբեջանում կան նավթի ու գազի խոշոր պաշարներ… Հարկավոր է, որ յուրաքանչյուրս, բոլոր մակարդակներում կարողանանք համոզել միջազգային հանրության ամենաազդեցիկ ղեկավարներին: Չնայած, դա ժամանակատար գործընթաց է>:

Ֆրանսուա Ռոշբլուան էլ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքների առնչությամբ նախ նկատեց, թե <Ոչ մի բան չասել, չի նշանակում, որ ոչինչ չի արվում>, և իր կողմից հավաստեց, որ ներկա է եղել ու կարող է վստահաբար ասել, որ միջազգային մի քանի կառույցներ հստակ մեղադրանքներ են հնչեցրել նախագահ Ալիևի հասցեին: Իսկ ինքն այն պատգամավորներից մեկն էր, ով մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքերի ժամանակ հանդես եկավ նամակով. <Մի բան է հրեշավոր ոճրագործություն կատարելը, մեկ այլ բան այն հերոսացնելն ու արժևորելը: Համանախագահներն էլ խիստ մեղադրաներ հնչեցրեցին Ալիևի հասցեին, որովհետև նման գործողություններով չէ, որ պետք է հասնել խաղաղության>:
Մեր մյուս դիտարկմանը, թե չնայած Եվրոպայի տարբեր երկրներից ԼՂՀ ժամանող քաղաքական գործիչները, պատվիրակները խոստովանում են, որ Արցախը ժողովրդավարական երկիր է և այն չի կարող գտնվել բռնատիրական Ադրբեջանի կազմում, սակայն ինչո?ւ է ուշանում ժողովրդավարական երկրի անկախության ճանաչումը, մանավանդ, երբ հենց Եվրոպայում այսօր մեծ թափ է ստացել ազգերի ինքնորոշման գործընթացը: Սենատր Բեռնար Սոժեն տեղեկացրեց, որ ինքն այդ հարցը ժամանակին տվել է Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Ալեն Ժիֆեյին, իսկ իր համոզմունքն է.<Ազգերի ինքնորոշան իրավունքը պետք է լինի ոչ թե ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկը, այլ հե’նց սկզբունքը, որը պետք է դրված լինի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում>: Հետևապես, պատասխանը շատ հստակ էր` <Այսօր Արցախի համար առաջնայինը խաղաղության պահպանումն է, իսկ միջազգային ճանաչումը կգա, բայց ավելի դանդաղ տեմպերով, սա ավելի դանդաղ գործընթաց կլինի>:

Եվ ուրեմն, ինչ կարող է անել բարեկամության խումբը ԼՂՀ ճանաչման գործընթացում. Ֆրանսիացի գործիչներն համոզված են, որ խումբը <մի փոքր գործիք է> աջակցելու ԼՂՀ ճանաչման գործընթացին, նաև նկատելով, որ և այն ինչ արվում է բավարար չէ, ժամանակն է ավելին անել:<Ամենից կարևորը բոլոր կողմերի, այդ թվում և միջազգային հանրության կողմից դրսևորվող քաղաքական կամքն է>, կրկնեց սենատր Բեռնար Սոժեն իր խոսքն ավարտելով ` կեցցե Հայաստան, կեցցե Ֆրանսիա, կեցցե բարեկամությունը կոչով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն