Մսրամելիքների պայքարն ուղղված է Հայոց եկեղեցու դեմ
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ
–Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին կարևորագույն դեր է ունեցել մեր պատմության ընթացքում` համախմբել պետականությունը չունեցող հայ ժողովրդին, ղեկավարել նրա ազգային և հոգևոր կյանքը, իսկ օրհասական պահերին կանգնել հայ զինվորի կողքին: Դա են վկայում մեր պատմության հերոսական էջերը` Ավարայրից մինչև Մայիսյան հերոսամարտեր ու Արցախյան ազատամարտ:
-Անշուշտ, Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցին իր ժողովրդի անքակտելիությունն է: Հայը գոյատևել է շնորհիվ մեր եկեղեցու, որը ոչ միայն զբաղվել ու զբաղվում է քրիստոնության քարոզչությամբ, այլ զուգահեռաբար քարոզում ազգապահպան գաղափարներ ու ոգի: Վասն հայրենյաց, վասն Հիսուսի նշանաբանով մղվող Վարդանանց պատերազմի ոգին Ղևոնդ երեց քահանան էր ու մեր մյուս հոգևորականները, որոնք պատմիչ Եղիշեի խոսքով, ոգևորում էին հայ ռազմիկներին:
–Երբ վտանգ է սպառնացել հայ ժողովրդին հնչել են մեր եկեղեցու զանգերը` և’ որպես զգուշացում, և’ որպես պայքարի կոչ: 1918-ի մայիսի 22–29-ից Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Հայր Կոմիտաս, հիշենք դրվագներ մայիսյան ազատամարտից:
-Սարդարապատի ոգին և պայքարի ուժը Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցն էր, նրա հրահանգով է, որ անդադրում հնչեցվում են եկեղեցիների զանգակները ահազանգելով` եթե դու չնահատակվես, նահատակվելու է քո երկիրը: Չմոռանանք այն փաստը, երբ Արամ Մանուկյանը Հայոց կաթողիկոսին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան, նա պատասխանում է. «Ո’չ, ես պետք է մնամ Էջմիածնում, եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: Այսինքն, հայ զինվորները գիտեին, որ Հայոց կաթողիկոսը կանգնած է իրենց թիկունքում: Սա այն դրոշն էր, որ ամեն մի հայ զինվոր պարզեց իր հոգում` ընդդեմ թշնամու, ու կարողացանք մի ափ ժողովրդով դուրս գալ թուրքական ուժերի դեմ, պաշտպանելով մեր սրբության սրբոց հայրենիքը` Հայոց աշխարհը:
–Քիչ է խոսվում այն մասին, որ հերոսամարտի համաժողովրդականությունը ապահովվել է շնորհիվ մեր հոգևոր հայրերի, ովքեր գնում էին գյուղերը, ոգեշնչում գյուղացիներին, հայոց բանակի զինվորներին, ներկայացնում թշնամու նպատակները, հայության գլխին կախված վտանգը։
-Այդ գործում իր բացառիկ դերն է ունեցել Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հատուկ հրահանգ էր տվել` խանդավառել, ոգեկոչել ժողովրդին, բացատրել, որ դրված է ազգի լինել-չլինելու հարցը: Հարյուրամյակների փորձառություն ունեցող հայ հոգևորականությունը գիտեր, Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունից հետո, եթե խոնարհվեր Արևելյան Հայաստանը, դա կլիներ մեր ժողովրդի վերջը: Գարեգին եպիսկոպոսի մասին Ս. Վրացյանը ժամանակին գրել է. «Էջմիածնի միաբան գիտնական Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, իբրև նոր ժամանակների Ղևոնդ երեց շրջում էր մի մասից մյուսը և իր հրաշունչ ճառերով բարձրացնում զորքերի տրամադրությունը։ Կրկնվում էին Վարդանանց պատմական օրերը»: Գարեգին եպիսկոպոսը հայկական գունդն օծում է որպես մահապարտների գունդ և նրանցից երդում ստանում` կռվել աննահանջ։ Նա և Էրզրումի թեմի առաջնորդ Զավեն եպիսկոպոսը խաչը պահած, անցնում են զորքի գլուխ եւ հրամանատար Պողոս Բեկ-Փիրումյանի հետ հայ զինվորներին առաջնորդում մարտի։
–Դառնանք մեր օրերի հոգեբանությանը. այսօր կան մարդիկ, ցավոք, մտավորականներ, ովքեր լծվել են Հայոց եկեղեցու վարկաբեկման անպատվաբեր գործին` անտեսելով, միտումնավոր մոռացության տալով պատմական փաստերը:
-Ոչ թե անտեսում են, կամ մոռանում, այլ ուղղակի աղավաղում են: Ինչպես, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով առանց անհարմար զգալու ծածկում է ճշմարտությունն ու հեքիաթներ մատուցում ժողովրդին, քննադատելով մեր հոգևոր մեծերին, մեր իմաստուններին` Ներսես Ե Աշտարակեցուն, Հովհան Օձնեցուն, Խրիմյան Հայրիկին, Գևորգ Սուրենյանցին. սա անմտություն է: Ես չէի ցանկանա, որ Ս. Կարապետյանը հակահայի կերպարով հանդես գա: Դա իրեն վայել չէ:
-Պատմությունից է հայտնի, երբ թշնամին նպատակ է ունեցել թուլացնել մեր երկիրը, իր հարվածն ուղղել է հայոց ինքնության հենասյուներին` պետությանը, եկեղեցուն ու լեզվին: Նժդեհի հայտնի խոսքերն են.<Այն անձը ով իր կռիվը Հայոց եկեղեցու դեմ է ուղղում, կնշանակի պայքարի է դուրս եկել հայ տեսակի դեմ>:
-Հազարամյակներ առաջ այս երևույթի բացատրությունը տվել է մեր <Ջոջաց տունը>, որը Մանուկ Աբեղյանը կոչեց <Սասնա ծռեր>: Ահա թե ինչ է այն մեզ սովորեցնում, երբ հայի ուժը կիսվում է օտարի հետ, նրանից ծնվում են միայն մսրամելիքներ. Մսրա Մելիքի հայրը հայ էր, բայց մայրը եգիպտուհի… Իսկ մեզանում այսօր չեն պակասում մսրամելիքները, որոնք ապրելով մեր մեջ գործում են ընդդեմ հայի: Նա ով ասում է, թե ես հայ եմ, դեռ ինձ համար հայ չէ, որովհետև անունը չի որոշում անձի էությունը: Ազգանվան մեջ «յան» մասնիկ կրողը որքանո՞վ է պաշտպանում «յան»-երի` հայ ժողովրդի շահերը: «Յան» ազգանունը կրելը դեռ քիչ է հայ համարվելու համար, «յանը» պետք է էությունդ լինի: Ինձ համար հայը նա է, ով մտահոգ է իր երկրի ու ժողովրդի ապագայով: Իսկ նրանք, ովքեր գործում են ընդդեմ հայ ժողովրդի, ընդդեմ նրա ինքնության հենասյուների ինձ համար դավաճաններ են: Այդ մսրամելիքների աղեղն այսօր ուղղված է հայ ժողովրդին ոչնչացումից պաշտպանող կղզյակի, այն է` Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ: Նրանք, ովքեր պայքարել ու պայքարում են հայ ազգի դեմ լավ են գիտակցում` քանի դեռ հայը կառչած է իր մայր եկեղեցուց, նրան ոչինչ անել չեն կարող, բայց բավական է հային կտրել իր եկեղեցուց և նա ինքնաբերաբար կդադարի հայ լինել:
Այստեղ մի կարևոր հարց մենք պետք է պարզենք. այսօր ունե?նք ազգային պետություն, թե? ոչ: Եթե մեր պետությունն ազգային է, ուրեմն մեր ղեկավարությունը պետք է շահագրգիռ լինի մեր ազգային արժեքների պաշտպանմամբ: Դժբախտաբար, այս հարցում ակնհայտ է անհոգությունն ու անտարբերությունը: Մենք տակավին չենք հասկանում, թե ո?ւր է նավարկում մեր նավը, չենք հասկանում, որ անկախությունը միայն կենացներ ու բաժակաճառեր չէ: Երբ Քաջազնունին պետք է մեկներ Ամերիկա օգնություն խնդրելու հայոց համար, չուներ համապատասխան վերարկու և նրան պետական գանձարանից գումար է հատկացվում: Վերադառնալուն պես նա անմիջապես իր աշխատավարձից վճարում է վերարկուի գումարը: Իսկ այսօր պետական գումարներով իրենց հաճույքի համար պալատներ ու մերսեդեսներ են գնում: Պետություն ղեկավարել չի նշանակում սեփական գրպանիդ տարողությունը մեծացնել, այլ հավաքական կյանքը զորացնել: Միայն այդ դեպքում աղանդը չի ուժեղանա, հայ մարդն էլ թույլ չի տա, որ իր զավակը դառնա Կոմայգու միասեռական, աղջիկն էլ մարմնավաճառ: Մարկոս Ավրելիուսը հրաշալի խոսք ունի.<Եթե ուզում ես տվյալ երկիրը կործանել, այդ նրա երիտասարդության մեջ սերմանիր անբարոյականություն>: Սերիալները, որոնք փառաբանում են գող գոքորներին, հովոներին կամ անբարոյականներին, երբ երեխայի ո’չ հայրն է հայտնի, ո’չ մայրը, ի?նչ են սովորեցնում հայ երիտասարդին: Խոսում ենք մեր հաղթանակներից, բայց չունենք գեթ մեկ ֆիլմ նվիրված Շուշիի ազատամարտին կամ Մոնթեին, Աշոտ Ղուլյանին, Լեոնիդ Ազգալդյանին ու մեր մյուս փառապանծ հերոսներին: Սրանո?վ ենք պահում Մայիս 28-ի ոգին: Հայ մարդու մեջ խաթարվել է հայի բարոյական կերպարը, քանի որ հայը հեռացել է իր եկեղեցուց, կորցրել իր սրբություններին տեր կանգնելու գիտակցումը: Դարձել ենք գաղափարախոսությունների ծայրահեղ հետևորդ. եթե կաթոլիկ ենք, ուրեմն պապից ավելի պապական ենք: Եվ պատճառն այն է, որ իրականում ինքներս մեզ չենք ճանաչում: Արմուտքից եկած ինչ <աղբաման>տեսնում ենք հայտնվում ենք մեջն ու հայտարարում, թե կրողն ենք այդ <արժեքների>: Բայց Արևմուտք չի նշանակում անբարոյականության շեփորահարում, Արևմուտքն իր ներսում ունի բարոյական բարձր գաղափարներ, և ոչ թե այս «աղբամանային Արևմուտքը», որի կրողն ենք դարձել: Երբ հրեաները զգացին իրենց կործանումը ստեղծեցին Թոռանը, որը հրեա ժողովրդի քաղաքական ծրագիրն է, ուր նաև զգուշացվում է` քո մեջից մսրամելիքներ չծնե’ս: Սա ազգապահպանման ձև է: Հայերս ունե՞նք մեր ծրագիր` ոչ, փոխարենը տարվել ենք «համաշխարհային», «մարդասիրական» վերացական գաղափարներով:
-Մեր պատմության ամեն մի հերոսական դրվագը նաև դաս պետք է լինի մեզ համար: Ո?րն է Մայիս 28-ի դասը, ազգապահպանման մեր բանաձևը:
-Եթե պետք է Մայիս 28-ը հիշենք առանց դաս քաղելու, ուրեմն անիմաստ են այդ տոնակատարությունները, դրանք միայն գավաթներ դատարկելու առիթ են դառնում: Մայիս 28-ը, այո, դաս է և ոչ թե աղաղակելու առիթ, դաս, որով պետք է սովորել ինչպես պահել պետականությունը: Իսկ երկիրը խոսքերով չեն պահում, այլ իմաստությամբ, դրա համար հարկավոր է հավաքական գիտակցություն, ազգային ոգի, նվիրվածություն, նաև պետք է ստեղծենք մեր ազգային ծրագիրը, և դրա ստեծումը երբեք չպետք է վստահենք դոնքիշոտներին ու սանչոպանսաներին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












