Ադրբեջանցիները Շուշիի անունից Հունգարիայում հռչակագիր են ստորագրել. Ինչո՞ւ է լռել ՀՀ ԱԳՆ-ն
Վերջին շրջանում Հայաստանում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Մասնավորապես՝ այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հանրությունից թաքցրել է այն փաստը, որ Բաքվից ադրբեջանական՝ իբրեւ Շուշիի շրջանի մի պատվիրակություն Հունգարիայի Դյոնդյոշ քաղաքի քաղաքապետարանի հետ հռչակագիր է ստորագրել Շուշի եւ Դյոնդյոշ քաղաքների եղբայրության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, արձակագիր Բակուր Կարապետյանը:
Բանախոսը նշեց, որ մեր հարեւանները պատմական փաստերը խեղաթյուրված են ներկայացնում. «Արաբական աղբյուրները վկայում են, որ Կարկառ-Շուշին վեցերորդ դարի կեսին վերակառուցել եւ ամրացրել է պարսից արքայից արքա Խոսրով Անուշիրովանը: Սակայն վերջին տարիներին Շուշիի սրահարթում իրականացված պեղումները հաստատում են, որ Կարկառ-Շուշին առնվազն երեք հազար տարվա պատմություն ունի»:
Կարապետյանը հայտնեց նաև, որ ինքը պաշտոնական նամակով դիմել է հունգարացի պաշտոնյաներին՝ նշելով, որ եթե արդեն ստորագրվել է Շուշիի հետ հունգարական քաղաքի բարեկամության մեմորանդումը, ապա ավելի ճիշտ կլինի բարեկամությունը շարունակել ոչ թե ինքնակոչ մարդկանց, այլ իրական ու մեծ պատմություն ունեցող բերդաքաղաքի, նրա գործադիր իշխանության հետ: Բանախոսը նշեց նաև, որ այս հրավերի մերժումը կհաստատի, որ Դյոնդյոշի քաղաքապետարանի միջոցառումը զուտ քաղաքական ակցիա էր եւ նպատակ ուներ ավելի սրելու հայ-ադրբեջանական, Արցախ-ադրբեջանական եւ հայ-հունգարական հարաբերությունները:












