Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՅՍՕՐ

Մայիս 31, 2013թ. 01:15

Երեկ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նիստի մասնակիցներին տեղեկացրել է օրերս Գերմանիայում բնակվող մի երիտասարդ թուրքի հետ իր նամակագրության մասին եւ ընդգծել, թե ինչու է այդպես մանրամասն կանգ առնում այդ նամակագրության վրա. «Մեհմետ Հաքան Յայլը՝ այդպես էր 30-ամյա այդ երիտասարդի անունը, որն ինձ նամակ էր ուղարկել, մասնավորապես այդ նամակում նշում է. «Իմ մանկությունն անցել է Ստամբուլում…, որտեղ բնակվում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեի:
Սակայն հասունանալով սկսեցի ավելի շատ զգալ, որ մարդիկ, չգիտեմ ինչու, հայերի նկատմամբ անհիմն թշնամանք են տածում: Այժմ ես Գերմանիայում եմ: Ասում են, որ ամենալավ միջոցը ամեն ինչին դրսից նայելն է. իրոք, այդպես է: Մարդը կարողանում է օբյեկտիվ լինել»:
Նա ասում է, որ պատրաստվում է ամառային արձակուրդին Հայաստան այցելել եւ նշում. «Ես ցանկանում եմ այնպիսի մշտական բարեկամություն, որ փոխադարձաբար ներվեն պատմության ընթացքում կատարված սխալները, եւ դա մարդկանց ապագայի վրա ավելի խաղաղ ազդեցություն կունենա»,- թուրք երիտասարդի նամակը ներկաների համար ընթերցել է նախագահը եւ տեղեկացրել, որ երեկ պատասխանել է այդ նամակին. «Մի փոքրիկ հատված եմ ուզում մեջ բերել իմ պատասխանից. «Ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այսօր աճում է թուրք երիտասարդների սերունդ, որի առաջադեմ հատվածը կաշկանդված չէ թուրքական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքականությամբ: Հենց այդ սերունդն է, որ հարցականի տակ է դնում այդ քաղաքականության արժանահավատությունը եւ ամենագլխավորը՝ պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, ընդունել նախնիների սխալները եւ բաց ու կառուցողական քննարկումների միջոցով հասնել հաշտեցման»:
Ինչու եմ այսպես մանրամասն կանգ առնում այս նամակագրության վրա: Համարել ու շարունակում եմ համարել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր ու հնարավոր է հենց այսօր, միգուցե հենց 100-րդ տարելիցի շրջանակներում:
Այս առումով մենք իհարկե մեծ գործ ունենք անելու: Մենք կարող ենք Թուրքիայի հասարակության, Թուրքիայի իշխանությունների հետ միասին հասնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգրվան, մենք կարող ենք օգնել նրանց գտնելու անցյալի բեռից ազատվելու ճանապարհը ու լինելու իրենց կողքին այդ շատ դժվարին գործընթացում: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր ուղղություն է մեր հանձնաժողովի աշխատանքներում, եւ մենք առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք այդ հանգամանքին: Կարծում եմ, որ որեւէ մեկը ինձ միամիտի տեղ չի դնում: Կարծում եմ, որ որեւէ մեկը չի կարծում, որ ես մեծ հույս ու հավատ ունեմ՝ առավել եւս թուրք իշխանությունների նկատմամբ: Բայց այս ուղղությամբ աշխատանքները ես մշտապես կարեւորել եմ, կարեւորում եմ եւ կարեւորելու եմ»,- ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն