Մասաչուսեթսի նահանգապետը Եղեռնից մազապուրծ 101-ամյա Նելլի տատին պարգևատրել է հավաստագրով
Մասաչուսեթսի նահանգապետ (ԱՄՆ) Դևալ Պատրիկը Մերիմաք Վալեյի շրջանի (գտնվում է Նյու Հեմփշիրի և Մասաչուսեթսի նահանգների տարածքում, ներառում է Քոնքորդ, Մանչեսթեր, Նաշուա քաղաքները) 101-ամյա բնակիչ, Մեծ Եղեռնի ականատես Նելլի Նազարյանին պարգևատրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հավաստագրով:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարկվող Armenian Weekly պարբերականը, նահանգապետի անունից հավաստագիրը Նելլի Նազարյանին փոխանցել են նահանգային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության անդամները:
«Լավ կլիներ, որ նահանգապետն էլ այսօր ներկա լիներ այստեղ և անձամբ հանձներ այս հավաստագիրը… Սակայն որոշ հանգամանքներ թույլ չտվեցին: Այդ պատճառով մենք ենք հանդիպում Ցեղասպանության կենդանի վկաների հետ և նահանգապետի անունից նրանց փոխանցում այս հավաստագրերը»,-հայտարարել է պատվիրակության անդամ Ժիրայր Հովսեփյանը:
Նահանգապետ Դևալ Պատրիկի հավաստագրում մասնավորապես նշվում է, որ «1915-23թթ-ի Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ողբերգական էջերից է, որը 1,5 մլն կյանք է խլել: Կենդանի մնացածների մեծ մասն էլ, կորցնելով հայրական տունն ու հողերը, սփռվել է աշխարհի տարբեր անկյուններում՝ հոգու խորքում կրելով մարդկության դեմ կատարված այդ ծանր հանցագործության սպին….»:
Նելլի Նազարյանն իր ընտանիքի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է գաղթել 1920-ական թթ-ի սկզբին՝ փրկվելով թուրքերի եղեռնագործությունից: Նա ավարտել է Մասաչուսեթսի Մեթուեն քաղաքի դպրոցը, որից հետո սկսել է աշխատել կոշիկի խանութում: Այնուհետ ամուսնացել է Ցեղասպանությունից մազապուրծ ԱՄՆ գաղթած Ստեփանի հետ: 1943թ-ին Նելլին և Ստեփանը Նյու Հեմփշիրում իրենց շահութաբեր բիզնեսն են հիմնել. բացել են թանկարժեք իրերի խանութ (Nazarian Jewelers), որն այժմ տնօրինում է նրանց թոռնուհին՝Դեբի Նազարյանը:
101-ամյա Նելլի Նազարյանը ունի 4 զավակ, 34 թոռ և 16 ծոռ:
Tert.am












