Գլխավոր » Լրահոս, Ջավախք

«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը

Հունիս 10, 2013թ. 11:01

«Ջավախք» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել, որում ահազանգում է հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում մտցված նոր կարգի մասին, որը հավելյալ ֆինանսական խնդիրներ է առաջացնում Հայաստան եկող ջավախքահայերի համար։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.

Արդեն մի քանի օր է ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը: Այդ կապակցությամբ սույն թվականի հունիսի 8-ի վաղ առավոտյան մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հայ-վրացական սահմանի վրա:

Հասկանալի է, որ բրոկերային միջնորդավճարը գանձվում է ըստ սահմանված կարգի, և այն գործում է բոլոր սահմանային մաքսակետերում: Սակայն, այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է, քանի որ Բավրայի սահմանակետից Հայաստան են մուտք գործում բացառապես մեր հայրենակիցները՝ ջավախքցիները, հետևաբար, ստացվում է, որ Մայր հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին գումար է վճարում, ինչը չի ընկալվում վերջիններիս կողմից և չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ:

«Ջավախք» հայրենակցական միությունը այս կապակցությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում և կոչ անում ՀՀ մաքսային ծառայություններին լրջորեն քննարկել խնդիրը և վերականգնել նախկինում գործող կարգը: Մենք, միաժամանակ, հորդորում ենք ջավախքցիներին հանդարտվել, զինվել համբերությամբ և լավատեսությամբ, այն ակնկալիքով, որ ընդունելի և գոհացուցիչ որոշում կընդունվի:


Դիտել Լրահոս, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն