Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

ՄԻԱՍԻՆ ՔՐՏՆԵՑԻՆ, «ՃՌՌԱՑԻՆ», ԸՆՏՐՎԵՑԻՆ

Հունիս 29, 2013թ. 23:23

ասֆալտԱրգիշտի թագավորը Երեւանը հիմնադրեց, մեր քաղաքապետարանն սկսեց ղեկավարել: Սա կոչվեց քաղաքաշինություն, քաղաք շինողն էլ` քաղաքապետ:
Բայց քանի որ երեւանցի ենք ու այս քաղաքի վիճակով հետաքրքրված, ուզում ենք Երեւանի ղեկավարներին, ներողություն, երեւանցիների ծառաներին ասել, որ քաղաքի կառուցապատումը չի նշանակում տարածքի այլանդակում: Ընդ որում, Թամանյանի «նախագծով»:
Այսօր Երեւանում ցույց տվեք մի շենք, որ տակ ունենա: Չկա: Իսկ կենտրոնում էլ մեկը, որի վերեւում ինչ-որ «աստղ» նոր հարկ ավելացրած չլինի: Դարձյալ չկա: Հասկացանք` աստղերը լինում են վերեւում, բայց ոչ վերին հարկերում: Նրանց դեմ ոչինչ չունենք. քաղաքի մասին է խոսքը:
Չէինք ուզում գրել այս մասին, բայց խոսքը ամենօրյա նյարդայնացմանն է վերաբերում, որ չես հասկանում` ինչո՞ւ: Քաղաքապետարանն անընդհատ խոսում է խցանումները վերացնելուն ուղղված միջոցառումների մասին, բայց չի դադարում պիկ ժամերին փողոցները քերելու իր գործելաոճից: Գիշերը չի՞ կարելի քերել փողոցները: Չար լեզուներն ասում են, որ այդ դեպքում բանվորները պիտի վճարվեն կրկնապատիկ. գրվում է կրկնապատիկ, տրվում է ցերեկային:
Եվ մի բան էլ. եթե այս տարի վերանորոգվում է այս փողոցը, դա չի՞ նշանակում գոնե հինգ տարվա երաշխիք: Մեզանում չի նշանակում. մյուս տարի նորից քանդում են ու նորից ասֆալտապատում: Չկասկածե՞նք:
Ազատության հրապարակի տակը քանդեցին, այդ տարածքում խցանումները վերացա՞ն: Հիմա էլ պատրաստվում են քանդել Հանրապետության հրապարակի տակը` դարձյալ խցանումների դեմն առնելու համար ավտոկանգառ կառուցելու նպատակով:
Այս առումով, Հանրապետության հրապարակի տարածքում հնագիտական պեղումներ իրականացրած հնագետ Աղավնի Ժամկոչյանը նկատել էր, որ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցման պատճառով սկսել է ճաքեր տալ օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքը: Նույնը լինելու է Հանրապետության հրապարակը քանդելու դեպքում: Ավագանին տեղյա՞կ է:
Այստեղ է, որ ձայների մածամասնությունը հուշարձանների պահպանության հետ կապ չունի: Երեւանում կատարվող ինչ-որ փոփոխություններ տեսնում ենք. ուզում ենք, որ դրանք լինեն օրինաչափ. ամանորյա եղնիկները եւ քաղաքապետարանի այգում արածող անասուններին զարդարելով` հարցը չի լուծվի:
Նկատեք` Երեւանում սակավադեպ են մայթերը. մարդիկ ստիպված գնում են «շոշով», որովհետեւ մայթ պարզապես չկա: Այսինքն, կառուցապատում ենք մայրաքաղաքը` առանց մայթերի: Սալահատակվեց Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքը. լավ ստացվեց. բնակչությունը գոհ է: Բայց, այ մարդ, մայթ սարքեք, որ անվտանգ երթեւեկություն լինի:
Մի հետաքրքիր բան էլ ասենք: Փողոցում տեղադրված էր մի կիսաֆաբրիկատ վահանակ, ու հարցրի` ինչու: Պատասխանեցին, որ նորագույն այդ տեխնիկան կանգառում հավաքվածներին պիտի ցույց տա, թե երբ եւ որ րոպեին է գալու տվյալ փոխադրամիջոցը: Չծիծաղեք. փոխադրամիջոցների մասին է շարունակությունը, որոնք… չկան:
Երեւանում տրամվայի առաջին շարժիչը ձին էր, այդ պատճառով էլ այն անվանվեց ձիակառք: 1906 թվականին այդ ձիակառքը կենտրոն կոչված վայրը կապում էր կայարան կոչվող վայրին, քանի որ էլ բան չկար կապելու: Հայերը կառուցել էին Թիֆլիսն ու Բաքուն, բայց Երեւանին հերթ չէր հասել: Առջեւից գնում էր ձին` իբրեւ հնի նախաձեռնող մնացուկ, իսկ հետեւից` թրիքոտ ռելսերը` որպես չճանաչված նորի խորհրդանիշ:
Բոլշեւիկներին ու դաշնակցականներին տանում էր կայարան, դասալիքներին բերում էր կենտրոն: Ձրի էլ ման էր տալիս որբերին: Միասին քրտնեցին, միասին «ճռռացին» երկար տարիներ: Հետո եկավ շարժիչը` ռուս Պիրոցկու հեղինակած: Այն ուղարկեց ձիուն վաստակած հանգստի, եւ 1933թ. տրամվայի մոտեցումը չէր ազդարարվում հարազատ խրխինջով, այլ շարժիչի դղիրդով:
Հիմա ձիերի խրխինջ ամենուրեք լսվում է, բայց ոչ ձին է երեւում, ոչ փոխադրամիջոցը:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն