Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՍՊԻՏԱԿ ՕՁԻՔՈՎ ԷԼԻՏԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ԵԽ ԽՎ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հունիս 29, 2013թ. 23:31

«Խավիարային դիվանագիտությունը», որի ցցուն դրսեւորումներից մեկը մոտ երեք տասնյակ «եվրախավիարակերների» ձախողված նախաձեռնությունն էր՝ խոչընդոտելու Հայաստանի նախագահությունը ԵԽ Նախարարների կոմիտեում, երեկ վերստին քննարկման առարկա է դարձել ԵԽ ԽՎ լիագումար նիստում

Թեմային անդրադարձել է ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Եվրաինտեգրացման հարցերի հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ՝ արձագանքելով կոռուպցիայի, այդ թվում՝ քաղաքական կոռուպցիայի վերաբերյալ Մայլիս Ռեփսի զեկույցին։ Մեր հարցերին ի պատասխան՝ իր նկատառումները ներկայացնում է Ն.Զոհրաբյանը։
-Այդ զեկույցը համարում եմ ոչ միայն այս նստաշրջանի, այլեւ վերջին շրջանում ԽՎ օրակարգում հայտնված ամենաառանցքային զեկույցներից մեկը, եթե իհարկե այն ունենա շարունակություն։ Ի վերջո, ԵԽ անդամ երկրներում քաղաքական կոռուպցիան հասել է այնպիսի մի սահմանագծի, որ ուղղակիորեն սպառնում է այս կառույցի որդեգրած հիմնարար արժեքներին։
Որպես խորհրդարանական կոռուպցիայի ցայտուն օրինակ իմ գործընկերը նշեց ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունը», որի միջոցով Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն ԵԽ ԽՎ-ում, այլեւ միջազգային տարբեր կառույցներում կասեցնել այդ երկրում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ ցանկացած քննադատություն:
Ես իմ ելույթում էլ ասացի՝ ժամանակն է բաց եւ հրապարակային հաշվետվություն պահանջել մեր գործընկերներից, որոնց անունները շրջանառվում են Ադրբեջանի «խավիարային սկանդալում»։ Եվ առաջարկեցի քաղաքական եւ իրավական հանձնաժողովներին՝ կազմակերպել համատեղ լսումներ, հրավիրել «խավիարակերներին», պահանջել պարզաբանումներ եւ մշակել կոնկրետ գործուն մեխանիզմներ եվրոպական արժեհամակարգը քանդող քաղաքական կոռուպցիոներների դեմն առնելու համար։
Հիշեցնեմ, որ մի տարի առաջ մեր պատվիրակությունն առաջարկեց կանոնակարգել լոբբիստական գործունեությունը՝ ԵԽ ԽՎ կանոնակարգում ամրագրել, որ իրենց լիազորություններն ավարտած պատգամավորները 5 տարի իրավունք չունեն զբաղվել այս կամ այն երկրի լոբբինգով, որովհետեւ Ադրբեջանն իր նավթադոլարներով ոչ միայն գործող, այլեւ նախկին պատգամավորներին է դարձնում իր վճարովի լոբբիստները, որոնք ուղղակիորեն՝ պաշտոնապես աշխատանքի են անցնում «Ադրբեջանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունում եւ լծվում Ադրբեջանի շահերի պաշտպանությանը։
Ցավոք, մեր առաջարկը չանցավ։ Դա համարվեց մարդու իրավունքների ոտնահարում, եւ այսօր քաղում ենք դրա պտուղները՝ եվրոպական հեղինակավոր կառույցները կանգնած են ժողովրդավարության ճգնաժամի առաջ հենց այդ սպիտակ օձիքով էլիտար կոռուպցիայի պատճառով։
-Կոռուպցիան, առավել եւս քաղաքական կոռուպցիան, դժվար ապացուցելի ֆենոմեն է։ Խավիարակերների ցուցակն ամրապնդվա՞ծ է մեղադրանքը հիմնավորող «իրեղեն» ապացույցներով։
-Այդ վերլուծության մեջ ներկայացված էր՝ որ պատգամավորը քանի անգամ է եղել Ադրբեջանում, ադրբեջանական կողմը ինչ գումարներ է ծախսել՝ ֆինանսավորելով նրանց ինքնաթիռային թռիչքները եւ կեցության ծախսերը։ Գերմանացի պատգամավորներ կան, որ արդեն բացահայտորեն խոսում են բունդեստագում ձեւավորված Ադրբեջանի լոբբիստական խմբի մասին, որոնք տարին մի քանի անգամ լինում են Ադրբեջանում, եւ բոլորի ծախսերը հոգում է Ադրբեջանի ղեկավարությունը։
Հատուկ խավիարակերների համար Բաքվում կազմակերպվում են տարբեր անհեթեթ կոնֆերանսներ, որոնց «շրջանակներում» այդ պատգամավորները որպես «զեկուցողներ»՝ զեկույցի անվան տակ մի քանի տասնյակ հազար դոլարի հոնորար են ստանում։
Ավելին՝ իմ ելույթում անդրադարձա Օբամայի նախորդ նախագահության շրջանի երեք առանցքային դեմքերի՝ Ջիմ Մեսինայի, Ռոբերտ Գիբսի եւ Դեյվիդ Բլուֆի հետ կապված սկանդալին, որոնցից յուրաքանչյուրը, ըստ «Վաշինգթոն պոստի», մոտ 50 հազար դոլար էր ստացել Բաքվում անցկացված ինչ-որ էներգետիկ կոնֆերանսի մասնակցելու համար: Այսինքն՝ Բաքվի ամենակարող նավթոտ թաթը հասել է անգամ Օբամայի վարչակարգին:
Եթե ԽՎ-ը ուզում է պահպանել իր հեղինակությունը, այդ երկու հանձնաժողովները անհապաղ պետք է ձեռնարկեն լսումներ. պատգամավորները, որոնց անունը շոշափվում է, եթե ունեն փաստարկներ, թող փորձեն հերքել այդ մեղադրանքը։ Ցավոք, նրանցից որեւէ մեկը ոչ միայն չի փորձում հակափաստարկներ բերել, հենց հիմա, այսօր, այստեղ շատ ավելի ջերմեռանդ պաշտպանում են Ադրբեջանի, քան իրենց երկրի շահերը։
-Ադրբեջանցի պատգամավորը, ձեր ելույթին հակադարձելով՝ առաջարկել էր երկխոսել։ Դա կարո՞ղ է լինել այն հարթակը, որտեղ կարելի է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ինչ-որ հարցեր քննարկել։
-Կարող էր լինել, եթե ի դեմս Ադրբեջանի, ունենայինք ադեկվատ գործընկեր, եւ ադեկվատ պատգամավորներ՝ ի դեմս ադրբեջանական պատվիրակության անդամների։ Երբ ադրբեջանցի պատվիրակ Ռովշան Ռզաեւը նիստերի դահլիճում, դիմելով ինձ, կոչ արեց երկխոսել, չլուծված հակամարտության բեռը չթողնել սերունդներին, ես նրան խորհուրդ տվեցի այդ կոչը ուղղել Միլի մեջլիսի իր գործընկերներին։
Ինչպես հայտնի է, վերջիններս նախագիծ են ներկայացրել, համաձայն որի՝ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, որը կփորձի ինչ-ինչ հարաբերություններ հաստատել Հայաստանի պետական կամ ոչ պետական որեւէ կազմակերպության, մամուլի, քաղաքացիական հասարակության որեւէ ներկայացուցչի հետ, ենթակա է քրեական պատասխանատվության։
-Հայաստանի նախագահությունը ազգային հիմնախնդիրները բարձրաձայնելու «գործիք» չդարձնելու, սուր անկյունները շրջանցելու, առավելապես մարդու իրավունքների հարցերի վրա կետրոնանալու մոտեցումն արդարացվա՞ծ է։
-Մեր պատվիրակությունում տարբեր մոտեցումներ կան այդ խնդրի շուրջ։ Մի մասը գտնում է, որ չպետք է անընդհատ ԵԽ ԽՎ ամբիոնից բարձրացնենք մեր ազգային հարցերը՝ Ղարաբաղ, շրջափակում եւ այլն, այլ խոսենք համաեվրոպական խնդիրներից։
Ես բացարձակապես այդ կարծիքին չեմ, որովհետեւ եթե ԼՂ ժողովուրդը զրկված է իր հումանիտար, սոցիալական խնդիրները լուծելու տարրական հնարավորությունից միայն այն պատճառով, որ դեռեւս չճանաչված պետություն է, դա չհամարել համաեվրոպական խնդիր, այլ ընդհանուր դատողություններ անել ժողովրդավարության, մարդու իրավունքների, դատական համակարգի անկախության, օրինականության եւ այլ «բարձր մատերիաների» մասին՝ ես այդպես աշխատել չեմ կարող։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն