Ո՞ՆՑ ՄԱՔՐԵԼ` «ԿԱԴՐԱՅԻՆ ՇԼԱՆԳՈՎ»
Կառավարության երեկվա նիստում հետաքրքիր դիտարկում կատարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, կառավարության նիստերի օրերին տարբեր մարդկանց բողոքների ակցիաների կազմակերպիչները միջին օղակների ղեկավարներն են, որոնք մարդկանց դրդում են ցույցեր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Վարչապետն ուղղակի հայտարարեց. «Շատ տհաճ երեւույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին: Սա անթույլատրելի մոտեցում է, այսինքն, մարդկանց ուղղորդում են, որ գան կառավարության դեմը միտինգ անեն: Կոմպետենտ չե՞ն միջին այս օղակի ներկայացուցիչները, թե՞ հատուկ են սա անում. փոխարենը այդ հարցերի համար տան ուղղորդումներ, ուղարկում են այստեղ. սա անթույլատրելի է»:
Ուղղորդում են թե ուղարկում` էական չէ, էականն այն է, որ գործ ունենք կադրային սխալ քաղաքականության հետ:
Փաստորեն նախարարությունների միջին օղակի աշխատակիցները տարբեր վարչությունների եւ բաժինների պետերն են, որոնք «կոմպետենտ չեն», եւ բողոքավոր քաղաքացիներին ուղարկում են միտինգի:
Ասել կուզի` իրենց պարտականությունները ոչ միայն չեն կատարում, այլեւ պատասխանատվությունը դնում են վարչապետի վրա, սլաքն ուղղում կառավարության դեմ:
Ասվածի մեջ ճշմարտություն կա անշուշտ. եթե կադրերն են որոշում ամեն ինչ, այդ նույն կադրերն էլ կարող են քարուքանդ անել ամեն ինչ` ոլորտ առ ոլորտ: Սովորաբար ո՞ր չինովնիկներից են զզվում քաղաքացիները եւ խուսափում նրանց հետ հետագա շփումներից. նույնիսկ տուժելով: Այս ու այն թղթի համար տանող-բերողներից, ապա խոսող ու միտք չարտահայտողներից: Մարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչ է պետք անել:
Ընդ որում, անելիքդ միանգամից չեն ասում. երեք փաստաթուղթ են պահանջում, իսկ երբ բերում ես, պարզվում է` չորրորդն էլ է պետք, հաջորդ օրը` հինգերորդը, եւ այսպես շարունակ:
Խոշորների հետ շփվելը դժվար է. բազմազբաղ այդ մարդիկ մշտական խորհրդակցությունների մեջ են կամ ինչ ու ինչ նիստերի, առավելագույնը կարող ես տեսնել ինչ-որ վարչությունների պետերի եւ բաժնի վարիչների: Բայց այս մարդիկ նշանակվել են, չէ՞, իրենց պաշտոններում, չգիտեմ ինչ մրցույթներ են հաղթահարել: Ապաշնորհների այդ բազմության պարագայում ինչի՞ վրա է զարմանում վարչապետը:
Ոլորտի պատասխանատու գիտեմ` գաղափար չունի գործից. ուռած-փքված միայն նստած է մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: Սա ի՞նչ պիտի անի, բացի կառավարության շենքի «դեմը ուղղորդելուց»:
Վարչապետը հայտարարեց. «Բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են ինձ են դիմում. սա ճիշտ չի»:
Իհարկե, ճիշտ չէ, բայց այդ ճշմարտությունը հասկանալու համար քանի՞ տարի էր պետք: Բոլոր նախարարություններն էլ ունեն իրենց իրավասությունների շրջանակները, լավ էլ գիտեն ինչ որ պետք է: Բայց հարց է ծագում` եթե մի վարչության պետ գաղափար չունի իր գործից, նախարարը մեղավորություն չունի՞: Եթե մի նախարարության միջին օղակի ղեկավարները չեն կատարում կամ լավ չեն կատարում իրենց պարտականությունները, արդյոք չի՞ գալիս կառավարության պարտականությունները կատարելու ժամանակը: Կարծում ենք` նաեւ անցել է, բայց հանձնարարականներից բացի առայժմ ոչինչ չի նշմարվում` դարձ ի շրջանս յուր:
Հասկանում ենք, որ երկրում մասնագետ կադրերը պակասում են, որովհետեւ այլ երկրներում նրանց գնահատում ու վարձատրում են, բայց դա հո չի՞ նշանակում թերուսների հաղթահանդես, քավոր-սանիկների քեֆ-ուրախություն: Դեռ բնակչություն կա այս երկրում, որը նաեւ պաշտոնական արդարության ակնկալիքներ ունի:
Գյուղացիները մեռան բողոքելով, որ բերքը ջրելով է ստացվում, բայց գյուղնախարարության ջրերն ավելի զորեղ դուրս եկան: Որոշ մասնագետների կարծիքով, հանրապետության ոռոգելի ջրի պաշարի մոտ 80 տոկոսը կորչում է, ավելի ճիշտ, հոսում է մեր ոխերիմ հարեւանների երկիր, քանի որ այստեղ այդ ջրից օգտվելու ֆինանսական հնարավորություն չունի գյուղացին: Սրա անունն ի՞նչ է, եթե ոչ պետական վնասարարություն:
Սոցիալական մի անհանգստացնող հարցի վերաբերյալ կառավարության դիմաց կազմակերպվող ակցիաները հասկացանք, եթե դրանք շոշափում են հասարակության այս կամ այն շերտի շահերը: Օրինակ` տաքսիների համարանիշերի հետ կապված անհասկանալի առեւտուրը կամ զոհված ազատամարտիկների ընտանիքների հանդեպ անտարբերությունը:
Բայց երբ խոսքը վերաբերում է նախարարությունների ոչ լիարժեք աշխատանքին, որի հետեւանքով նույնիսկ արհեստական լարվածություն է առաջանում, ապա պետք է ոչ թե հանձնարարականներ տալ, այլ մաքրել ավգյան ախոռները` ոլորտի ամենավերեւից սկսած: սկ ո՞նց մաքրել. «կադրային շլանգով», հետո պատուհանները բաց թողնել, որ «ադիկալոնի» գարշահոտությունը վերանա: Որովհետեւ եթե արմատական փոփոխություններ չլինեն, արմատապես փոխվելու է այս երկիրը: Ընդ որում, անիմանալի ուղղությամբ:
Օրերս Վերահսկիչ պալատը տարատեսակ չարաշահումների վերաբերյալ ինչ-որ բացահայտումներ հրապարակեց: Կառավարության երեկվա նիստում էլ վարչապետը բոլոր նախարարներին հանձնարարեց առավելագույնս թափանցիկ (իմա` մամուլի միջոցով եւ լրագրողների ներկայությամբ) բացատրություններ ու մեկնաբանություններ տալ:
Մենք, իհարկե, կուզենայինք խորանալ Վերահսկիչ պալատի մեղադրանքների ստեղծման անաչառության մեջ, նաեւ գործունեության ազնվության, որովհետեւ կասկածելի բաներ տեսնում ու լսում ենք: Բարեկեցության անդունդից շատ բաներ չենք էլ հասկանում, բայց այդ մասին չէ խոսքը: Ամեն դեպքում ինչ-որ նախադեպ կա, որը կարող է դառնալ շարժառիթ:
Այստեղ էլ կերեւա` գնում ենք դեպի վե՞ր, թե՞ վերեւի մասին խոսքուզրույցով սահում ենք ներքեւ:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ












