ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ
Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք-զինամթերք վաճառելու փաստը շատերին է մտահոգել Հայաստանում:
Հետաքրքիրն այն է, որ ռուս-ադրբեջանական գործարքի մասին տեղեկատվությունը տարածվեց այն պահին, երբ Ադրբեջանը զորահանդես էր կազմակերպել, իսկ հարթակից հնչում էին Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարությունները. «Ադրբեջանը ի վիճակի է Ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով»:
Մտահոգիչ էր նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների` Ադրբեջանին զենք վաճառելու մասին հնչեցրած մեկնաբանությունները` շուկա է, եւ դա մեր բիզնեսն է, ու վերջ:
Հայաստանի պաշտոնական արձագանքները չուշացան. պաշտպանության գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց` Ադրբեջանի սպառազինումը Հայաստանին չի կարող չմտահոգել, նույնաբովանդակ մտահոգություն արտահայտեց երեկ նաեւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը. «Երբ քո ռազմական դաշնակիցը վաճառում է զենք` գիտակցելով, որ ամեն դեպքում գնորդը միշտ էլ կարող է այն գործի դնել, այդ ամենը չի կարող մտահոգիչ չլինել Հայաստանի համար»:
Տագնապած է նաեւ հայաստանյան քաղաքական դաշտը. ռուսական կողմն Ադրբեջանին վաճառելով նման սպառազինություն, կարծես թե ուժերի հարաբերակցությունը թեքում է հօգուտ Ադրբեջանի, ավելին՝ դաշնակցային հարաբերությունների առումով անհասկանալի է դառնում ՌԴ քայլը ռազմավարական գործընկեր Հայաստանի նկատմամբ: Այս իմաստով, ներհայաստանյան քաղաքական շրջանակներում տարօրինակ, առավել եւս ոչ տրամաբանական են համարվում ռուսական կողմի այն մեկնաբանությունը, թե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որպեսզի պահպանի տարածաշրջանային հավասարակշռությունը:
«Ի՜նչ հավասարակշռության մասին կարող է խոսք լինել, երբ զենքը տրվում է ագրեսիվ պահվածքով տարածաշրջանում աչքի ընկնող երկրին»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի բացատրությունը, թե Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, պատգամավորը համարում է դիմացինին միամիտի տեղ դնելու ոչ հաջողված փորձ: Եվ շեշտում` այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը, ուր ամեն ինչ մազից է կախված, առաջնորդվել զուտ բիզնես շահերով, անընդունելի է, առավել եւս զենք վաճառելը բիզնես չի կարող լինել նման պայթյունավտանգ տարածաշրջանում:
Բացի դրանից, մտահոգիչ է, որ այստեղ զենքի բիզնեսով զբաղվում է տարածաշրջանում լուրջ դերակատարում ունենցող գերտերությունը. «Ռուսաստանը պատահական երկիր չէ. եթե նման քայլի դիմեր մեկ այլ պետություն, որը աշխարհաքաղաքական կենտրոն չի ներկայացնում, չունի քաղաքական լուրջ բեւեռ դառնալու հավակնություն, գուցե հասկանալի կլիներ»:
Մի քանի օր է, որ ռուս վերլուծաբանները, ադրբեջանա-ռուսական գործարքն արդարացնելու նպատակադրումով, սեփական մեկնաբանություններում ընդգծում են հետեւյալ միտքը. եթե ռուսները Ադրբեջանին չվաճառեին այդ զենքը, միեւնույն է, մեկ ուրիշ երկիր էր վաճառելու։ Իսկ Հայաստանում արդարացիորեն հակադարձում են՝ Ռուսաստանն իրավունք չունի զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ուրիշ երկիր չէ։
Եվ այն, որ Նիկոլայ Բորդյուժայի «միամիտ» խոսքը Հայաստանում պետք է նաեւ կոշտ արձագանք ստանա, հայ քաղաքական գործիչները համարում են անհրաժեշտություն. «Մենք պետք է ցույց տանք, որ նման մեկնաբանությունները Հայաստան պետությանը չեն բավարարում»։ Պատգամավոր Մարգարյանի համոզմամբ, մեր երկիրն իրավունք ունի պահանջելու իմանալ ավելին, թե ի՞նչ է կատարվում եւ ինչո՞ւ է զենք տրվում ագրեսիվ երկրին։
«Ադրբեջանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղում եւ բռնազավթված մյուս տարածքներում, Խանքենդիում, Շուշիում ծածանվելու է ադրբեջանական դրոշը»,- Ալիեւի այս հոխորտանքի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնաբանության պատճառները ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ առաջարկում է չփնտրել Ռուսաստանում, ոչ էլ մեղադրել Բորդյուժային, որովհետեւ մեղավորն ինքներս ենք, ուրեմն պատճառներն էլ Հայաստանում են. «Հայտարարում ենք, թե ռազմավարական գործընկեր ենք, բայց իրականում ռազմավարականը թղթի վրա է, որովհետեւ մեզ չենք պահում որպես գործընկեր»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի լայնամասշտաբ սպառազինմանը, Արամ Մանուկյանին առավելապես մտահոգում է հայկական կողմի պասիվությունը. «Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում քարոզչության դաշտում, աջակիցներ գտնում, ցավոք, այդ աշխատանքները ես չեմ տեսնում Հայաստանի կողմից»:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ այն կարծիքին է, որ Հայաստանն իր մտահոգությունը պետք է առավել ակտիվորեն բարձրաձայնի միջազգային հարթակներում, տարբեր կառույցներում. «Մենք պետք է հրատապ քայլեր ձեռնարկենք, որ միջազգային հանրությանն իրազեկենք Ադրբեջանի գնած այս նոր ռազմական չափաքանակի մասին, թե ինչպես է Ադրբեջանը խախտում Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագիրը»:
Իհարկե, միամտություն է կարծել, թե Ադրբեջանի սպառազինման մասին համատարած անտեղյակություն է միջազգային կառույցներում, այլ բան է, որ Ալիեւը մշտապես արհամարհել ու շարունակում է արհամարհել այդ նույն կառույցների կողմից ադրբեջանական ռազմատենչությունը քննադատող բազմաթիվ հայտարարությունները. ի պատասխան այս դիտարկման, Կորյուն Նահապետյանն արձագանքեց` դա արդեն պետք է մտահոգի հե՛նց միջազգային հանրությանը:
Գործընթացները խիստ մտահոգիչ են դառնում, իսկ Ադրբեջանի սպառազինումը՝ լուրջ վտանգ Հայաստանի ու Արցախի անվտանգության համար. արդյոք նպատակահարմար չէ՞, որ Հայաստանի օրենսդիր մարմինը հրատապ լսումներ կազմակերպի, ինչը նաեւ միջոց կծառայի խնդրին առավել հնչեղություն տալու, ի վերջո, վտանգի վրա միջազգային կառույցների ուշադրությունը սեւեռելու համար:
«Իրազեկման քայլերը նույնիսկ անհրաժեշտություն են, սակայն քանի որ խնդիրը շատ նուրբ է, կարծում եմ, մինչ գործը լսումներին հասնելը, հարկ է փակ հանդիպում, քննարկում կազմակերպել մեր բանակի ու արտաքին գերատեսչության ղեկավարության հետ»,- կարծում է Ստեփան Մարգարյանը:
Արամ Մանուկյանը չնայած վրդովված է, որ երկրի համար հրատապ խնդիրների շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու ՀԱԿ խմբակցության բազմաթիվ առաջարկները շարունակաբար մերժվում են ԱԺ ղեկավարության կողմից, ու նաեւ դա է պատճառը, որ այս անգամ խմբակցությունը ձեռնպահ կմնա եւ նման առաջարկով հանդես չի գա, սակայն պատգամավորը նման լսումների կազմակերպումը կարեւոր ու անհրաժեշտ քայլ է համարում:
«Եթե տարբեր քաղաքական ուժերի կողմից լինի նման ցանկություն եւ առաջարկություն, ապա պատրաստ ենք քննարկելու լսումներ անցկացնելու հարցը»,- արձագանքեց Կորյուն Նահապետյանը: Նաեւ նկատելով, որ մինչ այդ Ադրբեջանի սպառազինման դեմ միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ Հայաստանը պետք է լրջագույն քայլեր ձեռնարկի՝ օգտագործելով դիվանագիտական տարբեր խողովակներ: «Մենք չպետք է հանգիստ լինենք»:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












