Քրդերի կողմից` հայերի դեմ Եվրոպական դատարան ներկայացված հայցի մասին
Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Ադրբեջանի քրդական համայնքի ղեկավարներից Փարհադին Փաշաևը հայտարարեց, թե հայաստանյան իշխանություններն իրենք են ընդունել Ադրբեջանում ադրբեջանցիների, քրդերի, լեզգիների ցեղասպանություն իրականացնելու փաստը, և որ Եվրոպական դատարանը ընդունել է իրենց հայցը` ըստ որի` Հայաստանը պետք է փոխհատուցի քուրդ ընտանիքների կրած կորուստը: Aravot.am-ը նշված գործի մանրամասների մասին հետաքրքրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր Ալվինա Գյուլումյանից: Նա պատասխանեց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցով դիմած անձինք գտնում են, որ իրենց զրկել են իրենց սեփականությունից, տնից, կարողությունից և այլն»: Հետաքրքրվեցինք` գործն ի՞նչ փուլում է գտնվում: Ա. Գյուլումյանը պատասխանեց. «Այդ գործը կքննվի մյուս տարի»: Տիկին Գյուլումյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ից եվրոպական դատարան ներկայացվող դիմումների թիվը ի տարբերություն այլ երկրների, փոքրաթիվ են, ՀՀ -ի դեմ ներկայացված դիմումների մոտ ութսուն տոկոսը հետագա քննարկման անհրաժեշտություն է առաջացնում: Այս հարցում տիկին Գյուլումյանը մի շարք պատճառներ նշեց, օրինակ այն, որ դիմողների թվում մեծամասնություն են կազմում Ադրբեջանի քաղաքացիները, կամ, որ ՀՀ քաղաքացիները իսկապես լավ գիտեն իրենց իրավունքները, ունեն բարձր իրավագիտակցություն և այլն: Ներկայացնելով վիճակագրությունը` տիկին Գյուլումյանը նշեց. «Տասը տարվա անդամակցության ընթացքում ՀՀ-ի դեմ ներկայացված և քննված 50 գործերից մեկի դեպքում է միայն խախտում գրանցվել, մնացած դիմումներն այս կամ այն նպատակով մերժվել են , դեռ 873 դիմում կա չքննված»: Ա. Գյուլումյանը նշեց, որ որպես ՀՀ դատավոր ՄԻԵԴ-ում ինքն իրեն վատ է զգացել Միշա Հարությունյանն` ընդդեմ ՀՀ-ի գործով, երբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների միջոցով ստացված ապացույցը դրվել էր վճռի հիմքում: Գրիշա Վիրաբյանի գործի առիթով էլ ու մասնավորապես այն մասին, որ այդ գործում մեղադրվող անձը այժմ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնյա է, Ա. Գյուլումյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Չգիտեմ կոնկրետ խոշտանգողն այդ անձն է, թե`ոչ, քանի որ գոյություն ունի անմեղության կանխավարկածը: Քանի դեռ չկա դատարանի դատավճիռը, քանի դեռ դատավճիռ չկա, որ մեղադրում են տվյալ անձին, որևէ մեկի վերաբերյալ ասել, որ նա մեղավոր է, ճիշտ չի լինի»:
aravot.am












