ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԵՔ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Խոսքի ազատության եւ ընդհանրապես լրագրության խնդիրներն իսկապես արծարծող վերլուծական նյութերը հայրենի մամուլում վաղուց արդեն իսպառ բացակայում են։
Այնինչ կուտակված խնդիրներն այստեղ քիչ չեն, դրանց հասարակ թվարկումն անգամ շատ ավելի տեղ կզբաղեցներ, քան սույն հոդվածը, ուստի վերցնենք պատահական երկուսը.
ա) լրագրողներն ու խոսքի ազատությունը, բ) որտեղ է պետք լրագրողներ պատրաստել։
ՈՎ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԹՇՆԱՄԻՆ
Խոսքի ազատության մասին դատողությունների մեջ, որպես ինքնըստինքյան հասկանալի փաստ, առկա է միտքը, թե ազատությունն այդ ունի թշնամիներ՝ առավելապես (եթե ոչ բացառապես) իշխանական սուբյեկտների տեսքով, եւ ունի բարեկամներ ու պաշտպաններ։ Վերջիններիս թվին են պատկանում իրենք՝ լրագրողները, քանզի ինչպե՞ս չպաշտպանես սեփական մասնագիտությունը։
Այն, որ լրագրողն օբյեկտիվորեն շահագրգռված է խոսքի ազատության հարցում, կասկածից վեր է։ Բայց որ ցանկացած լրագրող խոսքի ազատության կողմնակից է նաեւ սուբյեկտիվորեն, որ նա ի վիճակի է դիտարկել ուրիշի, թեկուզեւ ինչ-ինչ պատճառներով իրեն դուր չեկող դատողությունը զուտ որպես դատողություն, այսինքն՝ որպես հենց այդ գովական խոսքի ազատության դրսեւորում, այլ ոչ թե կեղտոտ բանսարկություն, պատվեր, «նաեզդ», բնավ այդչափ անկասկած չէ։
Բավական հաճախ հանդիպում է այնպիսի մտածելակերպ, որի պարագայում ինձ հաճելի դատողությունը ազատության դրսեւորում է, իսկ տհաճը՝ զրպարտանք, պատվեր, որը ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ։ Ըստ որում, այդ վտանգավոր հիվանդությամբ տառապում են նաեւ լրագրողները։
Կան մարդիկ, որոնք համարում են, որ կարելի է անսալ փաստարկներին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնց փաստարկները բացարձակապես չեն հետաքրքրում։ Նրանց հուզում է միայն իրենց տեսանելի աստառը. «Ով է պատվիրել, ով՝ վճարել, եւ ինչպիսին կլինեն հետեւանքները»։
Խոսք չկա, ընթերցողներից շատ շատերն են մտածում համանման ձեւով, իսկ պաշտոնյաների շրջանում ընթերցման այդպիսի ոճը գերակշռող է։ Բայց թե՛ ընթերցող-կոնսպիրոլոգը, թե՛ պաշտոնյան, որը հետաքրքրվում է, թե ով է պատվիրատուն, լրագրողների թվին չեն պատկանում եւ պարտավոր չեն հարգանքով վերաբերվել վերջիններիս փաստարկներին։ Դա իրենց հացը չէ։
Բայց երբ այդօրինակ հարգանքով դատողություններին վերաբերվում են իրենք՝ լրագրողները, անմիջապես պատվեր փնտրելով, նրանք չեղյալ են հայտարարում իրենք իրենց։ Ընթերցողը խնդիր չունի գլուխ հանելու պարանոյայի նրբերանգներից. «Իմ դատողությունը հարգեք, իսկ այ, նրա դատողությունը՝ մի՛ հարգեք, դա պատվեր է»։
Ընթերցողը չի հարգի մամուլի եւ ոչ մի դատողություն։ Եվ դրա համար նրան նույնիսկ դժվար կլինի կշտամբել։
ԲՈԼՈՐ ԱՐՀԵՍՏՆԵՐՆ ԷԼ
ԼԱՎՆ ԵՆ
Մեր խորին համոզմամբ, լրագրությունը գիտություն չէ, որը պետք է ուսանել համալսարանում։ Այնտեղ պետք է ուսումնասիրեն, այն էլ խորացված, հիրավի հիմնարար գիտություններ, ինչի համար հինգ տարին էլ հազիվ է բավականացնում։
Բայց, ասենք, մեկ տարվա ընթացքում տիրապետել արհեստի, ինչպիսին եւ լրագրությունն է, միանգամայն հնարավոր է։ Ոչ մի վիրավորական բան դրա մեջ չկա։ Տնտեսության մեջ հավասարաչափ անհրաժեշտ են ե՛ւ գիտությունները, ե՛ւ արհեստները. ցանկացած ազնիվ աշխատանք պատվաբեր է։
Երկաթուղու մեքենավարի արհեստը նույնպես չափազանց կարեւոր է հասարակության համար, պատասխանատվությունն այստեղ, թերեւս, ավելի մեծ է, քան լրագրողինը. թիկունքում մի քանի հարյուր մարդ ապրել են ուզում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում մեքենավարության ֆակուլտետ բացել համալսարանում։ Ճիշտ այնպես, ինչպեսեւ վարորդության, քանզի ավտոդպրոցն էլ բավական է։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետների պես արտասովոր երեւույթի ի հայտ գալը պատմականորեն դյուրին է բացատրվում։ ԽՍՀՄ-ում մի ինչ-որ պահի տարօրինակ համարեցին, որ կոլեկտիվ քարոզչության, պրոպագանդայի համար կադրերը ձեւավորվում են ոչ թե հատուկ հաստատություններում, այլ որտեղ պատահի։
Կոլեկտիվ կազմակերպիչներին արհեստագիտական ուսումնարաններում կրթելը նույնպես մի տեսակ անվայել է, եւ ուրեմն՝ կազմակերպենք այդ գործը համալսարաններում։
Պատմականորեն բացատրելի է, բայց գործնականում՝ ոչ այնքան։ Հիմնարար համալսարանական կրթությունն ու կարճաժամկետ դասընթացները նրանց համար, ում հրապուրում է երկրորդ հնագույնը, իրոք իմաստ ունեն։ Իսկ խառնել այդ երկու արհեստները…
Ի դեպ, մեր առաջատար լրատվամիջոցներում ներկայումս աշխատող առաջատար լրագրողների ճնշող մեծամասնությունը համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը չի ավարտել։ Եվ փա՛ռք Աստծո։
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ












