Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանը կանգնած չէ ընտրություն կատարելու առջև

Հուլիս 8, 2013թ. 15:45

Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրոպական միության և Մաքսային միության միջև ընտրություն կատարելու առջև: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ Հայաստանն այս պահին ոչ մի հեռանկար չունի ո՛չ Եվրոպական միությանն անդամագրվելու, ո՛չ էլ Մաքսային միությանը:

«Դրանք տարբեր ֆորմատներ են և նման ընտրություն գոյություն չունի: Հայաստանը հեռանկար ունի երկու միությունների հետ էլ համագործակցելու, ինչը և փորձում է իրականացնել»,-ասաց նա:

Քաղաքագետն անդրադարձավ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրման հավանականությանը և նշեց, որ գործընթացը վատ չի ընթանում: Նա նշեց, որ թեև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ նոյեմբերին համաձայնագիրը կստորագրվի, բայց ինքը կարծում է, որ տեղի կունենա զուտ համաձայնագրի նախաստորագրում:

«Կարծում եմ, որ դրանով մենք ճանապարհային քարտեզ կունենանք՝ որոշակի պայմանների, որոնք պետք է Հայաստանը իրականացնի, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի: Այդ պայմանները Հայաստանը կիրականացնի երկու տարվա ընթացքում: Այսինքն՝ նոյեմբերին կդրվի գործընթացի սկիզբը, ոչ թե ավարտը»,- ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ այդ երկու տարին կլինի Եվրոպայի հետ ադապտացվելու ժամանակահատված:

Անդրադառնալով Մաքսային միությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանը անդամագրվելու ոչ մի հեռանկար չունի: Նա ընդգծեց, որ Հայաստանին ոչ մի երկիր չի առաջարկել դառնալ Մաքսային միության անդամ:

«Համագործակցության այն ձևերը, որոնք առաջադրվում են Մաքսային միության հետ, դրանք համագործակցության ձևեր են Մաքսային միության հետ, այլ ոչ թե Մաքսային միության ներսում»,-ասաց նա:

Հարցին, թե այն, որ Ռուսաստանը Հայաստանում գազի գինը թանկացրեց, ինչպես նաև, ինչպես վերջերս հայտնի դարձավ, սպառազինում է Ադրբեջանին՝ մասնավորապես «Սմերչ» տեսակի զենք է մատակարարում, չի՞ նշանակում, որ բարկացած է Հայաստանի վրա՝ ԵՄ-ի հետ համագործակցության քայլեր անելու համար, քաղաքագետը պատասխանեց.

«Գազի թանկացումը նոր երևույթ չէր: Չի գտնվի մի մարդ, որը չիմանար, որ ընտրություններից հետո գազի գինը թանկանալու էր: Գազի գինը թանկանում է ամենուր՝ անգամ Ռւսաստանում, բայց մենք այն ընդունում ենք՝ որպես պատժի տեսակ: Իսկ այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի վաճառքի պայմանագիր ստորագրվել է դեռևս 2010-ին՝ Ռուսաստանը մշտապես զենքով ապահովել է Ադրբեջանին»,-ասաց նա:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն