ՄԵՆՔ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ
1990թվականի հուլիսի 25-ին Խորհրդային միության նախագահ Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց` ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրինական զենքը առգրավելու մասին, իսկ նույն ընթացքում Արցախում ստեղծվում էին կամավորական ջոկատներ, որոնք պարտադրված էին միաժամանակ պայքարելու և’ ադրբեջանական պատժիչ մեքենայի, և’ խորհրդային բանակի դեմ:
Պատմական այս հանգամանքներում` գորբաչովյան հրամանագրից ընդամենը մեկ ամիս անց` օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը` ընդունվեց Անկախության հռչակագիրը:
Այս թեմայի շուրջ է հարցազրույցը խորհրդային այլախոհ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ
-Անկախության հռչակագրում շարադրվեցին մեր ժողովրդի ցանկությունները, սակայն միշտ չէ, որ ցանկալին ու իրականությունը համընկնում են, որքանո?վ մեզ հաջողվեց չշեղվել հռչակագրի սկզբունքներից, որքանո՞վ կարողացանք ձևավորել ինքնիշխան պետություն:
-Հռչակագիրը մեր 70-ամյա պայքարի ամփոփ փաստաթուղթն էր: 1921թ. մարտի 16-ին կործանվեց Հայաստանի նախորդ հանրապետությունը ու մեզ պարտադրվեց մշակութային ավտոնոմիա` ոչ ավելին: Այսինքն, տարածք, ուր հայը կարող է աղոթել երգել, պարել, իր լեզվով խոսել, բայց երբեք չդրսևորել պետականություն ունենալու ամբիցիաներ: Ավելին, նույնիսկ, ենթադրվում է, որ հայ ժողովուրդը կթողնի, կհեռանա: Սակայն 70 տարում, անգամ մեր միջից ելած վատ իշխանավորները`մեզ ու նաև աշխարհին ապացուցեցին, որ կարող ենք պետություն կառուցել, որովհետև մենք պետական ժողովուրդ ենք: Անկախության հռչակագիրը մեր հասունության ատեստատը եղավ, որով հայտարարեցինք` հայ ժողովուրդն ուզո’ւմ է լինել ինքնիշխան ու ազատ: Հռչակագրից հետո, երբ փլուզվեց Խորհրդային միությունը, աշխարհն ուրախացավ, որ վերջացավ չարիքի պետությունը, սառը պատերազմը, որ բոլորի համար պետք է լավ լինի, բայց հայերս հանկարծ հասկացանք, որ մեր դիմաց սվիններ են մեկնված` պատերազմ է: Սակայն կա մի հետաքրքիր հանգամանք. Մենք` հայերս, կարողացել ենք փոխել մեզ պարտադրված կարգավիճակները: Ինչպես ասացի, 1921-ին մեզ համար նախատեսված ռեզերվացիայից, Սովետական Հայաստան կոչվածից, պետականություն ձևավորեցինք, չնայած այն որպես այդպիսին թույլ էր, բայց մենք ներսից գիտեինք, որ պետական, ազատ ժողովուրդ ենք: Հռչակագրից հետո, մինչև 1994-ը, ռազմական, արյունոտ պայքարի փուլն էր, հայ ժողովուրդը սխրանք գործեց ու դրանով իսկ կրկին փոխեց իր կարգավիճակը: Այս անգամ արդեն ազատագրելով Արցախը: Բայց տխուր բան կատարվեց, 1994-95թվականներին մարեց նաև այն հզոր ոգևորությունն ու ռոմանտիկան, չնայած հաղթանակներից հետո այդպես է լինում, սխրանքի <ֆունկցիան> ավարտվել էր` երկիրը անկախացած էր, Արցախը` ազատագրված:
-Բայց չէ, որ անկախությունը երկիր կառուցելու նոր պատասխանատվություն, <ֆունկցիա> էր պարտադրում: Ինչը, ցավոք, ժամանակի իշխանությունների կողմից չգիտակցվեց:
-Փոխարենը կատարվեց հետևյալը, քանի որ հաղթանակից հետո պասիոնար ուժերը հոգնել էին, շատերը զոհվել, գլուխ բարձրացրին փլուզման կողմնակիցները, նրանք ազատ ասպարեզ գտան ու Հայաստանը դարձավ խոպան` հայ ժողովրդին հայհոյողների համար: մեր ինքնության ապացույցները նրանց համար թիրախ դարձան: Պետությունն աստիճանաբար անցավ ոչ պետականամետ ուժերի ազդեցության տակ: Մարդիկ հիասթափվեցին, սկսվեց արտահոսք երկրից: Երկիրը հանձնվել էր ավերողներին, քանդողներին, ովքեր էլ սկսեցին անխնա սպառողի պես շահագործել հայրենիքի գաղափարը: Իսկ այսօր ես որպես հայ մարդ հպարտությամբ ուզում եմ ասել, որ այդ փուլը, չնայած մարդկային, նյութական, նաև արժեհամակարգի կորուստներով, անցյալում է, ու քանի որ, թող վերամբարձ չհնչի, բարձր կուլտուրայի տեր ժողովուրդ ենք, Հայաստանը չդատարկվեց, հայրենաբնակ հայերը մնացին: Հետաքրքիր <սելեկցիա> տեղի ունեցավ` մնացին այն մարդիկ, ովքեր նվիրված են այս լանդշավտին: Չեն կարողանում լքել Հայկ Նահապետի թողած ժառանգությունը: Այսօր գալիս է մի նոր սերունդ, որը 20 տարուց ավելի է որ ապրում է անկախ Հայաստանում, նրանք այլևս հոմոսովետիկուսներ չեն: Լավատես եմ ու հույս ունեմ, որ պետականամետներս կկարողանանք մեր երկիրը արժանապատվորեն հանձնել նոր սերնդին, ովքեր արդեն նոր առաքելություն ունեն` զբաղվել պետության բարգավաճմամբ, երկրի հարստացմամբ, հայ ժողովրդի բարեկեցությամբ:
-Իսկ դրա համար հարկ է, որ ինքնիշխան պետության գաղափարը անհրաժետ չափով արմատավորվի և’ իշխանական վերնախավի, և’ հասարակության գիտակցության մեջ: Ուրեմն, որքանո՞վ են ժողովրդավարությունը, իրավական պետությունը, օրենքներն ու նմանատիպ արժեքները արմատացած պետական վերնախավի ու հասարակության մեջ:
-Մեզ թվում էր, թե հայ ղեկավարը պետք է լինի խիստ պարկեշտ, բարեկիրթ, հասարակական շահերին, կարիքներին նվիրված մարդ, ո?նց կարող է նախարարը հանցագործ լինել: Փաստորեն, շա~տ մեծ էին մեր պահանջները: Իշխանական վերնախավում այսօր կան մարդիկ, որոնց տեղը այդտեղ չէ, ու նրանք մեր հոգնածության, թուլության, անփութության հետևանքով են հայտնվել <վերևում>: Մենք պետք է մատնացույց անենք դրանց ու ասենք` դուք <վերևում> տեղ չունեք, ձեր տեղը բանտն է, ոչ թե իշխանությունը: Նմանների մոտ էլ ի?նչ գիտակցության մասին կարող է խոսք լինել: Բայց մի նրբություն կա. պետության առաջընթացի կողմնակիցները, հայրենասիրության կրողները մեզանում քվորում ունեն, ես չգիտեմ, նրանք աստվածաշնչյան 20 հոգի?ն են, թե? 50-ը, բայց համոզված եմ, որ նրանք կան: Ռուսները մի խոսք ունեն. <Ռուսաստանում կա մի եվրոպացի, դա կայսրն է>: Հիմա, եթե մեզ մոտ մեկ հոգի` ունենալով բարձր լիազորություններ, նվիրված լինի մեր երկրի առաջընթացին , ուրեմն ամեն ինչ կորած չէ: Ես հույս ունեմ, որ այդ մեկը կա: Ուրեմն, նրա շուրջ կան նաև այն 20-ը, որոնք իրենց մեջ կրում են ինքնիշխան պետության գաղափարը, ու չեն թողնի, որ Հայաստանը Սոդոմ ու Գոմորի վերածվի: Մյուս կողմից, ունենք վտանգներ տեսած ու անցած հասարակություն: Ավելին, մեր հասարակությունն ավելի լավն է, քան իշխանությունը, նրանում ավելի մեծ է նվիրվածությունն իր համայնքին, քաղաքին, հայրենիքին, ազգային ինքնություններին, քան վերնախավի մոտ: Գուցե պարադոքս է, բայց իրողություն: Ու ինչքան էլ մեզ չկայացած պետություն են պարտադրում, մենք ասում ենք` կայացած պետության արժանի ժողովուրդ ենք: Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը դեռ իր խոսքը կասի: Չմոռանաք նաև, թե ինչ ժամանակներում ենք ապրում: Թուրքիայում վերածնվել է նեոօսլամիզմի գաղափարը, այսինքն, թուրք ժողովրդի մենթալիտետը չի փոխվել, նրանք պանթուրքիզմի կրողներ են: Իսկ այդ գաղափարի վերակենդանացումը լուրջ վտանգ է հայ ժողովրդի համար: Մյուս կողմից գլուխ է բարձրացրեց ռուսական ներոցարիզմը, հայտնվել ենք պանթուքիզմի ու նեոցարիզմի մեջտեղում, հետն էլ հակահայ քարզչությամբ պսակազերծ են արվում մեր բոլոր արժեքները, բայց անգամ այս ծանր պայմաններում ունենք առողջ հասարակություն, որը չի ուրանում իր կրոնը, լեզուն, իր երեխային ու ծնողին:
–<Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է>, արձանագրում է Անկախության հռչակագիրը: Բայց մեր ներսում նստած է? երկրի, պետության տիրոջ գիտակցումը: Ու նաև, ի?նչ անուն տալ այն երևույթին, երբ ամեն օր անխնա վարկաբեկվում է այդ <պետականության կրողը>` հայ ժողովուրդը:
-Շատ կարևոր խնդիր է սա. Նախ հայերին վատաբանելը, հակահայությունը վաղուց օտարի կողմից մշակված <կուլտուրա> է: Սա քսենոֆոբիա է, կամ կոչենք հայաֆոբիա: Անցյալից եկող այդ ծրագիրը սակայն այսօր նկատելի է հենց Հայաստանում, կան հայ մտավարականներ, ովքեր քսենեֆոբ են, ու հայերի մասին կարծիք հայտնելիս ակնհայտ է նրանց արհամարհանքը, դա երևում է նաև նրանց դիմելաձևից` <Էս երկիրը>, <էս ժողովուրդը>: Նպատակ ես տեսնում` նսեմացնել տիրոջ դերը, իջեցնել հայի ինքնագնահատականը, հայը պետք է իմանա, որ մաշտոցյան այբուբենի տառերը հարմար չեն ինտերնետի համար, որ մեր կրոնը աղանդ է, որ մեր մարդաբանական տեսակը լավը չէ, մեր ճարտարապետությունը վատն է, մեր գյուղացիները անփույթ են, մեր գետերը աղտոտված են, մեր սարերը քանդված, Չարենցն էլ կրակել է… Մեզ պարտադրում են մտածել` էս ի~նչ ժողովրդից ենք սերվել: Մեզ անվերջ հետ են հրում ազնվական Դոն Քիշոտի կերպարից ու ասում` քոնը Սանչո Պանսան է, դու խորամանկ , ագահ, չարչի հայ ես: Եթե մեզ վերագրում են նման հատկանիշներ, որպիսին մենք չունենք, գուցե մտածենք հրեաների նման մի լիգա ստեղծելու մասին, ինքնապաշտպանության համար: Հիշեցնեմ, որ հրեաներն ունեն <Զրպարտության դեմ> լիգա, որի նպատակն է հայտնաբերել նրանց, ովքեր զրպարտում են հրեա ժողովրդին: Առողջ քննադատությունը նաև օգտակար է, բայց երբ քո ժողովրդին վարկաբեկում են, ուզում եմ իմանալ, ո?վ է այդ մարդը, արդյո?ք, ոչ վարձկան: Կրկին վերադառնամ վերը ասվածին, այն փոքրիկ կորիզը, քվորումը, այն 20 հոգին <վերևում> կան, որոնք երբեք չեն նահանջի իրենց ինքնությունից: Հայաստան է եկել օտարը, մեկի ձեռքում բալալայկան է ու <վոդկան>, մյուսի ձեռքին վիսկի ու բանջո, և ժողովուրդը մտածում է` ո?րն է սրանցից չարյաց փոքրագույնը: Զզգուշանում ենք, որ ոչ արջին զայրացնենք, ոչ էլ <կովբոյին>: Նման իրողության մեջ պետք չէ մեղադրել ժողովրդին, որ իր երկրում տիրոջ լիարժեք գիտակցում չունի: Բայց դրանով իսկ նման վատ իրավիճակներում մեր ժողովուրդը սխրանք է գործել` պահպանելով պետականությունը, ով էլ գա ու ինչ էլ քարոզի, մե’կ է, հայի գենը հարատև է, էդ հոմոսեքսուալիստն էլ մեզ չի վերաբերում, որովհետև մենք քրիստոնյա ժողովուրդ ենք ու ճանաչում ենք այն սերը, որից երեխաներ են ծնվում:
-Ու չնայած դրան, այնուհանդերձ, հոգևոր կորուստներ ունեցել ենք: Հռչակագրում ամրագրեցինք խղճի ազատության մասին, բայց մի?թե ազատություն ասվածը պետք է հաստատվեր մեր ազգային հավատի հաշվին:
-Հայ ինքնության կարևոր հենասյուներն են մեր լեզուն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այսօր մեր եկեղեցու դեմ երկու զենքով են կռվում, մեկը մեր արժեքների դեմ զարզրախոսող անհավատ հասարակությունն է, մյուսը անհավատ տերտերները, ու այս երկուսը համատեղ քայքայում են մեր հավատքը, այսինքն, նրանք կոլեգաներ են: Ի վերջո, հայոց եկեղեցին ոչ քահանան է, ոչ էլ շինությունը, եկեղեցին դա մենք ենք` հայ հավատացյալներս, եկեղեցին մեր կապն է մեր պատմության, անցյալի ու իմ հայրենիքի հետ: Դրածոների նպատակն է քայքայել հայոց սրբությունը: Իսկ ներսից քանդելն ավելի արդյունավետ է, և բարեփոխիչի դիմակ հագածները քանդում են, փորձում հիասթափեցնել մեզ եղբայրասիրությունից, որ քարոզում է մեր սուրբ եկեղեցին: Եկեղեցին պահպանողական կառույց է ու նրանում ռեֆորմներով փոփոխություններ անել հնարավոր չէ: Բայց հոմոսովետիկուս հոգևորականները պետք է ֆիզիկապես ծերանան և հեռանան, որովհետև ընչաքաղց տերետերի գոյությունը մեր եկեղեցում անհեթեթություն է:
-Լեզվի մասին խոսեցիք, չե?ք կարծում, որ այս հարցում ևս շեղվել ենք Հռչակագրի պատգամից, և անհրաժետ չափով հոգատար չենք եղել մեր լեզվի հանդեպ:
-Իշխանության մեջ քիչ չեն օտարախոսները: Եթե իշխանավորը հպարտությամբ է խոսում իր ռուսական կրթության, կամ արտերկրում սովորած լինելու մասին, կարծես հուշում է, որ հայկական կրթություն ունեցողը գյուղապետի քարտուղարուհուց ավելի չի կարող լինել, իսկ կարիերա ունենալու համար պետք է օտար լեզուների լա~վ տիրապետել, ուրեմն, երեխաներին պիտք է արտերկիր ուղղարկել: Այսինքն, հայերենը դառնում է գավառի լեզո?ւ, միայն գյուղապետի քարտուղարուհու համա?ր: Այս հարցում պետությունը պետք է մտահոգ լինի: Մեզ լեզվի տեսչություն պետք չէ, ցանկացած պաշտոնյա պետք է լինի հայերենի տեսուչը, իսկ հայերենին գրագետ չտիրապետողը իրավունք չպետք է ունենա պաշտոն ստանձնելու, ավելին, պետք է փակվեն այն հիմնարկները, որոնք աղավաղում են մեր մայրենին, որովհետև Հայաստան պետության մեջ հայերեն լեզվի դեմ ոտնձգությունը հակահայկականություն է նշանակում: Ով չի սրան դիմանում, ով ուզում է հայերենն ու հային հայհոյել` թող անցնի սահմանն այն կողմ:
-Սակայն, այս բոլոր մտահոգություններով հանդերձ չենք կարող չարձանագրել մեր ամենից մեծ ձեռքբերումը, հռչակագրում ամրագրված սեփական զինված ուժերն ունենալու պահանջը իրականություն է: Հայաստանն այսօր ունի իր անվտանգությունը երաշխավորող հզոր բանակ:
-Իհարկե, մենք հաղթող բանակ ունենք: Չնայած եղածով չպետք է բավարարվել, բանակը անընդհատ պետք է կատարելագործվի, նրանում պետք է իշխեն ընկերային հարաբերությունները, համերաշխությունը, բանակը պետք է լինի մեր բոլորի ուշադրության ու հոգատարության ներքո: Մենք պետք է դեռ մանկուց առողջ տղաներ մեծացնենք, որովհետև մենք զինվոր պետություն ենք, ամրոցում ապրող ժողովուրդ, և ինքնապաշտպանությունը մեր սուրբ գործն է:
-Հայոց ցեղասպանությանը վերաբերող դրույթը ևս իրականություն է դարձել, ավելին, չե?ք կարծում, որ այլևս անցյալ է միջազգային ճանաչման փուլը ու այստեղ հռչակագրի պահանջը նաև <սրբագրման> անհրաժետություն ունի:
-Այո, այդ փուլն արդեն անցյալ է, մենք պետք է առաջ գնանք, մենք պետք է աշխատենք Հայոց ցեղասպանության դատապարտման ու փոխհատուցման ուղղությամբ: Սփյուռքահայության կորցրած պետությունը` Արևմտյան Հայաստանը, պետք է վերադարձվի իրական տերերին: Հայը իր հայրենիքում պետք է վերահաստատվի, և այս հարցում մենք պետք է օգնեք ցեղասպանության հետևանքով բնօրրանից զրկված մեր եղբայրներին:
Սա նշանակում է սրբագրել հռչակագրի ներկայիս դրույթը և փոխարենն ամրագրել հետևյալը` Արևմտյան Հայաստանի հայության բնօրրանի վերականգնում: Ես լավատես եմ, աշխարհաքաղաքական իրողություններն այնպես կդասավորվեն, որ աշխարհը մեզ կհասկանա: Նույնը տեղի կունենա Արցախի` Հայաստանին վերամիավորման հարցում: Այսօր մենք ձևականորեն ենք ասում, թե Արցախն ինքնիշխան պետություն է, դրանով ուղղակիր հաշվի ենք նստում աշխարհի դիրքորոշման հետ, քանի որ աշխարհն այսօր դեռ չի ընկալում Արցախը որպես Հայաստանի մաս: Մենք ընդամենը խոսում ենք նրանց հասկանալի լեզվով: Բայց կգա նաև Հայաստան-Արցախ վերամիավորման ընկալման պահը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












