Ինչքան վատաբանեն մեր երկիրը, այնքան շատ գրանտ կստանան
Թե իրականում ի՞նչ գործունեությամբ են գրանտակեր հասարակական կազմակերպությունները զբաղված Հայաստանում, իրավապաշտպան ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ներկայացրեց հետեւյալ պատկերը:
«Տարիներ առաջ ինձ հրավիրեցին մասնակցելու Ծաղկաձորում կազմակերպված մի քննարկման, եւ ի՞նչ նկատեցի. տարբեր հարցերի շուրջ, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպողները նույն մարդիկ էին, նույն գրանտային կազմակերպությունները: Նրանք մի դահլիճից դուրս էին գալիս ու մտնում մյուսը:
Մի այլ բանում էլ համոզվեցի. սրանք մի խնդիր ունեն` երկիրը վատթարագույնս ներկայացնել: Օրինակ, կա «Կանանց իրավունքների պաշտպան» մի կազմակերպություն, որն աղմկում էր, թե Գյումրիում 1900 կանանց դեմ բռնություն է կատարվել:
Ասվածը ինձ շատ կասկածելի թվաց: Զանգահարեցի ոստիկանապետին, պարզվեց, որ ընդամենը 2 բռնաբարության դեպք է արձանագրվել: Փաստորեն այդ կազմակերպությանը ձեռնտու է, որ վիճակը Հայաստանում շատ վատ ներկայացվի, ասվի, թե հայ տղամարդիկ անընդհատ բռնություններ են կիրառում հայ կանանց հանդեպ:
Եվ դա այն դեպքում, երբ Գյումրիում տղամարդ չի մնացել, մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել, քաղաքում այդքան տղամարդ էլ չկա, եղածներն էլ իրենց ամուսնական պարտականությունները չեն կարողանում կատարել, էլ ուր մնաց, որ ուրիշի կնոջը բռնաբարեն»:
Իրավապաշտպանը նաեւ նկատում է, որ Հայաստանին որպես վատ վիճակում գտնվող երկիր ներկայացնելը ձեռնտու է միջազգային կազմակերպությունների հայաստանյան աշխատակիցներին` հայ թե օտարազգի, քանի որ դա հնարավորություն է տալիս նրանց պահպանելու իրենց՝ բարձր վարձատրությամբ աշխատատեղերը:
«Եվրոպացի չինովնիկները իրենց հայրենիքում աշխատանքի հարց չեն կարողանում լուծել, եկել են Հայաստան ու մեր երկրի վատաբանման հաշվին իրենց լավ պայմաններն են ապահովում: Դրա հետեւանքով մեր երկիրը լուրջ կորուստներ է ունենում: Հայաստանը վատ ներկայացնելը ձեռնտու է նաեւ որոշ ՀԿ-ների, որոնք դրա դիմաց հսկայական գրանտներ են ստանում: Ուրեմն պիտի անվերջ քննադատեն իշխանություններին, որ նորանոր գրանտներ ստանան:
Կնշանակի, նրանք ոչ թե երկրում տիրող իրական պատկերն են ներկայացնում, այլ խեղաթյուրված ու նենգափոխված»,- գտնում է Պուշկին Սերոբյանը:












