ԹԻՐԱԽԸ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՆՔ ԵՆՔ
Մեկ ամիս հետո ֆեոդալական Ադրբեջանում նախագահի ընտրություններ են։
Հայ փորձագետները լռում են կամ զբաղվում իրար նախատելով, մինչդեռ քանի մոտենում են «ընտրությունները», այնքան մոլեգնում է հակահայ քարոզչությունը: Սրա վրա է հենվում ալիեւյան քարոզչամեքենան: Երեսունից ավելի տարի շարունակ` քաղբյուրոյի անդամ ավագից մինչեւ նավթամուղին նստած անմեղսունակ:
Եվ բոլորովին պատահական չէ մեր կողմից շրջանցված այն թեզը, որ Ալիեւը նախընտրական քարոզչություն անցկացնելու կարիք չունի, «նա մտածում է ոչ թե ընտրությունների, այլ սերունդների ապագայի մասին: Նրա կատարած աշխատանքը հենց քարոզարշավ է»: Սա ի՞նչ է նշանակում` որ ընտանիքով եկանք` թքելով եվրոպական արժեհամակարգի վրա: Եվրոպան մի կողմ, արժեհամակարգն էլ հետը: Բայց հանդուրժում են, չէ՞:
Շատ քչերի ուշադրությունն է գրավում այն հանգամանքը, որ Ալիեւին ընդդիմադիր համարվող մի գործիչ` Իբրահիմբեկով, համարձակվել է ասել, որ Արցախի ժողովրդի հետ պետք է խոսել խաղաղության լեզվով: Այս մարդուն անմիջապես համարեցին ու հայտարարեցին դրսի կամակատար ու լրտես:
Ճիշտ ենք անում, որ ներսի թերությունները բացահայտում ենք, ճիշտ ենք անում, որ ապուշ պաշտոնատարներին բերում ենք մեջտեղ, բայց առկա իրավիճակում պիտի զգոն լինենք առավել: Վերջապես խոսքի ազատությունը հո չի՞ նշանակում ամենաթող լկտիություն:
Օրերս մեր լրատվամիջոցներից մի երկուսում կարդացի, որ «բանակից փախածը» նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: Եթե այդ անձին չճանաչեի, կմտածեի` գուցե ճիշտ են գրել:
Բայց որտեղի՞ց է սեւացնելու այս մոլուցքը, ո՞ւմ պատվերով: Ի՞նչ է նշանակում ծառայությունից փախուստ, երբ մարդը առաջավոր դիրքերում է անցկացրել 3-4 տարի ու զորանոցներում: Սա ծառայություն չէ՞:
Իմիջիայլոց, ուրիշին գնահատելուց առաջ պիտի մի հայացք գցել սեփական կենսագրությանը եւ ուշադիր նայել, իսկ եթե տեսնելու բան կա` խորանալ: Հասկանալի է, որ ամառ է` լրատվական «մեռյալ սեզոն», բայց դա չի նշանակում լսած-չիմացածը հրապարակելու պատրաստակամություն:
Սրանց համար ասենք` ադրբեջանական մամուլը լցված է «լուրերով», որ հայկական բանակի խայտառակ վիճակից ցնցված, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հասել է հոգեկան խանգարման աստիճանի եւ խորհրդական ընդունել անձնական հոգեբանի: Այսպիսի բաներ են գրում: Պատճառը հասկանալի է` ամեն առիթով վարկաբեկել պատերազմում հաղթած երկրի պաշտպանության նախարարին: Նաեւ ծիծաղելի առիթներով: Ալիեւյան ազգուտակի հերթական ընտրություններից առաջ մեր հասցեին ուղղված լուտանքները նորություն չեն, մանավանդ Արցախյան հաղթական Ազատամարտի պարագայում:
Չենք ուզում հավատալ, որ միտումնավոր, բայց ակամայից ջուր ենք լցնում հակառակորդի ջրաղացին: Չմոռանանք, որ հաղթանակած երկիր ենք, ու որ դրսում ջանք ու եռանդ չի խնայվելու եւ չի խնայվում Հայաստանը եւ նրա պաշպանունակությունը պախարակելու համար: Այս պահի համար այդ քարոզչամեքենայի թիրախ է ընտրվել պաշտպանության նախարարը իր կատարած նշանակման համար:
Պարզ չէ՞ միտումը: Եթե երկրի համար կարեւորագույն պաշտոն զբաղեցնող մարդն իրեն շրջապատում է գիտակրթական բարձր ցենզ ունեցող ինտելեկտուալներով, ապա դա պիտի վայնասուն առաջացնի հակառակորդ երկրում, ուր կացնով մարդ սպանելն ազգային հերոսություն է համարվում: Իսկ մենք լռում ենք:
Այստեղ տեղին է հիշել մի փաստ. Շահումյանի շրջանի կռիվների մասնակիցները պատմում էին, որ ադրբեջանցի զինվորները ռադիոկապով իրենց հարցնում էին` ե՞րբ եք գալու, որ գնանք տուն: Հիմա այս երկրի քարոզչամեքենան արհամարհական արտահայտություններ է թույլ տալիս մեր հասցեին:
Բազմիցս գրել ենք, որ մի ապաշնորհ քահանայի կամ նմանատիպ մի զինվորականի գոյությունը չի նշանակում, որ պիտի վարկաբեկվեն հավատն ու բանակը. ուղղակի դրանցից պիտի մաքրել հոգեւորն ու զինվորությունը: Դա ճանապարհ է եւ դժվար: Բայց խրամատից դուրս եկած զինվորականը, լինի նախարար թե ով, կարծում ենք, չի մոռանալու հողի խոնավ հարազատությունը: Այն հողի, որը պիտի պաշտպանվի եւ ավելացվի:
Ուրիշինը չենք ուզում:
ԱՎԻԿ ՄԱՐՈԻԹՅԱՆ












