Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը ներկայում ենթակա է փորձության. ՀՅԴ
Երևանում օգոստոսի 24-ից 26-ը տեղի է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով, հաղորդում են ՀՅԴ մամուլի ծառայությունից:
Համահայկական այս միջոցառմանը մասնակցում էին Հայրենիքի և արտերկրի կուսակցական մարմինների և շրջանների ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցեր։
Խորհրդաժողովն անդրադարձել է հայության և հայոց պետականության առջև ծառացած խնդիրներին և նոր մարտահրավերներին։
Շեշտվել է, որ իր օրակարգային հիմնահարցերին համարժեքորեն արձագանքելու համար ՀՅ Դաշնակցությունը պետք է ներդնի հավելյալ ջանքեր, հանդես գա համակուսակցական ամբողջական ներուժով։
Խորհրդաժողովը արձանագրել է, որ կազմակերպական-կարգապահական հարցերի լուծման հիմնական միջոցը գործն է։
Նոր ժամանակներին և իրողություններին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է շարունակաբար հստակեցնել մարտավարական անելիքները, առավել ճկուն և արդյունավետ դարձնել գործելաոճը, առավել արդյունավետ կիրառել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները։
Քննելով Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակը` խորհրդաժողովը մատնանշել է մի շարք բացասական երևույթներ, որոնք մտահոգիչ են հայոց պետականության համար։ Շեշտվել է մասնավորապես արտագաղթի խնդիրը, որն ազգային անվտանգությանը սպառնացող հիմնահարց է։ Այս գործընթացը կասեցնելու համար անհրաժեշտ է նկատվել, որ պետությունը որդեգրի արտագաղթի պատճառները վերացնող սոցիալ-տնտեսական և այլ բնույթի համալիր ծրագիր։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մշակել է նման ծրագրի համար իր առաջարկների փաթեթը, որը կներկայացվի հանրությանը։
Քննելով Հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը`խորհրդաժողովը հաստատել է.
1.Տարածաշրջանում տեղի են ունենում բախտորոշ գործընթացներ, որոնք հանգեցնելու են գլոբալ փոփոխությունների։ Այս փոփոխություններին ենթակա է նաև հարավկովկասյան շրջանը՝ նոր մարտահրավերների առջև կանգնեցնելով Հայաստանը։
2.Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը ներկայումս ենթակա է փորձության։ Հայաստանի պետականությունը գտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր հավասարակշռության կայացման շեմին։
3.Առկա մարտահրավերները դիմագրավելու համար ՀՀ պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի և վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն։
4.Խորհրդաժողովը արձանագրել է, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որևէ ոտնձգություն ԼՂՀ պետականության և բնակչության անվտանգության դեմ։ Այս տեսանկյունից կարևոր է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ տալը։
5.Ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ պետք է ծառայի ուժեղացնելու Հայ Դատի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բանաձևելու նոր հանգրվանի շեմին հայության պահանջատիրական թիրախները և ընդլայնելու Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքների բովանդակությունն ու աշխարհագրությունը։
6.Կարևորելով քաղաքական փոխհարաբերությունների առաջնահերթությունները` Հայաստանը պետք է ձգտի բազմակողմ տնտեսական-քաղաքական կապերի՝ ապահովելով իր համար անկախ քաղաքականության երաշխիքներ։
7.Խորհրդաժողովը քննարկել է Միջին Արևելքի երկրներում տեղի ունեցող զարգացումներն ու տեղի հայության և ի մասնավորի սիրիահայության վերաբերող հարցերը։ Սիրիահայության խնդիրը, պետական, ազգային և կուսակցական առումով Հայաստանի համար մնում է հիմնական առաջնահերթություն։ Սիրիահայության նյութական ու տնտեսական ծանր կացությունը թելադրում է օժանդակության ապահովման խնդիրը դիտել որպես ամենօրյա և տևական աշխատանք։ Միաժամանակ հայության վտանգված հատվածի բազմակողմ հիմնահարցերը լուծելու նպատակով անհրաժեշտ է թափ հաղորդել երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին։
Հայաստանի ու Սփյուռքի ամբողջական համարկումը տևական գործընթաց է, որ կարելի է անխոչընդոտ առաջ տանել` կենտրոնանալով դրական ձեռքբերումների և երկուստեք հստակեցված թիրախների վրա։
Խորհրդաժողովը հաստատել է, որ Հայությանն ու Հայաստանին ծառայության համար կուսակցության հզորացումը Հարենիքում և Սփյուռքում մնում է առաջնահերթություն, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր։












