Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ՛ ԿԱՐՈՂ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հուլիս 23, 2013թ. 12:47

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ

-ԼՂՀ-ն տոնում է իր դիվանագիտական ծառայության ստեղծման 20-ամյակը: Այս տարիներին որքանո՞վ է Արցախի արտաքին գործերի նախարարությանը հաջողվել արտաքին ճակատում լսելի դարձնել Արցախի ձայնը:
-Արցախի արտաքին գերատեսչությունը ստեղծվեց պատերազմական իրավիճակում` 1993-ի ամռանը անմիջապես մտավ քաղաքական բարդ գործընթացի մեջ: Մեր նորամանուկ դիվանագիտությունը ստիպված էր հընթացս վարժվել արտաքին քաղաքական միջավայրին: Ի պատիվ ԼՂՀ առաջին ԱԳ նախարար Արկադի Ղուկասյանի, կարողացավ հաջողությամբ դիմագրավել մարտահրավերներին` միաժամանակ մասնակցելով Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող բանակցություններին:
Զինադադարի ռեժիմի հաստատմամբ իրավիճակը փոխվեց, փոխվեցին նաեւ արտաքին գերատեսչության առջեւ դրված օրախնդիրները: Սակայն չի եղել մի օր, որ ԼՂՀ ԱԳՆ-ն թերանա իր գործառույթներում:
Իսկ այսօր տեսանելի են տարիների աշխատանքի արդյունքները: ԼՂՀ անկախության ճանաչման բանաձեւեր են ընդունել ԱՄՆ 4 նահանգները, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը: Վերջերս ստեղծվեց Լիտվա-Արցախ պատգամավորական բարեկամության խումբը, իսկ Ֆրանսիայում` ԼՂՀ աջակցության խումբը: Սրանք տարիների աշխատանքի արդյունք են:
-Չնայած կատարվածին, այնուհանդերձ նկատելի է, որ Արցախի ԱԳՆ-ն ակտիվ գործունեություն չի ծավալում. պատճառը զգուշավորությո՞ւնն է, թե՞ բանակցային գործընթացին Արցախի չմասնակցությունը:
-Ճիշտն ասած, նախ պատճառն այն է, որ ԼՂՀ ԱԳ նախարարն ինքնուրույն որոշումներ չի կայացնում, որովհետեւ սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունն ուղղորդում է երկրի նախագահը, իսկ ԱԳ նախարարներն իրականացնում են ստացած ցուցումները:
Բացի դրանից, կան քայլեր, որոնք չեն կարող հրապարակվել, քանի որ ադրբեջանական կողմը տարբեր միջոցներով հակադարձում է, եւ ժամանակից շուտ այս կամ այն գործողության «գաղտնազերծումը» կարող է վտանգել աշխատանքները: Ահա այս հանգամանքով պետք է բացատրել այն, ինչը լրագրողներդ անվանում եք ԱԳ նախարարության պասիվություն:
-Վերջին շրջանում հաճախ է ասվում, որ փակուղում հայտնված բանակցային գործընթացը ենթադրում է նոր առաջարկների, նոր տրամաբանության անհրաժեշտություն: Նաեւ տեղեկատվություն է տարածվում, թե ԱՄՆ-ի նպատակն է միաժամանակ ճեղքում գրանցել ե՛ւ Ղարաբաղյան հակամարտության, ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Իրականում ի՞նչ նպատակներ են թաքնված սրանցում:
-Դատելով մամուլի հրապարակումներից, որոշակի քայլեր են ձեռնարկվում մինչեւ տարեվերջ` Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու համար:
Բայց ես լավատես չեմ, որ բեկում կլինի: Ինչո՞ւ: Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներն իրենց 4-5 հայտարարություններում մշտապես նշել են` Մադրիդյան հիմնարար սկզբունքները միասնական են, եւ որեւէ տարր չի կարող անջատվել: Իսկ տարրերից մեկը ժողովուրդների ինքնորոշումն է: Բայց քանի որ Ադրբեջանը սա չի ընդունում, կնշանակի պատրաստ չէ այս հայեցակարգի շուրջ շարունակել բանակցությունները:
Ինչ վերաբերում է ԱՄՆ ծրագրին: Մեզանում կա թյուր կարծիք, թե ԱՄՆ ղեկավարությունը կարողանում է տարբեր երկրներում խնդիրներ դնել ու լուծել: Իրականությունը սակայն փաստում է, որ դա, մեղմ ասած, չափազանցություն է:
-ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, թե հակամարտությունը պետք է լուծվի բոլոր կողմերի դիրքորոշումները հաշվի առնելով: Փակագծերը բացելով էլ ընդգծեց, թե ինչ նկատի ունի «բոլոր կողմեր» ասելով` բացի Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, նաեւ Թուրքիան ու Իրանը:
-Ես պետք է ուղղեմ ԱՄՆ պետքարտուղարի մտքի սխալը. հակամարտության բոլոր կողմեր ասելով պետք է հասկանալ` ԼՂՀ ու Ադրբեջան, ապա մյուսները:
Ինչ վերաբերում է Թուրքիային ու Իրանին, չեմ կարծում, թե ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Իրանն այս տարածաշրջանում դերակատարություն ունենա: Գուցե Ջոն Քերին նախասիրություն ունի թուրքակա՞ն դիվանագիտության հանդեպ: Այս հայտարարությունը դրա վկայությունն է:
ԱՄՆ պետքարտուղարին հիշեցնեմ, որ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ հովանու ներքո, ուր որոշումներն ընդունվում են միայն կոնսենսուսով, այսինքն՝ եթե բանակցող կողմերից մեկը դեմ է Թուրքիայի մասնակցությանը, վերջինս չի կարող ներգրավվել: Հայաստանը դեմ է: Թուրքիան չի՛ կարող ներգրավվել բանակցություններում, չի՛ կարող լինել միջնորդ։
-Ադրբեջանցի վերլուծաբան Միրկադիրովը, հղում անելով Անկարայի աղբյուրներին, տեղեկացնում է, թե ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան` ԱԳ ղեկավարների սպասվելիք հանդիպման ընթացքում Արցախյան հիմնախնդրում ճեղքում մտցնելու վերաբերյալ առաջարկներն արդեն իսկ փոխանցվել են Ադրբեջանի ղեկավարությանը: Սա ադրբեջանա-թուրքական տեղեկատվական սադրա՞նք է:
-Իհարկե: Տեսեք, եթե կա հստակ առաջարկություն, ապա երկու կողմերն էլ այն պետք է ստանային: Բայց Միրկադիրովի մտքի իդիոտիզմը նրանում է, որ պնդում է, թե դրանք փոխանցվել են Ադրբեջանին, ու լռում է, չի ասում՝ իսկ Հայաստանի ղեկավարությանը փոխանցվե՞լ են, թե՞ ոչ: Այսինքն՝ կողմերից մեկը ստացել է, մյուսը` ո՞չ:
Ես սա համարում եմ Ադրբեջանի հերթական տեղեկատվական սադրանք: Նման կերպ փորձում են ներազդել մեր մտածողության վրա ու ապակողմնորոշել մեր վերլուծական քաղաքական հանրությանը: Ինչը նրանց չի հաջողվի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
<Հայոց Աշխարհ>


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն