Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հարցազրույցներ, Հոգևոր

Ինչո՞ւ Նավասարդ Կճոյանը հեռացրեց երիտասարդաց միության ղեկավարին, որը աշխատում է անձնուրաց նվիրումով

Հուլիս 19, 2013թ. 15:50

Զինվորականությունն է պահել կառույցը

Հարցազրույց ՏԵՐ ՇԱՀԵ ՔԱՀԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց հեռացնելու որոշման կապակցությամբ լարվածությունը պահպանվում է։ Նկատելի է նաեւ միտում` հեղինակազրկել ազգանվեր հոգեւորականին, ինչին են միտված տարածվող լուրերը, թե տեր Հակոբը իբր չի կատարել իր պարտականությունները եւ հեռացվել է: Որպես տարիներ շարունակ տեր Հակոբի հետ աշխատած հոգեւորական, ի՞նչ միտում եք տեսնում այս ամենում:
-Ես չեմ հասկանում, ինչո՞ւ են նման բնութագրումներ շրջանառվում` սա լավ, նա վատ քահանա է, սա աջակողմյան է, նա ձախակողմյան: Մի բան պարզ է, այս ամբողջը նոր տեխնոլոգիաների հորինվածքն է, հրահրվող աժիոտաժը: Իսկ մենք պետք է լինենք շրջահայաց:
Սրբազան հայրը, ինչպես ասված է հայտարարության մեջ, տեր Հակոբին Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղափոխել է Սբ Երրորդություն եկեղեցի: Տեր Հակոբն էլ մամլո ասուլիսում հայտարարեց, որ ինքը պատրաստ է ծառայել ցանկացած տեղում, ուր կուղարկի իրեն առաջնորդը, այսինքն՝ սրանով ամեն ինչ ասված է: Այս աղմուկն ինձ համար՝ որպես կրոնավորի, անհասկանալի է: Թե ի՞նչ ոլորտներ են շոշափվում դրա տակ` ես չգիտեմ:
Մտահոգիչն այն է, թե ինչո՞ւ Նավասարդ Կճոյանը մեկ այլ քահանայի չտեղափոխեց, այլ հեռացրեց հե՛նց երիտասարդաց միության ղեկավարին, որը աշխատում է անձնուրաց նվիրումով, ու շատ գործեր ունի անելու: Ի դեպ, այս հանգամանքը միության անդամների մեջ տարբեր կասկածների տեղիք է տվել:
-Այսօր Բերդում կամ, ասենք, Աշոցքում կան քահանաներ, որ Երեւանում չեն եւ, օրինակ, տեր Շահեի նման ամեն օր հեռուստատեսությամբ ելույթներ չեն ունենում, չունեն տեր Հակոբի հնարավորությունները նման գործեր անելու, բայց Բերդում ծառայող քահանան ավելի կարեւոր գործ է անում, քան տեր Շահեն:
Ուզում եմ ասել` մի կուսակցականացրեք, գնահատական մի տվեք` արդյունավետ, անարդյունավետ, դա միայն Աստծո գործն է: Տեր Հակոբը հիմնեց երիտասարդաց միությունը, այսինքն՝ այն հիմնվել էր ավելի վաղ` Վեհափառի ժամանակներից, մի երկու տարի էլ ես եմ ղեկավարել, նաեւ տեր Գրիգորը, տեր Հայկազունը…
-Սակայն իրականում միությունն ակտիվ գործեց 2009-ից, տեր Հակոբի` կառույցի հոգեւոր հովվության պատասխանատվությունը ստանձնելու շրջանից:
-Տարիներ առաջ սրբազանը երկու սենյակ էր գնել եկեղեցուն կից, որպես մոմավառության սրահ, բայց այն չէր օգտագործվում: Տեր Հակոբը վերցրեց, մաքրեց եւ դարձրեց գրասենյակ, ու փառք Աստծո, սկսեց լավ գործունեություն ծավալել:
Ինչ վերաբերում է վարքին կամ արդարությանը, կարդացեք Հովհան Մանդակունու 5-րդ դարում` 480-ականներին, գրած «Վասն քահանայության» ճառը, ուր ասվում է` թող ոչ ոք չքննի կրոնավորի գործերը, որովհետեւ դատավորն Աստված է: Ինքս 4 անգամ իմ ծառայության ընթացքում տեղափոխվել եմ` Խոր Վիրապից Սուրբ Հովհաննես եկեղեցի, ապա Սուրբ Սարգիս եկեղեցի, այսինքն՝ այդ տեղափոխությունները հոգեւոր զինվորի համար շատ նորմալ երեւույթ են, իսկ աշխարհիկները ոգեւորված, նման քննարկումների են այն վերածել: Դուք այլ տեղերում եք պատասխաններ որոնում:
Իսկ որտե՞ղ փնտրել, երբ չի հնչում խելամիտ պարզաբանում: Նավասարդ Կճոյանը համոզիչ բացատրություններ չի տալիս անգամ թեմի հավատացյալներին, թե ինչու հեռացվեց պարկեշտ քահանան, ինչու է փորձ արվում ձախողել «Արարատ» հոգեւոր միության աշխատանքները:
-Կներեք, բայց սրբազանի գործողությունները ես չեմ կարող գնահատել, ես ինչպե՞ս կարող եմ պատասխան տալ եկեղեցու անունից: Ես պարզ քահանա եմ, ու չեմ կարող քննել իմ առաջնորդի խոսքերն ու գործերը: Ներողություն:
Իսկ կատարվածը պարզ տեղափոխություն է: Ու դա ոչ մի կապ չունի, թե որեւէ մեկը մյուսին սիրում է, չի սիրում: Թող ինձ տեղափոխեն, ես շատ ուրախ կլինեմ: Չորս քահանաներ ենք, որեւէ մեկիս սրբազանը կարող է տանել որեւէ տեղ: Դա սրբազանի հայեցողությունն է ու շատ նորմալ երեւույթ:
Իսկ երիտասարդաց միությունը, ի սեր Աստծո, չի վտանգվի: Հավատացեք, դա չի նշանակում որեւէ գործի գլխատում, ոչ ոք տեր Հակոբին գործից չի կտրել, նա իր քահանայությունը շարունակում է: Գործ անող մարդն ուրիշ տեղում էլ իր գործը կանի: Փառք Աստծու, տեր Հակոբը նույն գործունեությունը կարող է կատարել նաեւ Սուրբ Երրորդություն եկեղեցում: Սա զինվորականություն է, ու դա է պահել մեր կառույցը:
-Տեր հայր, իսկ ի՞նչ կասեք վերջին շրջանում հաճախ տարածվող այն լուրերի մասին, թե կան հոգեւորականներ, որոնք մեր եկեղեցին վերածել են փող վաստակելու միջոցի ու անտեսած հոգեւոր, ազգային շահերը, զբաղված են սեփական բիզնեսով:
-Մի պարզ օրինակ բերեմ: 1985-ին աշխատում էի Մատենադարանում, այդ ժամանակ երկրի ղեկավար նշանակվեց Գորբաչովը ու ծածուկ հրաման արձակեց ընդդեմ հոգեւորականության, ընդդեմ եկեղեցու:
Ես երգում էի Խոր Վիրապի «Ավետիս» երգչախմբում: Հանկարծ իմացանք, որ երգչախմբից հեռացել է հրաշալի գիտնական Կ. Մուրադյանը, ինչու, որովհետեւ նա կուսակցական աշխատող էր, ու նրա վրա ճնշում էր եղել, պարտադրել էին ընտրություն անել` կամ կուսակցական պաշտոնդ, կամ եկեղեցում երգելը: Մարդն ընտրեց պաշտոնը, նման օրինակները շատ են:
Բայց շարունակեմ միտքս. այդ նույն ընթացքում էր, որ Մատենադարանում մեկ այլ բան նկատեցի. ընթերցասրահ էր տարվել, ու որոշ գիտնականներ սկսել էին ուսումնասիրել 1927-ին տպագրված «Անաստված» կոչվող ամսագիրը: Գիտե՞ք ինչու, որպեսզի 1927-ի մեթոդաբանությամբ գորբոչովյան շրջանում եւս պայքարեին եկեղեցու դեմ: Այսօր գրեթե լրանում է անաստվածության ժամանակաշրջանի 100-ամյակը, երբ եկեղեցիներ ավերեցին, քահանաներ մորթվեցին, այդ շրջանում էր, որ տարբեր բնութագրումներ էին տրվում վարդապետներին, տեր-տեր բառն էլ օգտագործվեց որպես ուղղություն` «տերտերականություն»:
Այնպես որ ձեր ասածն ինձ համար նորություն չէ, դա համարում եմ միտումնավոր հարձակում եկեղեցու վրա: Եկեղեցին միակ կառույցն է, որն ազգային է, իր մեջ պահպանում է մեր գրաբարյան լեզուն, պահպանում է մեր շարականները, ունի նվիրապետական կառույց, որի գլուխը Քրիստոսն է, ու հակառակորդն անպայման կուզենա ազատվել դրանից: Այդ խոսակցությունները հոգեւորականների հասցեին այն ամպն է, որ միտումնավոր կուտակում են մեր գլխավերեւում:
-Իսկ ի՞նչ կասեք այն մտահոգության մասին, որ եթե աղանդավորը դրսից է քանդում մեր ազգային եկեղեցին, ապա կառույցից ներս թափանցած որոշ դրածո հոգեւորականներ իրենց սեւ գործը ներսում են տեսնում, նաեւ պարկեշտ, ազգային հոգեւորականների դեմ պայքարելով:
-Փոքր-ինչ բացեմ փակագծերը: Մի առիթով խոսում էի ժամանակին խորհրդային ՊԱԿ-ում աշխատած մի անձնավորության հետ: Նա բացահայտ ասաց, այո, խորհրդային շրջանում իրենք կրոնավորներին օգտագործել են եկեղեցու դեմ ծավալված պայքարում: Այդ սերունդը մինչեւ հիմա կա, մնացել է: Սա է վիճակը:
Բայց ո՜ւմ դեմ են դրանք պայքարի դուրս եկել, ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ եկեղեցին հավիտենական կառույց է, ու այս հարսը մնալու է այնքան ժամանակ, մինչեւ կգա փեսան:
-Ուրեմն ինչպե՞ս մեր ազգային հոգեւոր կառույցն ազատել բիզնես, օլիգարխիկ շահեր հետապնդող, եկեղեցակործան «հոգեւորականներից»:
-Պետք է լինենք զգոն, պարզապես սիրենք մեր կառույցը, խաչին ձեռք չտանք, որպեսզի մեր խաչի վրա ոչ թե ագռավներ, այլ աղավնիներ նստեն: Իսկ նման լարվածությունն այսօր չի կարող նպաստել մեր ներքին խաղաղությանը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

<Հայոց Աշխարհ>


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հարցազրույցներ, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն