Նավասարդ Կճոյանի քայլն այլ բան չէ, քան միության գլխատում
Արդեն մի քանի օր է, ինչ խռովված է Արարատյան թեմի հոգեւոր համայնքը, լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում չեն դադարում Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի կայացրած որոշման շուրջ քննարկումները
Համաձայն այդ որոշման՝ Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության նախագահ տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ազատվեց «Արարատ» հոգեւոր միության հովվի պարտականություններից եւ հոգեւոր ծառայության ուղարկվեց մեկ այլ` Սուրբ Երրորդություն եկեղեցի: Անակնկալի եկած հավատացյալներն արդարացիորեն բացատրություն են պահանջում՝ ինչո՞ւ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց հեռացվեց նվիրյալ հոգեւորականը:
«Արարատ» հոգեւոր միության անդամների հետ ունեցած մեր զրույցից, ապա եւ Սուրբ Սարգիս եկեղեցի կատարած այցից հետո պարզ դարձավ, թե ինչու թեմի առաջնորդը որոշեց ազատվել հե՛նց տեր Հակոբ քահանայից:
Դատելով ամենից, ոմանք չկարողացան հանդուրժել ազգանվեր հոգեւորականի ներկայությունը: Նրանց համար անընդունելի են ազնիվ, ազգային հոգեւոր արժեքներին նվիրյալ հոգեւորականները, ովքեր ունեն բարձր հեղինակություն:
Մեր զրուցակիցները կարծիք հայտնեցին, որ հանրապետության նախագահի հատուկ մրցանակը, որ այս տարվա հունվարի 18-ին տեղի ունեցած «Հայկյան» 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ շնորհվել էր «Արարատ» հոգեւոր միությանն ու նրա հովիվ տեր Հակոբ քահանային` «Երիտասարդության շրջանում հոգեւոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար», շատ պինդ էր մնացել Կճոյանի կոկորդին: Ու տեր Հակոբի ազգանվեր գործունեությունը չհանդուրժվեց…
«Արարատ» հոգեւոր միության անդամները մեզ հետ զրույցում միաբերան փաստում էին` երիտասարդաց միությունը, որի գործունեության առանցքն է հայ մարդուն փոխանցել հոգեւոր գիտելիք, զորացնել նրա հավատքը, կենդանություն առավ միայն շնորհիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի անմնացորդ նվիրման:
Տարիներ առաջ տեր Հակոբի նախաձեռնությամբ ստեղծվում են «Արարատ» երգչախումբը, պարի, ասմունքի ու լրագրողական խմբակները: Նրա առաջարկով իրականացվում է մանկատների հետ ծրագիրը: Տեղեկացանք, որ Նավասարդ Կճոյանը երբեւէ չի օժանդակել միության գործունեությանը, եւ միայն տեր Հակոբի ջանքերի ու հոգեւորականի հանդեպ բարերարների վստահության շնորհիվ է, որ կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր:
Թեմի հավատացյալները համոզված են` Նավասարդ Կճոյանի քայլն այլ բան չէ, քան միության գլխատում: «Որեւէ մեկը թող չկարծի, որ հեռացնելով տեր Հակոբին՝ թուլացրին ու հիասթափեցրին նրան ու իր կողքի կանգնած մարդկանց, ոչ՛: Մենք հետայսու էլ տեր Հակոբի հետ շարունակելու ենք այդ ծրագիրը՝ ապացուցելով, որ մեր գործն արդար է»:
Ի դեպ, նախօրեին եկեղեցու բակում հավաքված բազմաթիվ հավատացյալներ, իրենց հարցերի պատասխաններն ստանալու ակնկալիքով, դիմել էին Նավասարդ Կճոյանին. վերջինիս քամահրական պատասխանը առավել քան խոսուն էր. «Եթե ես ձեզ ասեմ պատճառը, կնշանակի, թե ես ձեզ բացատրություն եմ տալիս։ Իսկ ես բացատրելու խնդիր չունեմ։ Եվ առհասարակ, ինձ չի հետաքրքրում, թե ինչ են իմ մասին գրում ու խոսում»։
ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՓԱԽՉՈՒՄ ՏԵՐ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի այցիս նպատակը կատարվածի շուրջ քահանաների հետ զրուցելն ու հայ հոգեւորականի արդարամիտ խոսքը լսելն էր: Սակայն քահանաների սենյակում ինձ սպասում էր անակնկալ:
Բազկաթոռի մեջ ընկղմված հաստլիկը, որ արտաքուստ հոգեւորականի տպավորություն չէր թողնում (մանավանդ՝ սպորտային շապիկով), պարզվեց՝ քահանա տեր Հայկազունն էր, որը տեր Հակոբ քահանա Խաչատրյանի անունը լսելուն պես գունատվեց, դեմքը խոժոռվեց ու արհամարհանքով շպրտեց` ես նման հարցերի չեմ պատասխանում: Իսկ երբ նկատեց ձայնագրիչս, հրամայական տոնով հոխորտաց.
-Անջատի՛ր, ասում եմ՝ անջատի՛ր:
-Խնդրում եմ ձեր` հոգեւորականի կարծիքը կատարվածի մասին:
-Ես ոչ մի վերաբերմունք չունեմ:
-Ինչո՞ւ, այնուհանդերձ, նվիրյալ հոգեւորականը հեռացվեց առաջնորդանիստ եկեղեցուց, ազատվեց երիտասարդական միության հովվի պարտականություններից:
-Ձեզ սխալ տեղեկություն են տվել:
-Իսկ ո՞րն է ճիշտը, կարո՞ղ եմ իմանալ ձեր գնահատականը:
-Լսե՛ք, շանտաժի մի՛ վերածեք (հավանաբար` ենթարկեք-Ա.Ս.) մարդուն:
Ասենք, որ այս «ճեպազրույցը» տեղի ունեցավ «էքստրեմալ» պայմաններում` քահանաների սենյակի աստիճավանդակների վրա` տեր Հայկազունի փախուստին զուգընթաց:
Ակնհայտ էր նաեւ եկեղեցու սպասավորների վախվորածությունն ու շփոթմունքը։ Մարդիկ պարզապես վախենում էին կատարվածի մասին սեփական կարծիք արտահայտելուց: Բայց, չնայած դրան, անկարող եղան չասել իրենց սրտի ցանկությունը. «Մենք տեր Հակոբին պաշտում ենք, երբեք վատ բան չենք լսել ու տեսել նրանից: Տեր Աստված վկա»:
Նյութը պատրաստելիս մտածում էի՝ արժե՞ գրել տեր Հակոբի հանդեպ մեծ հարգանքով արտահայտված եկեղեցու սպասավորների անունները, բա որ Կճոյանը հանկարծ բարկանա ու որոշի ազատվե՞լ նրանցից:
Եկեղեցում մեկ այլ անակնկալ էլ էր մեզ սպասում. դա մամլո դիվանի պաշտոնակատարի հետ հանդիպումն էր: Ամենավատ չինովնիկի կեցվածքով ներկայացած պատասխանատուն սկսեց նախ տնտղել` ի՞նչ հարցազրույց եմ ուզում պատրաստել, «պատշա՞ճ, թե՞ ոչ պատշաճ» հարցեր եմ ուղղելու, հետն էլ սկսեց շոշափել, իր իսկ խոսքով, նախատրամադրվածությունս` եկել եմ քննադատելո՞ւ, թե՞ Կճոյանի քայլը գովերգելու: Ստիպված էի ճշտել` որտե՞ղ եմ գտնվում` դատախազությունո՞ւմ, թե՞ եկեղեցում, միաժամանակ իրազեկել` նման հարցախույզը լրագրողական էթիկայի խախտում է:
Ինչեւէ, իրավիճակը փորձեց փրկել տեր Շահե քահանան՝ իր վրա վերցնելով հարցազրույց տվողի «ծանր բեռը»:
Հ.Գ.- Տեր Շահեի հետ հարցազրույցը կարդացեք «Հայոց Աշխարհ»-ի վաղվա համարում։
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












