Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ

Ռուսաստանը երաշխավորո՞ւմ է Ղարաբաղի ու Հայաստանի միասնական անդամակցումը

Օգոստոս 28, 2013թ. 09:26

Vahram Atanesyan<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ

– Հայաստանյան որոշակի շրջանակներում կա մտավախություն, թե ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Արցախի համար: Նույնիսկ ակնարկվում է, թե Ռուսաստանը կարող է <դասեր տալ> Հայաստանին` կիրառելով վրացական սցենարը: Նման անհանգստություն կա? Արցախում:

-Այդպիսի <մտահոգություն> արտահայտում են այն շրջանակները, որոնք 2008-ի օգոստոսի 8-ին` Վրաստանում պատերազմ սկսվելու ժամանակ վստահեցնում էին, թե Ռուսաստանը Վրաստանի տարբերակը կկիրառի նաև Ադրբեջանի դեմ: Շատ լավ եմ հիշում այդ օրերին հայաստանյան ու արցախյան որոշ քաղաքագիտական շրջանակների ոգևորությունը, նրանք սպասում էին` ուր որ է ռուսական տանկերը միջանցք կբացեն դեպի Բաքու: Բայց նման բան տեղի չունեցավ, Ռուսաստանը պարզապես, Վրաստանում իր հարցերը լուծեց, ու վերջ: Չնայած, Ռուսաստանն ուներ ԼՂ հիմնախնդրում իր լուրջ վերաբերմունքն արտահայտելու հնարավորություն և կարող էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուն զուգահեռ, ես չեմ ասում ճանաչեր նաև Արցախի Հանրապետության անկախությունը, բայց գոնե որոշակի մեսիջներ կարող էր ուղղել Ադրբեջանին, ինչը պարզապես չարեց: Հակառակը, 2008-ից առ այսօր Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև տեղի են ունենում զենք, զինամթերքի վաճառքի խոշոր գործարքներ, մասնավորապես, վերջին գործարքը, այնքափ լուրջ փաստ է, որպեսզի հայաստանյան ռուսամետ շրջանակներն այլևս նման հույսեր չփայփայեն: Ադրբեջանին 1 միլիարդից ավելի արժողությամբ հարձակողական բնույթի զենք վաճառելով, ռուսական կողմն իր քայլը պատճառաբանեց` <զենքի առքուվաճառը բիզնես է> ձևակերմամբ: Բայց չէ? որ զենքի բիզնես չի կարելի անել այն երկրի հետ, որն ամեն պահի վտանգում էլ ռազմավարական դաշնակցիդ անվտանգությունը:

-Ռուսամետները ձեզ կհակադարձեն`դա Ռուսաստանի պատասխան քայլն էր եվրաինտեգրվող Հայաստանին:

-Երբ Մեդվեդևի նախագահության ու Պուտինի վարչապետության օրոք Ռուսաստանը Ս-300 հակահրթիռային համակարգեր էր վաճառում Ադրբեջանին, այն ժամանակ դեռ խոսակցություն չկար Հայաստանի եվրաինտեգրման մասին: Ռուսաստանը միշտ էլ Ադրբեջանին ռազմական տեխնիկա է վաճառել: Եվ մենք չպետք է մոռանանք, որ դա արել է նույնիսկ արցախյան պատերազմի տարիներին: Ուրեմն, Ռուսաստանի համար ոչ մի կապ չունի, թե ո?վ է այդ պահին Հայաստանի Հանրապետության նախագահը, և ի?նչ արտաքին քաղաքականություն է վարում երկիրը` կոմպլեմենտա?ր, ռուսամե?տ, թե? արևմտամետ: Եվ այսօր համարել, թե Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրից հետո Ռուսաստանը ԼՂ հիմնահարցի առնչությամբ կարող է մեկ այլ դիրքորոշում որդեգրել, անկեղծ ասած, տրամաբանական չեմ համարում: Արձանագրեմ, որ Ռուսաստանն այսօր ունի դիրքորոշում, որն էականորեն չի տարբերվում նրանից, ինչը հնչեցվել է Մադրիդյան սկզբունքների տեսքով:

-Այնուհանդերձ, ռուսական քաղաքագիտական շրջանակներն արցախյան խնդրում կանխատեսում են ռուսական կողմի դիրքորոշումների փոփոխություն հե’նց վիլնուսյան գորընթացի լույսի ներքո: ՌԴ պետական խորհրդական Մ. Կոլերովն անգամ հայտարարեց, թե Հայաստանի` ԵՄ-ին ընդառաջ քայլերը պատճառ կդառնա Հայաստան-ԼՂՀ տարանջատման: Ու մեկնաբանեց` ԼՂՀ-ն կմնա ռուսական, իսկ Հայաստանը կհայտնվի եվրոպական «քաղաքական, տնտեսական եւ պաշտպանական պատասխանատվության գոտում>:

–<Հայոց Աշխարհ> թերթի միջոցով ես հարց կուղղեմ պարոն Կոլերովին: Եթե Հայաստանը միանա ռուսական նախագիծ Մաքսային միությանը կամ դառնա գոյություն չունեցող Եվրասիական միության անդամ, այդ դեպքում Ռուսաստանը երաշխավորո?ւմ է Ղարաբաղի ու Հայաստանի միասնական անդամակցումն այդ երկու կառույցներին: Համոզված եմ, որ ռուս վերլուծաբանը դա չի կարող երաշխավորել նույնիսկ փորձագիտական մակարդակով, որովհետև կստանա կոշտ պատասխան ռուսական իշխանական վերնախավից, ովքեր նրան այսօր թելադրում են ասել այն, ինչ այս պահին իրենց է պետք: Երկրորդ, ենթադրություններ անել, թե Հայաստանն ու Արցախը կհայտնվեն աշխարհաքաղաքական տարբեր գոտիներում, սույն պարոնը նաև շատ թափանցիկ ակնարկում է, որ ինքը ԼՂՀ-ն տեսնում է Ադրբեջանի կազմում: Ի դեպ, նա իր այդ կարծիքը չի էլ թաքցնում, նշելով` Արցախը Ադրբեջանի հետ միասին տեսնել Ռուսաստանի ազդեցության գոտում:

-Իսկ հայաստանյան որոշ շրջանակներում նույնիսկ ոգևորություն կա, թե ՌԴ-ն Արցախն իր շահերի տիրույթում պահելու համար կշտապի ճանաչել Արցախի անկախությունը:

– Այս մտայնությունը լուրջ չէ: Պարզապես, փորձ է արվում օգտագործել այն ստերոտիպը, որ հավանաբար ունեն ռուսաստանյան քաղաքագիտական շրջանակները, ըստ որի, արցախահայությունը ավանդաբար ունեցել է ռուսական կողմնորոշում, և այսօր փորձում են այդ հանգամանքը դարձնել ներհայկական դիրսկուրսի թեմա: Ինչը կարծում եմ, ոչ այնքան վտանգավոր է, որքան` անլուրջ:
-Ի դեպ, ռուսական կողմը եվրաինտեգրվող Հայաստանին <պատժելու> համար կարծես փորձում է օգտագործել նաև ռուսահայերի գործոնը: ՌԴ պետական խորհրդականը ռուսահայերին ներկայացնելով որպես ՌԴ շահերի պաշտպաններ, ու նրանց նրբորեն հակադրելով Հայաստանի իշխանություններին, ընդգծում է այն միտքը, թե ռուսահայերն իրենց <ռուս ընկերների> հետ կապահովեն Արցախի <արտաքին քաղաքական սուբյեկտությունը>:

-Այն, որ Ռուսաստանում ապրող հայերը, որպես այդ երկրի քաղաքացիներ, պաշտպանում են Ռուսաստանի շահերը, հասկանալի է, բայց անլուրջ է նրանց հայաստանյան իշխանություններին հակադրելը: Այս ամենը մի բան է նշանակում, որ Ռուսաստանի պետական, քաղաքական որոշակի շրջանակներ իրավիճակի հստակ պատկերացում չունեն, կամ էլ ցույց են տալիս, թե չեն հասկանում ինչ է կատարվում Հայաստան –ԵՄ հարաբերություններում: Կարծում եմ, գուցե նաև միտումնավոր, մի անհասկանալի թեզ է շրջանառվում, որ եթե Հայաստանը գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման, ապա դա այլ բան չէ, քան հակառուսաստանյան քայլ: Ամենևին, Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, խորացմանն ու բարեկամական կապերի ամրապնդմանը: Ինչի մասին երկրի իշխանությունները բազմից են բարձրաձայնել: Հիմա հարց ուղղեմ հակառակ կարծիք արտահայտողներին. մի?թե ԵՄ անդամ Լեհաստանը Ռուսաստանի թշնամին է, կամ Մերձբալթյան հանրապետություններն իրենց համարում են ՌԴ հակառակորդներ: Ծիծաղելի է անգամ այդպես մտածելը: Հիշյալ թեզն, իրոք, տրամաբանական չէ: Ասեմ, որ հայաստանյան ու ռուսական մամուլում այս բանավեճը ծավալվեց այն ժամանակ, երբ Արցախի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները գտնվում էին արձակուդում: Այնպես որ, արձակուրդների ավարտից հետո, հավանաբար մոտ ժամանակներս, այդ թեման կդառնա նաև արցախյան ներքին քննարկումների առարկա ու ամեն ինչ պարզ կդառնա:

– Արցախում են գտնվում ռուս հասարակական գործիչների ու լրագրողների խումբը: Կարծիքներ կան, թե նրանց այցի նպատակն է ղարաբաղյան իշխանական վերնախավում շոշափել ռուսամետ տրամադրությունների չափաբաժինը: Թերևս նաև արցախցիներին հաճոյախոսելու համար խմբի անդամ, ՌԴ հասարակական պալատի ներկայացուցիչ Դենիս Դվորնիկովն ասել է. «Մենք պետք է աջակցենք Հայաստանին եւ ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը>:

-Այդ խմբի հետ հանդիպումներին ես չեմ մասնակցել, միայն տեղյակ եմ, որ նրանց ընդունել են ԼՂՀ նախագահն ու ԱԳ նախարարը: Թե ինչ տրամադրություններ են շոշափվել` չեմ կարող ասել: Իսկ ինչ վերաբերում է Դվորնիկովի հայտարարությանը, ապա դրա հասցեատերը Հայաստանի, Արցախի իշխանություններն ու ժողովուրդը չեն, այլ Ռուսաստանի իշխանությունները: Այնպես որ, իր տեսակետը, եթե իհարկե անկեղծ է, պարոն Դվորնիկովը պետք է հնչեցնի ՌԴ հասարակական պալատում ու փորձի այն ընդունելի դարձնել նաև մյուս անդամների կողմից, բացի այդ, նա կարող է իր դիրքորոշումը ներկայացնել ՌԴ ԱԳ նախարարությանը, և այսպես շարունակ: Խոսքս անձամբ Դվորնիկովին չի վերաբերում, բայց քիչ չեն եղել դեպքերը, երբ այս կամ այն ռուս գործիչը Ստեփանակերտում հայտարարել է, թե պետք է աջակցել ԼՂՀ անկախացմանը, բայց վերադառնալով Մոսկվա հակառակ կարծիքն է հայտնել ադրբեջանական այս կամ այն լրատվամիջոցին: Նման փոփոխուն գործելաոճն իհարկե միայն ռուսաստանյան գործիչներին չէ, որ բնորոշ է, նաև եվրոպական ու ամերիկյան գործիչներն են Արցախում մի բան ասում, իսկ իրենց մայրաքաղաքներից հնչեցնում այլ բովանդակությամբ հայտարարություններ: Արցախցիներս այս ամենը շատ լավ ենք հասկանում: Նմաններին միայն մեկ բան խորհուրդ կտամ` ազնիվ եղեք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն