Գյուլը թող նախ ճանաչի Արցախի անկախությունը
Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի երրորդ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Գյուլը հայտարարեց, թե հույս ունի, որ առաջիկա գագաթնաժողովներից մեկը կանցկացվի Լեռնային Ղարաբաղում: Ո?րն է ասվածի ենթատեքստը, թե? այն ընդամենը ադրբեջանա-թուրքական ցինիզմի հերթական դրսևորում էր:
-Գյուլի ցանկությունը դիտարկենք երկու հարթություններում: Եթե Թուրքիայի նախագահը ցանկություն ունի նման միջոցառում անցկացնել Արցախում, կնշանակի Թուրքիան պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ըստ այդմ էլ պետք է կոնկրետ քայլեր կատարի` ճանաչի մեր երկրի անկախությունն ու դիմի պաշտոնական Ստեփանակերտին, որպեսզի մենք կազմակերպենք այդ գագաթնաժողովը, ինչպես Շվեյցարիայի Դավոս քաղաքում են կազմակերպվում միջազգային ֆորումներ: Ի դեպ, Արցախը կարող է կազմակերպել տարբեր` և’ թյուքալեզու, և’ ԱՊՀ , և’ Եվրամիության երկրների գագաթաժողովներ, քանի որ մեր ներուժը դա թույլ է տալիս, բացի այդ, մասնակիցներն էլ իրենց լավ կզգան արցախյան գեղատեսիլ բնաշխարհում: Այնպես որ, պաշտոնական Ստեփանակերտը կարող է մտածել Գյուլի ասածի ուղղությամբ:
Իսկ եթե Գյուլի ցանկությունն ընդամենը խնդրի քաղաքական շահարկումն է, ապա ակնհայտ է նպատակը` Ադրբեջանին դրդել ապակառուցողական քայլերի, որպեսզի վերջինս պատերազմի վերսկսմամբ զավթի Արցախի Հանրապետությունը: Այ, սա արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ընդորում, սա առաջին հերթին պետք է մտահոգի այն բոլոր կառույցներին, որի անդամն է Թուրքիան, մասնավորաբար, ՆԱՏՕ-ին: Բայց չեմ կարծում, որ այս կառույցի համար պատերազմի վերսկսումը ձեռնտու է, և այդ մասին ԱՄՆ-ը որպես համանախագահող երկիր պարբերաբար հայտարարում է` հիմնախնդիրը պետք է լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Մյուս կողմից, Գյուլի հայտարարությունը փաստում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են հայ ժողովրդի հանդեպ իրենց ցեղասպանական քաղաքականությունը, այսինքն` մի կողմից ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, մյուս կողմից հրահում նոր պատերազմ: Գյուլն իր հայտարարությամբ հերթական անգամ ցույց տվեց իր երկրի իրական դեմքը, որպես պանթուրքիստական քաղաքականություն իրականացնողի: Նաև վերահաստատեց, որ իր երկիրը երբեք չի կարող հանդես գալ որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային կողմ, քանի որ ոչ միայն ունի ադրբեջանամետ դիրքորոշում, այլև պատերազմ սկսելու կոչեր է անում: Նման պետությունը չի կարող հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում օգտակար դերակատարում ունենալ:
– Գագաթաժողովի մասնակիցները համատեղ հայտարարություն ստորագրեցին, ուր նշվում է, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը կողմ է հիմնախնդրի խաղաղ լուծմանը, բայց ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Սա չի? փաստում այն մասին, որ Ադրբեջանին հաջողվել է հիմնախնդիրը տեղափոխել թյուքալեզու երկրների հետաքրքրությունների դաշտ:
-Խնդիրը քիչ այլ է: Այն, որ թյուրքալեզու պետություններ կոչ արեցին հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորել, նշանակում է, որ նրանք չեն սատարում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը: Բացի այդ, լուրջ մտահոգված են Թուրքիայի նախագահ Գյուլի հնչեցրած մտքից ու փորձել են ընդունված փաստաթղթով մեղմել այն, որովհետև թյուրքալեզու տարբեր պետություններ լավ հարաբերություններ ունեն նաև Հայաստանի հետ` և’ ԱՊՀ շրջանակներում, և’ այլ կառույցներում, ու ստացվում է անելանելի իրավիճակ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են խաթարել այդ հարաբերությունները: Բայց այդ երկրները ցույց տվեցին, որ արցախյան հիմնախնդիրն իրենց համար ազգային նշանակության հարց չէ ու ընդգծեցին խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը, լավ հասկանալով, որ պատերազմի վերսկսման դեպքում իրենք ևս տուժելու են: Օրինակ, Ղազախստանը նպատակ ունի օգտվել Բաքու-Թբիլիսի- Ջեհյան նավթամուղից ու հնարավոր պատերազի դեպքում էներգակիրների տեղափոխման ճանապարհները կհայտնվեն փակուղում: Բացի այդ, թող չթվա, թե Ադրբեջանի ու թյուրքալեզու բոլոր երկրների միջև հարթ, եղբայրական հարաբերություններ են: Մասնավորաբար լարված են Ադրբեջան-Թուրքմենստան հարաբերությունները` կապված Կասպիցի Քյափազ (Սերդար) նավթահանքի հետ: Եթե Ադրբեջանն իրեն թյուքալեզու երկրների <եղբայրն> է համարում, թող նախ Թուրմենստանին վերադարձնի այն, ինչն իրեն չի պատկանում: Այնպես որ, <թյուրքական պետություններ> կոչված միասնական կառույց գոյություն չունի, քանի որ այդ երկրներից ամեն մեկն ունի իր շահերը, որոնք շատ հաճախ նաև իրարամերժ են: Ուրեմն, նման հայտարարության տարածումը չի նշանակում, որ նրանք միանշանակորեն պատրաստ են սատարել Ադրբեջանին:
-Սակայն հայտարարության մեջ մի կարևոր միտք կա`<թյուրքախոս պետությունների խորհուրդը կողմ է խնդրի խաղաղ լուծմանը, բայց պայմանով` Ադրբեջանի միջագայնորեն ճանաչված սահմանների պահպանման պարագայում>: Չե?ք կարծում, որ այստեղ իրավական տեսանկյունից լուրջ բացթողում կա. Ադրբեջանի, այսպես կոչված, միջագայնորեն ճանաչված սահմաններում Արցախը երբեք ներառված չի եղել:
-Իհարկե, Արցախը Ադրբեջանի տարածքում հայտնվեց միմիայն Խորհրդային միության կուսակցական մարմնի`կավբյուրոյի որոշմամբ: Իսկ 1991թ-ին իր անկախությունը հռչակելիս Ադրբեջանը հրաժարվեց Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդը լինելուց ու հայտարարեց, որ 1918թ-ին ստեղծված Ադրբեջանի ժողովրդական հանրապետության հետնորդն է, որի սահմաններում Լեռնային և Դաշտայի Ղարաբաղը, նաև Նախիջևանը երբեք չեն եղել: Այնպես որ, հայտարարվող <Ադրբեջանի միջագայնորեն ճանաչված սահմանների> հետ Արցախը ոչ մի առնչություն չունի: Ի դեպ, 1918-ին ստեղծված Ադրբեջանի ժողովրդական հանրապետության սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն, և իրոք, Ադրբեջանն այստեղ ունի իրավական լրջագույն խնդիր ու մտնելով իրավական դաշտ միանշանակորեն պարտվելու է:
– Անդրադառնանք Պուտինի Ադրբեջան կատարած այցին. ինչպե?ս այն գնահատվեց Արցախում, արդարացվա?ծ են այն մտահոգությունները, թե իր ինտեգրացիոն նախագծերի մեջ Բաքվին ներգրավելու համար Պուտինը խոստումներ է տվել Ալիևին` ի հաշիվ Ղարաբաղի:
-Ոչ, ոչ, նման բան չկա, քանի որ Ռուսաստանի նախագահն անձամբ հայտարարեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական ճանապարհով, ինչն առաջին հերթին նշանակում է խնդրի խաղաղ կարգավորում, երկրորդ` երկխոսություն ու բանակցություն` այդ թվում Արցախի հետ: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր և ունենալով ջերմ հարաբերություններ Հայաստանի հետ, կարող է գնալ Ադրբեջանի քմահաճույքների բավարարման ճանապարհով, դրանով իսկ դեմ գնալով նաև իր ազգային շահերին, ի վերջո, ռուսական շահերից է բխում տարածաշրջանային կայունությունը: Ինչ վերաբերում է ռուսական ինտեգրացիոն նախագծերի մեջ Բաքվին ներգրավելուն, ապա վերջինս ոչ միայն դրան ընդառաջ չի գնա, այլ մի բան էլ ամեն ինչ անում է պուտինյան ծրագրերը ձախողելու համար` թե’ նավթայիօն գործոնով, թե’ այլ քայլերով: Պատահականություն չէր Ռուսաստանի ԱԳ նախարարի հասցեին հնչած վիրավորանքը: Այդ հրապարակային հայհոյանքն ապտակ էր, անթույլատրելի ու ստոր պահվածք:
-Արդյո?ք համարժեք էր Ռուսաստանի պատասխանը:
-Կարծում եմ, Ռուսաստանի համարժեք քայլը չի ուշանա, և շատ շուտով կերևա: Պարզապես բոլորի համար` և Ռուսաստանի, և միջազգային կազմակերպությունների ու նաև մեզ համար պետք է պարզ դառնա` Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է: Իսկ նման ագրեսորին զսպող միակ ուժը հզոր Հայաստան է ու Արցախը:
-Ադրբեջանը նախագահական ընտրությունների նախաշեմին է, իսկ Հայաստանում փորձ է արվում դիտարկել, թե նախագահի թեկնածուներից ո?վ կարող է նախընտրելի լինել հայկական կողմերի համար: Արցախո?ւմ ինչ կարծիքներ կան:
-Ադրբեջանի գործող նախագահն այնքանով կարող է նախընտրելի համարվել, որ այս տարիներին լինելով իշխանության ղեկին հայկական կողմը նրան և’ ճանաչում է, և’ շատ ինֆորմացիա ունի նրա մասին, արդեն մի քանի տարի է, որ նրա հետ աշխատում են նաև միջազգային կառույցները: Բայց ընդհանրապես, արցախցիներիս համար նախընտրելի թեկնածու չկա, քանի որ բոլորն էլ միևնույն քաղաքականությամբ են առաջնորդվում` հակահայկականությամբ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=4645&pageid=143012&lang=












