Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Վտանգավոր գործընթաց է տեղի ունենում Եվրոպայում. հայ հոգևորական

Սեպտեմբեր 3, 2013թ. 20:12

Հայաստանի կառավարության ընդունելությունների տան Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում այսօր Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպումը՝ «Կրոնի ազատությունն արդի աշխարհում՝ մարտահրավերներ և երաշխիքներ» ընդհանուր խորագրով, որին մասնակցում էր նաև Մայր աթոռի եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրա խոսքով` այս քննարկման ժամանակ մարդու իրավունքը բացարձակացվում է` մոռանալով մարդու պատասխանատվության մասին:

«Իմ կարծիքով` այսօր վտանգավոր գործընթաց է տեղի ունենում Եվրոպայում, երբ մարդու իրավունքը բացարձակացվում է և հասցվում կրոնի մակարդակի: Մենք պետք է զգույշ լինենք և հաստատենք այն արժեքները, որ կրում ենք մենք դարեր ի վեր»,- ասաց եպիսկոպոսը: Ինչ վերաբերում է կրոնական փոքրամասնությունների իրավունքներին և պարտականություններին, որոնք, ի տարբերություն Հայաստանի, օրենսդրորեն հստակ ամրագրված են այլ երկրներում, եկեղեցականի խոսքով` այսօր խնդիրը ոչ թե մշակութային բազմազանության պահպանման հարցն է, այլ միատարրություն ստեղծելը:

«Փորձ է արվում բարոյական արժեքներով առաջնորդվող մարդուն վերածել, այսպես ասած, նյութական արժեքները կրող էակի»,- կարծում է հոգևորականը` հավելելով, որ այսօր հանդուրժողականություն պետք է քարոզվի մշակութային բազմազանությունը հարգելու համար. «Հայաստանում հանդուրժողականություն ասվածը մի քիչ չափից ավելի է: Կարծում եմ` մենք փոքր պետություն լինելով` պետք է պահպանենք մեր ազգային նկարագիրը, որը մենք դժվարությամբ, երբեմն արյունով պահպանել ենք դարեր ի վեր»:

Հարցին` ինչպես կարելի է Հայաստանում խոսել կրոնական փոքրամասնությունների իրավունքներից և միաժամանակ պայքարել նրանց դեմ, Բագրատ Գալստանյանի խոսքով` մենք ոչ մեկի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք ուղղափառ մտածողության հաստատման համար: «Հայաստանն ունի աղանդավորների խնդիր, բայց նրանց դեմ պայքարելու հարց չկա, պարզապես մենք մեր գործը պետք է անենք, որը կնպաստի նրանց թվի նվազեցմանը: Աշխարհում գոյություն ունի հոգևոր մրցակցություն, բայց ոչ բոլոր դեպքում է, երբ մրցակցությունն առնչվում է հոգևոր խնդիրներին ու հարցերին»,- վստահ է եպիսկոպոսը:

Մեր հաջորդ հարցին` ինչպես կմեկնաբանի հոգևորականը ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ քննադատվում էր հայոց եկեղեցին և ուռճացված համարում նրա դերը մեր ազգային կյանքում, Բագրատ Գալստանյանի խոսքով` դա նշանակում է նախ խառնվել մեր երկրի ներքին գործերին, երկրորդ` ԱՄՆ-ը մի տեսակ ստանձնել է, այսպես ասած, աշխարհի ոստիկանի դերը` մոռանալով իր երկրի խնդիրների մասին:

mardik.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն