ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՆԱՄԱԿԸ ՀԻՄՆՎԱԾ Է ՍՏԻ ՈՒ ԿԵՂԾԻՔԻ ՎՐԱ
«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
–Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել, մեկ տարի առաջ ադրբեջանա-հունգարական հայտնի գործարքի արդյունքում ազատ արձակվեց: Ավելին, հանցագործին Ադրբեջանում արդարացրին, ու պարգևատրեցին իբրև հերոսի: Իսկ ԵԽԽՎ-ն բավարարվեց ընդամենը Սաֆարովի գործի վերաբերյալ քննարկում անցկացնելով, և ամեն ինչ ավարտվեց: Սա չի՞ խոսում այն մասին, որ Ադրբեջանի ռասիզմն ու ֆաշիզմի դրսևորումները, նրա արկածախնդիր քաղաքականությունը մշտապես հանդուրժվում են միջազգային հանրության կողմից:
–Հունգարա-ադրբեջանական այդ խայտառակ գործարքն աննախադեպ երևույթ էր, ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանն ազատ արձակվեց և հերոսացվեց: Տարբեր երկրների, կառույցների ղեկավարներ հնչեցրին դատապարտող հայտարարություններ: Ավելին, չեղավ գեթ մեկ պետություն, որը կփորձեր արդարացնել գործարքի հանցավորությունը: Նույնիսկ Թուրքիան նման փորձ չարեց, ընդամենն ասաց՝ մեր երկիրն այդ գործարքի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդին, ապա կատարվածը խստորեն դատապարտեցին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների հանձնակատարը ու Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը: Այսինքն, այս հարթության մեջ անհրաժեշտ քայլերն արվեցին, բայց, իհարկե, խնդիրներ կան իրավական հարթության մեջ, քանի որ գործ ունենք մի պետության հետ, որը ոչ միջազգային իրավունք է ընդունում, ոչ խաղի կանոններ:
Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, իբրև թե իրենց քայլը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, այնինչ դա հասկասում է կոնվենցիայի տառին և ոգուն: Ադրբեջանական հերթական կեղծիքը միջազգայնորեն բացահայտելու ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, պատրաստել է անհրաժետ իրավական փաթեթն ու Սաֆարովի գործը ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր նպատակն է ստանալ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ Եվրոպական դատարանի դիրքորոշումը:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն իրողության վրա, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանում խուսափում են գիշերային մարդասպանի անունը հնչեցնելուց: Եվ դա պատահականություն չէ ու փաստում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններն առնվազն հասկացել են, որ մարդասպանի անվան հնչեցումն արդեն իսկ բացասական է իրենց երկրի համար:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռասիստական և ռազմատենչ հայտարարություններին հակազդելու խնդրին, ապա նման քայլեր կատարվում են: Բավական է հիշատակել Մինսի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը Էնիսկիլենում, որում հնչեցված մեղադրանքների հասցեատերը միանշանակ Ադրբեջանն է: Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր այս հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակում է իր հայատյացության և սեփական ժողովրդին խաղաղության փոխարեն պատերազմին նախապատրաստելու քաղաքականությունը, կարծում եմ հասունացել է ժամանակը, որ հետագա հայտարարություններում նշվի բոլոր մեղադրանքների ուղղակի հասցեատերը:
Մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը Հիտլերի նկատմամբ դրսևորվեց նման հանդուրժողականություն, և հայտնի է, թե այն ինչի հանգեցրեց: Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակակից աշխարհին բնորոշ հանդուրժողականությունը անհեռատեսորեն ընդունում է որպես իր անհանդուրժողականության և քսենոֆոբիայի խրախուսում:
–Չնայած աշխարհում որպես հակամարտությունների կարգավորման նախընտրելի տարբերակ մեծ տարածում է ստանում ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամարտահայտության ճանապարհով ամրագրելու եղանակը, սակայն 22 տարի անց էլ գերտերությունները աչք են փակում արցախյան ինքնորոշման իրավունքի ճանաչման փաստի վրա: Ի՞նչու, խոչընդոտը Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությո՞ւնն է, թե՞ կան քաղաքական այլ գործոններ ևս:
–Նախ մի պարզաբանում. ինքնորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, ՄԱԿ-ի չորս նպատակներից մեկը, մինչդեռ տարածքային ամբողջականությունը սկզբունք է, որով պետք է առաջնորդվեն ՄԱԿ-ի անդամ պետությունները այդ նպատակներին, այդ թվում և ինքնորոշման իրավունքի հարգմանը, հասնելու համար: Հետևաբար, տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին:
Երկրորդ, այո, ժամանակակից աշխարհում տեղի է ունենում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հաղթարշավ: Բավական է դիտարկել ՄԱԿ-ի անդամ պետությունների թվի աճը երկրորդ համաշխարհայինից մինչ այսօր, այն 3,5 անգամ ավելացել է, որի հիմքում ինքնորոշման իրավունքի իրացումն է: Սակայն գործնականում ինքնորոշման գործընթացը միշտ չէ, որ դյուրին է անցնում. մեկ բան է անկախություն հռչակելը, մեկ այլ բան` փաստացի անկախության միջազգային ճանաչումը: Ինքնորոշումն ինքնին չի նշանակում հակամարտություն: Օրինակ, նախկին Չեխոսլովակիայի դեպքում Չեխիան և Սլովակիան բաժանվեցին առանց հակամարտության: Ինքնորոշումը վեր է ածվում հակամարտության, երբ որդեգրվում է ինքնորոշված ժողովրդին ուժով ճնշելու քաղաքականություն, ինչպես դա արեց Ադրբեջանը:
Բայց փորձը նաև ցույց է տալիս, որ եթե ինքնորոշման ձգտող ժողովուրդն ունի ամուր կամք ու աննահանջ է իր ցանկություններում, անպայման կհասնի իր նպատակին: Ինքնորոշման իրավունքի իրականացման տեսակետից Արցախը բացառիկ է. Արցախի ժողովուրդն ապացուցել է իր կարողողությունը պաշտպանելու իր անկախությունը ադրբեջանական ագրեսիայից և կայացնելու ժողովրդավարական պետություն:
Պատահական չէ, որ Ադրբեջանը արգելում է Արցախ այցելած օտարերկրացիներին մուտք գործել իր տարածք. չէ՞ որ նրանք հնարավորություն կունենան համեմատելու Արցախի նվաճումները Ադրբեջանի բռնապետական իրականության հետ: Այդ այցելուների համար զավեշտական է, որ պետական մակարդակով հակահայկական ռասիզմ քարոզող Ադրբեջանը կարող է հավակնություններ ունենալ Արցախի նման ժողովրդավարական երկրի հանդեպ:
–Վերջին տարիներին բանակցային սեղանի միակ փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, այնուհանդերձ, ստեղծված փակուղային իրավիճակը չի՞ ենթադրում, որ ԼՂ հիմանախնդրի կարգավորման գործընթացում կա նոր առաջարակների, նոր տրամաբանության անհրաժետություն, հետևաբար, նոր փաստաթղթի մշակում:
–Չեմ կարծում, որովհետև փակուղին ստեղծվել է ոչ թե փաստաթղթի պատճառով, այլ բանակցային գործընթացում Ադրբեջանի որդեգրած «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» մոտեցման հետևանքով: Ուստի պետք է փոխվի ոչ թե փաստաթուղթը, այլ Ադրբեջանի մոտեցումը: Իսկ հայկական կողմերը երբեք չեն գնա միակողմանի զիջումների: Ադրբեջանն է, որ հայտարարում է, իբրև թե Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն իրեն չի արդարացնում, քանի որ ձգտում է ձերբազատվել այդ ձևաչափից: Ադրբեջանն է, որ խոսում է նոր առաջարկների և նոր փաստաթղթի մշակման մասին և հարցի քննարկումը փորձում տեղափոխել տարբեր միջազգային հարթակներ, քանի որ ձգտում է վիժեցնել բանակցային գործընթացը
Ավելորդ չէ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում միջնորդներ են հանդիսանում ՄԱԿ-ի անվտանգության 5 մշտական անդամներից երեքը` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք միասնաբար հայտարարում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների միասնական, այլ ոչ թե ընտրովի և խեղաթյուրված ձևով կիրառության մասին: Ահա թե ինչու է Ադրբեջանը ձգտում ձերբազատվել Մինսկի խմբի համանախագահների զսպաշապիկից:
–Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը նամակ է ուղղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ուր ասվում է. «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս-քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:
–Նման քարոզչական նպատակներ հետապնդող գրություններ Ադրբեջանը պարբերաբար ուղղարկում է ՄԱԿ, և իհարկե մշտապես ստանում փաստարկված պատասխաններ: Մամեդյարովի հերթական նամակում կրկին փորձ է կատարվում հայկական կողմերին վերագրել հենց Ադրբեջանի կողմից իրականացվող բանակցային գործընթացի առաջընթացն արգելափակելու և դրանով իսկ ստատուս քվոն պահպանելու քաղաքականության հետևանքները: ՄԱԿ-ում արդեն տարածվել է Մամեդյարովի նամակին ի պատասխան ԼՂՀ ԱԳՆ սպառիչ պատասխանը:
Մասնավորապես, այդ պատասխանում ասվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարի նամակը հիմնված է ակնհայտ խեղաթյուրված տեղեկատվության վրա: Մամեդյարովի կողմից ներկայացված, իբրև թե Արցախում բնակվող 447 սիրիահայերի ցուցակից և ոչ մեկն արցախում չի եղել և ներկայումս չի գտնվում: Կարող եմ ավելացնել, որ այդ ցուցակում ներկայացված սիրիահայերի մի մասը երբևէ չի այցելել նաև Հայաստանի հանրապետություն:
–Իրականում ի՞նչ ցուցակ է դա:
–Իրականում այդ մարդիկ սիրիահայեր են, ցուցակում նշված են կոնկրետ անձանց անուն ազգանուններ, իրենց անձնագրերի համարներով: Թե որտեղից են ադրբեջանցիները հայթայթել այդ ցուցակը, դա առանձին խնդիր է: Կարևորը հետևյալն է. Մամեդյարովի նամակը դարձյալ ապացուցեց, որ մենք գործ ունենք մի պետության հետ, որի ամբողջ արտաքին քաղաքականությունը կառուցված է ստի և կեղծիքի վրա:
–Փաստորեն, Ադրբեջանը փորձում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել սիրիական ճգնաժամը և կեղծ մեղադրանքներ ներկայացնել հայկական կողմերին:
–Այո, նրանք չեն խորշում անգամ այդ աղետը ծառայեցնել իրենց քարոզչական նպատակներին: Դա նման է հենց Ադրբեջանի կողմից իրականացված Խոջալուի բնակչության սպանդը հայերի վրա բարդելու փորձին, երբ այդ նպատակով անգամ օգտագործվում էին Բալկաններում, Թուրքիայում և այլուր լուսանկարված արյունալի տեսարանները` ներկայացնելով դրանք իբրև թե Խոջալուի բնակիչների լուսանկարներ:
–ԱԳ նախարարի նամակում, բացի սիրիահայերի կեղծ ցուցակից, մեկ այլ կեղծիք էլ է տեղ գտել. Մամեդյարովը պնդում է, թե ԼՂՀ-ում երկու անգամ այցելած Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելությունները իբր գրանցել են «միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների բազմաթիվ խախտումներ»:
–Բացահայտ սուտ է, այդպիսի բան Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելության կողմից երբե՛ք չի արձանագրվել: Ինչպես նշվում է Արցախի ԱԳ նախարարության նամակում, Ադրբեջանն ընդամենը փորձում է քողարկել այն, որ վերջինս հրաժարվել է ու մինչև օրս թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության մուտքն իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որտեղ կազմակերպված իրականացվում են հայկական բնակավայրերի ադրբեջանցիներով բնակեցման լայնածավալ ծրագրեր:
–Պարոն Քոչարյան ինչպե՞ս կմեկնաբանեք նաև թյուրքալեզու պետությունների գագաթաժողովի համատեղ հայտարարությունը, ուր նշվում է, որ խորհուրդը կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա ԼՂ հակամարտության խաղաղ միջոցներով կարգավորման հասնելը:
–Նախ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ-ի հետ, ԽՍՀՄ փլուզումով, նախկին ԽՍՀՄ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար սուբյեկտներ` մեկը ԼՂՀ-ն է, մյուսը Ադրբեջանը: Նաև հիշեցնեմ, որ ԼՂՀ անկախության հանրաքվեն ավելի շուտ տեղի ունեցավ, քան Ադրբեջանինը:
Թուրքալեզու պետությունների այս հայտարարությունը ևս մի ապացույցն է առ այն, որ Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին` փորձելով խնդրի քննարկումը տեղափոխել այլ հարթակներ: Ադրբեջանի նման գործելաոճի շարունակությունը միայն խթանելու է Արցախի միջազգային ճանաչումը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












