Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Գերտերությունները չեն ցանկանա ձեռքից բաց թողնել Ղարաբաղյան հակամարտությունը որպես լծակ

Սեպտեմբեր 7, 2013թ. 00:28

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախության հռչակման 22-րդ տարեդարձը նշեց որպես պատերազմի քննությանը պատվով դիմացած, իսկ հետպատերազմական ժամանակաշրջանում նկատելիորեն ամրապնդված ու կայացած պետություն։
ԼՂՀ կայացումը որպես պետություն, նրա միջազգային հեղինակության բարձրացումը եւ տնտեսության աստիճանական ինտեգրումը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի տնտեսության հետ եկավ հաստատելու այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը անշեղորեն բռնել է սեփական ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու ճանապարհը։

Ավելին, անցած տարիների ընթացքում ԼՂՀ դե ֆակտո անկախ կարգավիճակը փաստորեն արդեն իսկ ճանաչվել եւ ճանաչվում է աշխարհի հզորների կողմից։
Ճիշտ է, ԼՂՀ անկախությունը դե յուրե ճանաչելու կամ չճանաչելու երկընտրանքը տարածաշրջանում սեփական շահերն ունեցող տերությունների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ազդելու, սեփական ազդեցությունը մեծացնելու լծակ է։
Սակայն միայն այն փաստը, որ միջազգային հանրությունը վերջին տարիներին որդեգրել է Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածքում առկա այլ կոնֆլիկտներից հստակորեն տարբերակելու ճանապարհը, ինքնին ցույց է տալիս, որ միջազգային քաղաքական բեմի վրա տեղի է ունենում պատկերացումների լուրջ փոփոխություն։

Տարազատելով Ղարաբաղյան խնդիրը արտաքուստ նրան նմանվող այլ հակամարտություններից, աշխարհի հզորները հասկացնում են Ադրբեջանին, որ իրենք այլեւս չեն պատկերացնում ԼՂՀ-ն որպես նրա անկապտելի մաս։ Միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ քանի դեռ գերտերությունները չեն լուծել միմյանց միջեւ առկա բարդ խնդիրները, նրանք չեն ցանկանա իրենց ձեռքից բաց թողնել Ղարաբաղյան հակամարտության միջոցով տարածաշրջանի վրա ազդելու լուրջ լծակները։

Իսկ մենք ներկայումս փաստորեն երկմիասնական պետություն ենք՝ երկու դեմքով, բայց մեկ հոգով եւ մարմնով։ Մնացյալը ժամանակի ու պայմանների հարց է, քանզի ոչ մի ուժ, նույնիսկ աշխարհի ամենահզոր տերությունը, չի կարող անվերջ տարանջատել միասնական ազգային ձգտումներով ու նպատակներով ապրելու եւ պայքարելու կամք ունեցող որեւէ ժողովրդի։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց արդեն ունի կայացած պետության բոլոր հիմնական հատկանիշները։ Այդ առումով, ինչպես անցած տարիներին, այնպես էլ ներկա պահին, հիմնական առաջադրանքը եղել եւ մնում է ԼՂՀ անվտանգության ապահովումը, նրա տնտեսության եւ քաղաքական համակարգի զարգացումն ու կատարելագործումը։

Ղարաբաղյան շարժման ծնունդ հայկական երկրորդ պետությունը իր ներկա վստահ, կայուն ու հավասարակշռված ընթացքով այսօր էլ համախմբման ու պայքարի լավագույն օրինակ եւ հպարտության առարկա է մեր ողջ ժողովրդի համար։

Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն