ՕՐԵՆՍԴԻՐՆ ՀԱՍԱՎ ԻՐ ՈՒԶԱԾԻՆ՝ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Մոսկովյան հայտնի իրադարձություններից հետ, խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը մարտականորեն տրամադրված ընդդիմադիր պատգամավորները, մեկը մյուսի հետևից բարձրաձայնում էին՝ <երկիրը աշխարհաքաղաքական փոփոխությունների նախաշեմին է ու մենք իրավունք չունենք կարծիքներ չհայտնելու>: Օրենսդիրները վիրավորված էին՝ շրջանցվել է խորհրդարանը, իրենք շարունակում են մնալ <բանից անտեղյակ>, ուրեմն իշխանությունը պետք է հարգի օրենսդիր մարմնին և տա մտահոգիչ <ինչո?ւ>-ների պատասխաները: Խորհրդանականները պահանջեցին, օրենսդիրի ղեկավարությունն ընդունեց ու երեկ Ազգայի ժողով հրավիրվեց առավել տեղեկացված պաշտոնյան՝ Եվրամիության հետ բանակցություններ վարող, Մաքսային միությանը փաթեթից տեղյակ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Առավոտյան, մինչ քառօրյա նիստի սկսվելը, ԱԳ նախարարն արդեն Ազգային ժողովում էր. լրատվամիջոցների աչքի առաջ անջատվեցին հեռախոսները, փակցվեցին դահլիճի դռները, նախապես որոշվել էր՝ քննարկումը փակ է լինելու:
Եվս մեկ ժամ ու փակ դռներից այսդին երևաց Էդվարդ Նալբանդյանը. չնայած փակ ռեժիմով քննարկումը ենթադրում է, որ պատերից այն կողմ ասածն ու լսածը հրապարակման ենթակա չեն, բայց ավելին իմանալու ակնկալիքով լրագրողները շուրջկալեցին ԱԳ նախարարին: Ինչպես և սպասվում էր՝ պատասխանը <դիվանագիտական էր> սեղմ ու հակիրճ: Իսկ ասվեց այն, ինչ նախօրեին արդեն բազմաթիվ լրատվամիջոցներով շրջանառվել էր՝ Հայաստանի ցանկությունն է հնարավոր բոլոր ձևաչափերով շարունակել սերտ և խորը համագործակցությունը Եվրամիության հետ, որը չի հակասի Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Մաքսային միությանը, ինչին դրական են արձագանքել և եվրոպացի բարձրաստիճան չինովնիկները, այն գիտակցմամբ, որ պետք չէ այդքան հեշտությամբ <կորցնել> Հայաստանն ու հրաժարվել տարիների ձեռքբերումներից:
Այնուհետ նախարար Նալբանդյանը հեռացավ՝ «դռնփակից» ստացված տպավորությունները հայտնելու հերթը թողնելով օրենսդիրներին:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՉԲԱՎԱՐԱՐՎԱԾ
Պատգամավորների մի մասը, որ ակնկալում էր փակ քննարկմամբ հասկանալ՝ ի?նչ է կատարվում մեր երկրի շուրջ ու ի?նչ քայլեր է իրականացնում երկրի իշխանությունը, հանդիպումից հիասթափված էր՝ նախարարը չտվեց կոնկրետ հարցերի պատասխաններ, հետևաբար, այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ է շահում Հայաստանը տնտեսական մեկ ռեժիմից անցում կատարելով մյուսին:
Իսկ պատգամավորների մատհոգությունների առանցքում Արցախի հարցն էր: <Ինձ հետաքրքրում էր ԼՂ հիմնախնդիրը, մենք այսօր ԼՂՀ-ի հետ գտնվում ենք միևնույն տնտեսական գոտում, ինչպե?ս է լուծվելու հարցը Հայաստանի Մաքսային միություն մտնելու դեպքում>: Մեզ հետ զրույցում <Ազատ դեմոկրատներ> կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իր հարցերը, ցավոք, մնացին չհնչացված ու անհասցե.<Պատճառը, հասկանալի է, նաև ժամանակի սղությունն էր>: Վերջինս այն քիչ թվով պատգամավորներից էր, ով տեղեկացել ու խիստ անհանգստացած էր ԱՄՆ նախագահ Օբամայի Ադրբեջանի նախագահին հասցեագրած նամակից: Պատգամավորը այն համարեց կոչ ուղղված Հայաստանին ու Ադրբջանին՝ գնա՛լ ուղղակի բանակցությունների, ինչը, ըստ պատգամավորի , նշանակում է, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրները դուրս են մղվում բանակցային գործընթացից: < Սա նոր մոտեցում է, ինչին իրավունք չունենք մատների արանքով նայելու>:
Օրերս Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ևս հայտարարեց, որ ԵՄ-ն առավել քան լրջորեն պետք է զբաղվի ԼՂ հիմնախնդրով, արդյո?ք, Ռուսաստան-Արևմուտք լարվող հարաբերություններում նոր ու վտանգավոր երանգ չի ստանում ԼՂ հիմնահարցի կարգավորումը. <Դիտարկումը շատ ճիշտ է և դա են փաստում Եվրոպայից հնչած ոչ հայանպաստ հայտարությունները: Ուրեմն, մենք պե՛տք է մտածենք բալանի պահպանման մասին>, նկատեց Քոքոբելյանը:
Ի տարբերություն <անհաջողակների>, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին հաջողվել էր իր հարցերն ուղղել օրվա հասցեատիրոջը: Այլ հարց է, որ պատասխաները դարձյալ անբավարար են եղել:
Դաշնակցական գործիչը նախ խորհուրդ է տվել ԱԳ նախարարին՝ ընդունել, որ սեպտեմբերի 3-ից հետո փոխվել է մեր արտաքին քաղաքական վեկտորը, ու սկսվում է մի գործընթացը, որը Մաքսային միությունից հասնելու է մինչև Եվրասիական միության անդամակցում: Ապա առաջարկել ուղղորդվել այն տրամաբանությամբ, որ գործընթացք ոչ թե տնտեսական այլ քաղաքական բնույթ ունի՝ հիմքում աշխարհաքաղաքական լուրջ բևեռ ստեղծելու Ռուսաստանի նպատակն է: Այնուհետ, ՀՅԴ պատգամավորը խնդրել է նախարարին՝ իր երեք հարցերին պատասխանել հե՛նց այս տրամաբանության շրջանակներում. հարց առաջին, ո?րն է Ղարաբաղի տեղը, Հայաստանի հետ համընթաց ներգրավվում է ՄՄ-ի մե?ջ, թե՝ ոչ: Երկրորդ, Հայաստանը տարբեր միջազգային կազմակերպությունների առջև ունի ստանձնած բազմաթիվ պարտավորություններ, ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը: Եվ երրորդ, ի?նչ է սպասվում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացին: Եվրոպան ունի տարբեր երկրների հետ տարբեր ձևաչափերով համագործակցելու փորձ, բայց դրանով հանդերձ, նոր ձևաչափը չի? հակասի ՄՄ, ապա և Եվրասիական միության լիիրավ անդամ դառնալու գործընթացին:
Պատգամավորը մտահոգված է՝ հաշվարկվա?ծ են մեր քայլերը, ի?նչ են անում մեր երկրի իշխանությունները.<Ցավոք, այս հարցերի լիարժեք պատասխանները չստացա, ավելին, նախարարը շրջանցեց ասվածի տրամաբանությունն ու գործընթացը ներկայացրեց զուտ տնտեսական հարթության մեջ>: Դաշնակցական գործիչի համար միակ սփոփիչը եղել է ԱԳ նախարարի հետևյալ պատասխանը՝ Մաքսային միության մեջ մտնելով Ղարաբաղը չի՛ տուժելու, իսկ միջազգային կառույցներում ՀՀ ստանձնած պարտավորությունների հարցը կլուծվի համատեղելիության կարգով:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրուցում նկատեց, թե մեկ ժամում հնարավոր չեղավ դիրքորոշումներ արտահատել, մտնել մանրամասնությունների մեջ, հետևաբար, նախարարի հետ հանդիպումից մտահագությունները չփարատվեցին: Բայց հուսադրող է, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումները: Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներից խիստ մտահոգ պատգամավորը նկատեց, թե Արևմուտքը լավ է գիտակցում է, որ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Հայաստանին ինտեգրելով եվրակառույցներ, թուլացնում է ՌԴ ազդեցությունն այս տարածաշրջանում, ինչի նպատակները հեռահար են: Իր հերթին, Ռուսաստանը ևս գիտակցում է պահի լրջությունը, որ կորցնելով Հայաստանին կարող է կորցնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Պատգամավորը առաջարկում է լինել լրջախոհ ու օգտվել ստեղծված իրավիճակից. երկու ուժային կենտրոններից որևէ մեկին Հայաստանի միանալը ունի բարձր գին և բացառիկ քաղաքական նշանակություն: Իսկ ո?րն է այդ գինը, ձևակերպումը շատ հստակ էր՝ Արցախի պետկանության ճանաչումով:
Արդարացի է պատգամավորի վրդովմունքը՝ ԵՄ անդամ պետությունների գերակշիռ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, այն դեպքում, երբ Արցախը, որպես վարչատարածքային անկախ պետական միավոր, ավելի կայացած է, քան` Կոսովոն, բայց նույն Արևմուտքը համառորեն աչք է փակում այս փաստի վրա: Պատգամավորը նկատում է, որ պատկերը նույն է և Ռուսաստանի պարագայում: Եվ ուրեմն, քանի որ երկու դեպքերում էլ ակնհայտ են երկակի ստանդարտները, ապա որպես ինքնիշխան պետություն Հայաստանը չպետք է դառնալ կռվախնձոր ուժային կենտրոնների միջև, չպե՛տք էենթարկվի ճնշումների ու առաջնորդվի միայն իր համազգային, պետական շահով: Հետևությունը մեկն է. <Չշտապել միանալ որևէ կառույցի, քանի դեռ ակնհայտ չէ մեր ազգային անվտանգության համար այս կարևորագույն հարցի լուծումը, իսկ երկու այլանսներից որևէ մեկին Հայաստանի միացումը պետք է պայմանավորի ուղղակի ԼՂՀ-ի անկախության ճանաչման գործոնով>:
ՀՀԿ անդամ, պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համաձայն չէր այն պատգամավորների հետ, թե նախարարը ոչինչ չասաց, խնդիրը շատ նուրբ է , հետևաբար, նախարարը ավելին ասելու իրավունք չուներ ու դրսևորեց դիվանագետին վայել պահվածք՝ չանցավ դիվանագիտական շեմը, չեղածը չհրապարակեց ու օտարի ձեռքին մատի փաթաթան չդարձրեց: Մ.Մինասյանը խորհուրդ տվեց իր ընդդիմադիր գործընկերին որպես հայ մարդ ըմբռնումով մոտենալ նախարարի <զուսպ խոսքին> :
Մ. Մինասյանը նաև նկատեց, թե այս ընթացքում ինքը հիշել է Իրանի նախկին նախագահի խոսքերը՝ Արևմուտքը պետք է հասկանա, որ Արևելքը հազարամայակների մշակույթ ունի, հազարամյակների քաղաքակրթություն, մենք էլ պետք է ընդունեք, որ Արևմուտքն էլ ձևավորել է մարդկության մտածումներին շատ հարի քաղաքակրթություն, ու մեկ ժամ տևած քննարկումից հետո հագել փիլիսոփայական հետևության՝ մեկը մյուսին չպետք է հակադրվի, ու եթե մարդկությանն հաջողվի Արևմուտքի ու Արևելքի քաղաքակրթությունները համադրել և ոչ թե հակադրել, ապա երկրագնդի բնակչությունը կկարողանա ապրել առավել հանդուրժող աշխարհում. գուցե հայերի?ս է վիճակված այդ դերը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
a href=”http://www.armarlur.com/wp-content/uploads/2013/09/Edward-Nalbandian-300×225.jpg”զուսպ խոսքին












