ԵՎՐՈՊԱՆ ԴՌՆԵՐԸ ՉԻ ՓԱԿՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է
«Եվրոպացի գործընկերների հետ համագործակցաբար, նրանց անմիջական աջակցությամբ Հայաստանը վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված մասնավորապես ժողովրդավարական հաստատությունների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների եւ օրենսդրության բարելավմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը։
Շնորհակալ ենք այդ աջակցության համար եւ ակնկալում ենք հետագայում եւս շարունակել բարեփոխումների գործընթացը։
Հայաստանը առաջ է նայում եւ հաստատակամ է՝ ամենատարբեր ուղղություններով առաջ տանելու ԵՄ հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունն այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը»,- հայտարարեց երեկ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած ասուլիսում, որին Ադրբեջանը, նկատենք, մասնակցում էր փոխարտգործնախարարի մակարդակով։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐԵԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
«Եվրամիությունը հավատարիմ է իր բոլոր վեց գործընկեր պետությունների հետ Արեւելյան գործընկերությունն առաջ տանելու սկզբունքին։ Մեր քաղաքականությունը եւ սկզբունքները հստակ են, թափանցիկ ու կանխատեսելի, տարբերակում ու արտացոլում են գործընկերների հավակնությունները, նրանց նվիրումը եւ հավատարմությունն այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք դրված են մեր փոխհարաբերությունների հիմքում»,- իր հերթին արձանագրեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ՝ հիշեցնելով, որ այս հանդիպումը վերջինն է Վիլնյուսի գագաթաժողովում սպասվող «հեղափոխական» զարգացումներից առաջ։
Նոյեմբերի վերջին տեղի ունենալիք այդ միջոցառումը, ըստ հանձնակատարի, արմատապես փոխելու է իրավիճակը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում՝ ազդարարելու է մասնակից առնվազն 3 երկրների հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման «դարաշրջանի» մեկնարկը. «Մենք ընձեռում ենք քաղաքական վերափոխման գործիք, տնտեսական արդիականացման հնարավորություններ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն մեր գործընկերների, այլեւ նրանց հարեւան երկրների համար. մեր գործը նախադրյալների ձեւավորումն է ապագայում ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար՝ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ»։
Ֆյուլեի հաջորդ ուղերձի հասցեատերը ոչ այնքան արեւելյան գործընկերներն էին, որքան Ռուսաստանը։ Այն է. «Եվրասիական միության նախագիծը զարգացնելով՝ պետք է հարգել գործընկերների ինքնիշխան որոշումները։ Ցանկացած սպառնալիք Ռուսաստանից, որ կապված է Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի է՝ Եվրամիությունը կօժանդակի նրանց եւ կկանգնի այն երկրների կողքին, որոնք կենթարկվեն անհարկի ճնշումների»։
Հանձնակատարի վերջին մեսիջն ուղղված էր արդեն Հայաստանին. «Թույլ տվեք ուշադրություն հրավիրել այն հայտարարության վրա, որ արվել է այսօր այստեղ ԵՄ պատվիրակության կողմից՝ քաղաքացիական ակտիվիստների հանդեպ բռնության եւ մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման վերջին դեպքերի հետ կապված։
Մենք խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ եւ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ անհապաղ եւ վճռական քայլեր ձեռնարկել մեղավորներին դատարանի առջեւ կանգնեցնելու ուղղությամբ»։
Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Արեւելյան գործընկերության 6 երկրներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ Հայաստանը, Վիլնյուսի գագաթաժողովից։ «Ամենամեծ ակնկալիքը տրամաբանորեն բխում է Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրերից։ Ուկրաինան հնարավորություն ունի ստորագրելու այդ համաձայնագիրը։ Ակնկալում ենք, որ դրան շատ նման համաձայնագիր կնախաստորագրեն Մոլդովան ու Վրաստանը։
Հույս ունենք, որ կկարողանանք ճեղքում արձանագրել՝ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված, եւ այդ երկրները շատ կմոտենան առանց վիզաների ճամփորդական ռեժիմին»։
Իսկ ահա Հայաստանը, «այն հայտարարությունից հետո, որ արվեց, այլեւս ի վիճակի չի լինի նախաստորագրելու փաստաթուղթը, որի շուրջ բանակցել ենք երեքուկես տարի։ Ես եկել եմ՝ հասկանալու, պարզելու Հայաստանի, հայ գործընկերների հավակնությունները Վիլնյուսի գագաթաժողովից։
Կարող եմ ասել, որ ԵՄ-ը մեծ հետաքրքրություն ունի, հիմնվելով առկա ձեռքբերումների վրա, ոչ միայն շարունակելու, այլեւ ավելի ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ, մասնավորապես պատշաճ կառավարման, իրավունքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց ազատ տեղաշարժի հեշտացման բնագավառներում։
Մենք պատրաստ ենք խոսել, քննարկել գաղափարներ՝ ինչպես են պատկերացնում հայ գործընկերները ԵՄ հետ հարաբերությունների ապագա իրավական շրջանակը, որ թույլ կտա լավագույնս օգտագործել Արեւելյան գործընկերության հնարավորությունները, որ առաջարկում ենք բոլոր գործընկերներին»:
Ի դեպ, պրն Ֆյուլեն չբացառեց, որ վիզաների դյուրացման համաձայնագիր կարող է ստորագրվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ, ինչպես «կողքից» հուշեց Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանն արդեն իսկ ստորագրել է այդ փաստաթուղթը։
ԱՍՈՑԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՈՉ ԹԵ «ԿԱ՛Մ-ԿԱ՛Մ»,
ԱՅԼ՝ «Ե՛Վ-Ե՛Վ»
Հնարավո՞ր է, որ Հայաստանը նախաստորագրի միայն Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ԽՀԱԱԳ համաձայնագրի։
Ո՛չ, պնդում է ԵՄ հանձնակատարը. «Ասոցացման համաձայնագիրը մեկ ամբողջական փաստաթուղթ է՝ երկու համաձայնագրեր չկան. կա Ասոցացման համաձայնագիր՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտով հանդերձ։ Այսինքն՝ համաձայնագիրը կազմված է երկու մասից եւ բանակցվել է հայ գործընկերների հետ ամբողջության մեջ՝ երկու մասերի միջեւ կան հստակ առնչություններ, եւ հնարավոր չէ առանձնացնել մեկը մյուսից կամ ամբողջից։
Եթե հայ գործընկերները տեսնում են իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի, քան գործընկերության եւ համագործակցության գործող համաձայնագիրը, ուրախ կլինենք աշխատել այդ շրջանակներում»։
Այլ բան է՝ որքանո՞վ կողմերը կարող են համաձայնության գալ եւ ձեւավորել ասոցացման նոր համաձայնագիր, որը չի հակասի Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը։ «Խիստ կասկածում եմ, թե դա հնարավոր է, որովհետեւ խոսքը իրավական լուրջ փաստաթղթի մասին է՝ լուրջ պարտավորություններով։
Այդուհանդերձ, հուսով եմ, Վիլնյուսի գագաթաժողովը կօգտագործվի այդ գործընթացի մեկնարկը տալու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի արդյունքների հետ կապված կոնկրետ ձեւաչափին, ապա դա քննարկումների, բանակցությունների հարց է»,- նշեց եվրոպացի պաշտոնյան։
ՈՉ Ի ՎՆԱՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Արտասահմանցի լրագրողներից մեկին հետաքրքրում էր՝ ի՞նչ է խոստացել նախագահ Պուտինը Հայաստանին, որ նախագահ Սարգսյանը որոշեց միանալ Մաքսային միությանը՝ հրաժարվել եվրոպացի դոնորների ենթադրյալ համաժողովից ակնկալվող «բազմամիլիոն ներդրումներից»։
«Խոսքը չի վերաբերում նրան, թե ինչ է տալու Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունների ծավալի մասին են խոսում նաեւ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից արված հայտարարությունները, որտեղ խոսվում է բավական խորը, լայն եւ սերտ համագործակցության մասին բոլոր հնարավոր բնագավառներում։
Մենք ի սկզբանե՝ Արեւելյան գործընկերության նախաձեռնության բանակցային գործընթացի սկզբից եւ նույնիսկ դրանից առաջ, ասել ենք, որ պատրաստ ենք հնարավորինս սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, հնարավորինս մոտ լինել Եվրամիությանը, բայց ո՛չ ի վնաս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների»,- ի պատասխան այդ հարցի՝ նկատեց ՀՀ արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է դոնորների կոնֆերանսին, «այդ մասին խոսվում է արդեն 4 տարի, մինչդեռ ԽՀԱԱԳ բանակցությունները սկսվել են միայն մեկ տարի առաջ։ Այսինքն՝ դա կապված չի եղել Ասոցացման համաձայնագրի հետ։ Եթե հիմա ինչ-որ ձեւով կապվում է, կրկնում եմ, մեր եվրոպացի գործընկերների հետ մենք քննարկում ենք այն եղանակները, հնարավորությունները, որոնք թույլ կտան, հիմնվելով առկա ձեռքբերումների վրա, հնարավորինս առաջ տանել Հայաստան-ԵՄ հարաբերությունները»։
ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ՉԻ ԴՐՎՈՒՄ
Եթե Հայաստանը «փոշմանի» եւ ցանկություն հայտնի վերադառնալ ի շրջանս յուր՝ Եվրոպան կների՞, կընդունի «մոլորյալ զավակին», թե՞ այն անվերադարձ փակել է դուռը Հայաստանի առջեւ։
«Մենք լուրջ ենք վերաբերվում մեր խոսքին՝ ասելով, որ հարգում ենք մեր գործընկերների ազատ կամարտահայտությունը, բայց նույնքան լուրջ ենք, երբ պայմաններ ենք ստեղծում այդ ազատ կամարտահայտությունն իրականություն դարձնելու համար։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ մենք մեր գործընկերների առջեւ դռները չենք փակում, եթե կա հավակնություն եւ հետաքրքրություն։
Եվ երրորդ՝ եղել է շատ ինտենսիվ գործընթաց արդեն երեքուկես տարի: Մենք շատ բովանդակալից տեքստ ենք համաձայնեցրել, եւ այդ տեքստը չի անհետանալու՝ մնալու է։ Պահպանվելու է նաեւ մեր կամքը եւ պատրաստակամությունը՝ ընդառաջ գնալու գործընկերներին, նրանց հավակնություններին եւ մեր դավանած արժեքների հանդեպ հավատարմության դրսեւորումներին»,- այսպես արձագանքեց Շ.Ֆյուլեն գերմանացի լրագրողուհու «դիմահար» հարցին։
Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ճնշումներին, «հայ գործընկերները հավաստիացնում են, որ որեւէ ճնշում չի եղել Հայաստանի հանդեպ՝ կայացնելու այդ ընտրությունը։ Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ։
Միեւնույն ժամանակ, մեր գործընկերներից ոմանք բողոքեցին, թե ավելանում են ճնշումները տարբեր ձեւերով: Այդ առումով ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել. Ասոցացման համաձայնագիրը, որպես գաղափար, դրվել է մեր գործընկերների առջեւ նախքան Եվրասիական միության, Մաքսային միության գաղափարը: Մենք շատ հստակ, թափանցիկ, պարզ ներկայացրել ենք այդ համաձայնագրի նպատակները՝ քաղաքական բարեփոխումներ, տնտեսական արդիականացում, ասել ենք, որ դա շոշափելի օգուտներ կբերի ոչ միայն մեր գործընկերներին, այլեւ մեր գործընկերների հարեւաններին:
Հստակ հայտարարել ենք՝ մեր գործընկերները բացարձակապես որեւէ պատճառ չունեն հարցականի տակ դնելու բարիդրացիական հարաբերությունները, որ ունեն հարեւան Ռուսաստանի հետ»։
Ավելին՝ «մենք էլ ենք ուզում Ռուսաստանի հետ ունենալ գերազանց հարաբերություններ։ Ռուսաստանը Եվրամիության համար էլ արտոնյալ, կարեւոր եւ ռազմավարական գործընկեր է՝ այստեղ բնավ որեւէ հակասություն չկա: Մենք մեր ռուս գործընկերներին եւս արել ենք՝ քանիցս արել ենք այդ առաջարկը եւ ապագայում էլ ենք անելու. պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց՝ Եվրոպայի կողմից այս տարածաշրջանում իրականացվող քաղաքականության առումով, որպեսզի փարատվեն բոլոր մտահոգությունները։
Մեր վերջնանպատակն է՝ ստեղծել նախապայմաններ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար: Վստահ ենք, որ Ասոցացման համաձայնագրով էապես նպաստում ենք այդ նպատակի իրականացմանը»,- հայտարարեց ԵՄ հանձնակատարը։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ












