Հայաստանն ինչու՞ սփյուռքում չի ներկայանում իր անաղարտ մշակույթով, այլ արմենչիկներով
Գագիկ Գինոսյան.<Եթե ինչ-որ մեկին սա անհավանական կթվա, կասեմ, որ շատ լավ իմանալով, որ 17-18 տարի հարևան երկու պետություններից շրջափակված մեր հանրապետությունում ենք ապրում , որ տնտեսապես շրջափակում իրականացնողները և ոչ միայն էդ երկու պետություններն են, այլ որ մեր դեմ քաղաքական լոբբինգ իրականացնող պետություններ կան, քաղաքական և ռազմական ագրեսիայի կոչեր հնչեցնող պետություններ, որոնք հանձինս Ադրբեջանի նաև պարբերաբար ռազմական ագրեսիա են իրականացնում մեր սահմաններում՝ ներխուժելով մեր սահմաններ և տղաներ սպանելով սահմանի վրա։ Առնվազն պետք է տգետ լինես՝ չհասկանալու համար, որ էդ մարդիկ, որ միլիարդներ են ծախսում էդ ամեն ինչի վրա, հանկարծ կարող է մշակույթը ոչնչացնելու վրա գումարներ չներդնեն :
Ինչո՞ւ պատգամավորներին և կուսակցություններին օրենքով արգելված է սնվել օտար գումարներից, այն մտայնությամբ, որ նրանք չվարեն օտարի՝ դրսից թելադրված քաղաքականություն: Իսկ ինչո՞ւ պետք է մշակույթի մարդիկ չստուգված ֆինանսական աղբյուրներ ունենան: Ո՞վ է պատվիրում նման մարդկանց մշակույթը, տեսահոլովակները: Էդ ո՞նց է լինում, որ ազգային անաղարտ մշակույթը, Կոմիտասը,Կոմիտաս երգող մարդիկ էդպես էլ ոչ երկրում, ոչ երկրից դուրս չեն գտնում իրենց հովանավորներին, համերգներ չեն կազմակերպում: Հայաստանը ինչու՞ սփյուռքում չի ներկայանում իր անաղարտ մշակույթով, որը կպահպանի հայ մարդու իրական դեմքը՝ առանց այն էլ ուծացող սփյուռքի մեջ: Եվ ներկայանում է արմենչիկներով, արմանհովհաննիսյաններով, թաթաներով ու մնացած երևույթներով: Ինչո՞ւ պիտի հայկական բանակի տոնական, հոբելյանական միջոցառման ժամանակ պաշտոնական բեմում, կառավարական միջոցառմանը ինչ-որ մի մարդ որոշի, որ ինքը պետք է երգի ՝«պստիկ պապան գնաց բանակ, հետը տարավ մի սուր դանակ»: Ու՞ ր է պետությունը և ի՞նչ է անում: Ինչո՞ւ քաղաքի՝ Երևանի պետական տոնին, անցած տարվա, երեք ռուս կիսաբարո աղջիկներ երգեցին «մամա, Լյուբա, դավայ, դավայ»: «Սերեբրո» խումբը: Ո՞վ է թույլ տվել նրանց, ինչո՞ւ են այդ մարդիկ մինչև հիմա պաշտոնավարում: Ի՛մ քաղաքի տոնին, ի՛մ մայրաքաղաքի , երգում են երեք դուրս ընկած կիսաբարո ռուսներ՝ ինչ-որ անհասկանալի երգ: Եվ բացեք տեսահոլովակը համացանցում, նայեք, էդ աղջիկները այդ նույն երգի տեսահոլովակում ապահովիչ են փչում: Եվ այդ համերգը իրենց ներկայությամբ պատվում էին՝ ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Եվ ինչ-որ մարդիկ ելնում են ու բարբաջում են, որ բոլոր ազգերի ու ժամանակների հիթը մեզ կներկայացնեն և ներկայացնում են «Հավանագիլա» երգը: Պատկերացրեք, հանկարծ Իսրայելում՝ Թելավիվի հոբելյանին հայը երգի ինչ-որ երգ: Չասեմ հայրենասիրական, հային գովերգող , ասենք՝ «Հոյ Նազան, յարս»: Ու՞ր են այդ պաշտոնյաները և ինչո՞ւ են մինչև հիմա պաշտոնավարում: Եվ ինչո՞ւ երկրի նախագահը հենց այդ տեղից պաշտոնապես, բոլորին ի տես ոտքի չի կանգնում ու հեռանում, որպես իր վերաբերմունք նման մշակույթի նկատմամբ:
Նախ, սկսենք էնտեղից, թե ի՞նչ ենք ներկայացնում Հայաստան պաշտոնական այցեր կատարող մեր հյուրերին: Նախորդ նախագահը իր հյուրերին տանում էր ջազ լսելու: Մեռե՞լ է էս ազգը, ո՛չ Կոմիտաս ունի, ո՛չ Արամ Խաչատրյան, ո՛չ Եկմալյան: Ազգերը բոլոր երանի կտան, որ 4-րդ դարի Մաշտոցի շարականներ ունենան: Ազգ ներկայացնեն, ասեն՝« էս մենք ենք՝ 4-րդ դարում»: Իսկ մենք խեղկատակություն ենք անում, տանում ենք ջազ լսելու, հետո էլ հետևանքները պարզ է. ջազ ակումբում ինչ են անում Պողոս Պողոսյանի հետ:
Երբ Ձեր հյուրը կլինի, կտանեք պորտապար նայելու: Բայց իմ երկրի պաշտոնական հյուրերին պարտավոր եք ներկայացնել ի՛մ երկրի, ի՛մ ազգի մշակույթը: Պարտավոր եք, դա Ձեր հյուրը չէ: Երբ Հայաստանի նախագահը գնում է Ֆրանսիա, մեզ ներկայացնում են հայկական , երաժշտությու՞ն, Կոմիտաս են ներկայացնո՞ւմ, թե իրենց մշակույթն են ներկայացնում։
Այ, երբ կփոխվի այդ վերաբերմունքը, Արմենչիկն էդտեղ ժյուրի չի նստի: Դուք մտածեք էն մարդկանց մասին, ովքեր իրականացնում են այդ քաղաքականությունը>:
tert.am












