Արմեն Ռուստամյան.Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում այլ վիճակ է
Արմեն Ռուստամյան. «Ամսի 3-ից հետո Հայաստանում բոլորովին այլ վիճակ է, եթե չենք ուզում դա խոստովանել` այդ թվում նաև արտգործնախարարը, իր խնդիրն է, բայց բոլորը գիտեն, որ ամսի 3-ից բոլորովին նոր վիճակ է առաջացել: Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոխվել է: Մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն:
Եվրասիական միությունը ձևավորում է աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքում Ռուսաստանը և Չինաստանն են: Սա է խնդիրը, Հայաստանն այս գործընթացի մեջ է մտել: Այդ նույն հարցի հետ կապված ես շատ հստակ ասել եմ` այն հայ-թուրքական հարաբերությունների այն տրամաբանությունը, որը մինչև հիմա զարգացնում էր մեր արտաքին քաղաքականությունը, ձեռնտու չէ Ռուսաստանին. եթե այդ հարաբերությունները զարգանան, հասնեն այն նպատակին, ինչպես նախատեսված էր, Ռուսաստանն այստեղ այլևս անելիք չի ունենա, դա պարզից էլ պարզ է:
Ես այդ հարցն իրեն` արտգործնախարարին էլ եմ ուղղել, եթե փորձում է ներկայացնել, որ սա միայն անդամակցություն է Մաքսային միությանը, միայն տնտեսական համագործակցություն է, սուտ է, այդպես չէ: Ասել եմ ավելին ` արտգործնախարարի և ՀՀ նախագահի հայտարարություններն իրար չեն բռնում. այո´, արտգործնախարարը խոսում է Մաքսային միության մասին` Եվրասիական միությունը թողնելով հեռվում, Եվրազես է անվանում: Նախ` Եվրազեսն այլ բան է, Եվրասիական միությունը չէ:Մենք խոսել ենք Եվրասիական միության մասին, դրա մասին խոսել է նախագահը` Մոսկայում: Արտաքին գործերի նախարարն անգամ այդ տարողունակությամբ չի մոտենում հարցին:
Եթե խնդիրը ձևակերպի այնպես, ինչպես ես եմ ասում, շատ պարզ կդառնա, որ, իսկապես, Հայաստանն այսօր այլընտրանք չուներ: Եթե չունենք այլընտրանք, պիտի ամրապնդենք այն, ինչ ունենք: Մեր խնդիրն այսօր լինելիության հարցը լուծելն է, այս փուլը հաղթահարելն է, 18-20 թվականներին նման վիճակ է եղել, ադրբեջանցիները շատ արագ մտան բոլշևիկների հետ համագործակցության, հազիվ կարողացանք Զանգեզուրը պահել, Զանգեզուրով մենք միացանք, մտանք Խորհրդային Միության մեջ։ Այն ժամանակ դաշնակցական կառավարությունն էլ, իրավիճակից ելնելով, զիջեց իշխանությունը բոլշևիկներին։ Եթե այդպես մտածեինք՝ ի՞նչ բոլշևիկյան Ռուսաստան, ավելի բա՞րձր արժեքներ էին այնտեղ, որ մտանք Խորհրդային Միության կազմի մեջ։ Ո՛չ։ Նույնն էլ հիմա է։ Մեր խնդիրը 42 հազար քառակուսի կիլոմետրը մեր սերունդին կտակելն է>:
-Պե՞տք է շարունակել Եվրամիության ուղղությամբ քաղաքականությունը, թե՞ ոչ, հարցին Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, թե Եվրամիության հետ կապված նույնպես ամեն ինչ պարզ է, և Եվրամիությունն ինքը հնարավորություն կգտնի Հայաստանի հետ համագործակցելու համար: «Եվրամիությունը հաշվի է նստելու կատարված փաստի հետ, և նա ունի տարբեր ձևեր: Ասոցացման ձևով չի անի, որովհետև ասոցացումը, բնականաբար, ընդհուպ մոտ է լիարժեք անդամի կարգավիճակին, բայց նա ունի տարբեր կարգավիճակներ: Հնարում են բաներ, օրինակ` «հանուն ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակ են ստեղծում: Այսինքն` Եվրոպան կարող է գտնել ձևաչափեր և առաջարկել քեզ համապատասխան կարգավիճակով համագործակցության ձևաչափ: Վստահ եմ` դա կլինի: Կարող է` մերոնք դա ներկայացնեն, թե տեսաք, որ ասում էինք` «և´-և´»-ը հնարավոր է: Դա չէ, դա չի լինելու, դա պետք է մոռանանք»,- նշեց Ռուստամյանը:












