Սեյրան Օհանյան. Բանակը պատերազմ է հայտարարում փողոցային բարքերին
Բանակն այսուհետ պատերազմ է հայտարարում փողոցային բարքերին: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այո’, մենք հայտարարում ենք պատերազմ: Ես ուզում եմ, որ մենք միասին պայքարենք այն բարքերի դեմ, որոնք այսօր հաճախ նորմալ են համարվում քաղաքացիական կյանքում ու քարոզվում են անգամ հեռուստատեսությամբ: Դա ամենամեծ սխալներից մեկն է, քանի որ մեր երեխաները ամենից հաճախ սկսում են դա նորմալ համարել: Սկսում են նմանվել մարդկանց, ում նմանվելն ուղղակի մեծ սխալ է: Եվ էլ որտե՞ղ պետք է պայքարենք այդ բարքերի դեմ, եթե ոչ բանակում ու այն կրթօջախներում, ուր երեխաները կրթություն են ստանում»,- ասաց Սեյրան
Օհանյանն ու ընդգծեց, որ 2014 թ.-ն այդ առումով բեկումնային է լինելու:
«Կարծում եմ, որ 2014 թ.-ից սկսած մենք կարող ենք լոկոմոտիվի դեր կատարել, որպեսզի հասարակության մեջ վատ բարքերը կանխարգելվեն, վերանան»,- ասաց նախարարն ու ընդգծեց, որ ստեղծված բացասական տրամադրությունների դեմ կարելի է պայքարել միայն դրականը վեր հանելով.
«Դրականը կա մեր հասարակության մեջ ու մենք պետք է գտնենք, ցույց տանք այդ դրականը: Պետք է գտնենք լավագույն գյուղացուն, լավագույն բանվորին, ուսուցչին, գործարարին ու ներկայացնենք նրանց մեր երիտասարդներին: Երիտասարդը չպետք է մեծանա փողոցային բարքերով ու հետագայում չպետք է այդ բարքերն իր հետ ներարկի բանակ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Երևանի պետական համալսարանն այն առաջնեկներից է, որ երկրի համար կարևոր պահերին միշտ եղել է առաջին գծում: Արցախի համար վտանգավոր իրադարձության ժամանակ համալսարանը կարողացել է համախմբել ոչ միայ իր գիտական ներուժն, այլև` ազատամարտիկներին ու երկրի նվիրյալներին, ովքեր բուհից միանգամից առաջին գիծ են մեկնել: Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր տոնական օրացույցում երկու կարևոր ամիս կա` մայիսը, երբ մենք եռատոն ունենք, և սեպտեմբերը, երբ տոնում ենք Հայաստանի ու Արցախի անկախության օրերը: Այսօր ես այստեղ եմ հենց կարևորագույն` Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ: Այստեղ եմ, որ ասեմ` նաև այս բուհի ուսանողների շնորհիվ է, որ մենք կարողացանք մեզ պարտադրված քննությունը հանձնել գերազանց, կարողացանք հաղթել մեզ պարտադրված պատերազմում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարն իր ու ամբողջ նախարարության անունից շնորհակալություն հայտնեց բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին.
«Դուք այստեղ տանջվում ու չարչարվում եք, որ հետո` բանակում, ձեր մոտ ուսանած տղաներն առանձնանան թե’ իրենց կրթվածությամբ, թե’ կարգապահությամբ»,- ասաց Պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով բանակում ընդհանուր կարգապահական մթնոլորտին ու միջանձնային հարաբերություններին, նախարար Օհանյանը նշեց, որ այդ հարցում կա զգալի առաջընթաց.
«Պետք է ասեմ` միշտ չէ, որ հրամանաստարը զինվորի հետ պետք է հրամանի լեզվով խոսի: Խոսքը գիտակցական վերաբերմունքի ու գիտակցված ծառայության մասին է, երբ կարևոր չէ, որ հրամանատարը միշտ հրամաններ տա: Զինվորները տալիս են զինվորական երդում ու պետք է ծառայեն հենց այդ երդմանը համապատասխան»,- ասաց Սեյրան Օհանյանն ու համեմատեց բանակում նախորդ երեք տարիներին գրանցված կարգապահական միջադեպերի ցուցանիշները:
«Եթե մենք համեմատենք անցած երեք տարիներն, ապա 2011թ.-ն անկասկած լավագույնն էր: Այդ տարի մենք ամենաքիչ պատահարներն ու կորուստներն ենք ունեցել: Սովորաբար հաջողությունից հետո մարդիկ հանգստանում են և 2012թ.-ին դարձյալ ունեցանք ցավալի պատահարներ: Իսկ այս տարի` 2013թ.-ին, գրեթե 30 տոկոսով քչացել են նաև այն պատահարները, որոնք եղել են 2012թ.-ին: Հավատացեք՝ այդ աշխատանքները այդքան էլ դյուրին չեն: Որքանով էլ հրամանատարները հետևողական լինեն, միևնույն է` անգամ այստեղ` քաղաքացիական կյանքում, տղամարդկանց կոլեկտիվներում վեճերն անխուսափելի են: Ես մի բան կասեմ, դա ապացուցված է: Զինվորի անվտանգությունը 50 տոկոսով հենց իրենից է կախված` նա պիտի չխախտի կանոնները, հետևի հրահանգներին, 25 տոկոսը` նրա հրամանատարից, իսկ մյուս 25-ը` պատահականության հարց է: Մենք հիմա ամեն բան անում ենք, որ այդ պատահականությունների 25 տոկոսը նվազի, բայց զինվորն էլ իր հերթին պետք է շատ լավ աշխատի իր 50 տոկոս պատասխանատվության վրա»,- ասաց Պաշտպանության նախարարը:
Հանդիպման ավարտին նախարարի հրամանով մեդալների ու պատվոգրերի արժանացան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի քանի ներկայացուցիչներ ու ուսանողներ:
aysor.am












