Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

ԴԱՎԻԹՈՂԼՈՒԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ

Սեպտեմբեր 23, 2013թ. 23:34

Արեստակես-Սիմավորյան-300x198Հարցազրույց թուրքագետ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ հետ

Թուրքիայի իշխանությունները մի կողմից Արևմտյան Հայաստանում ավերում են հայկական հին բնակավայրերը, անարդար դատավարություններով ոտնահարում Թուրքիայի տարածքում բնակվող հայերի իրավունքները, մյուս կողմից, նկատելիորեն ակտիվացել են թուրքական հկ-ները, վերլուծական շրջանակները` սեփական իշխանություններից պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչում: Ի?նչ երևույթի հետ գործ ունենք:

-Այն, որ թուրքական հասարակական կազմակերպությունները, վերլուծական կենտրոններն այսօր ակտիվորեն շրջանառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլ բան չէ, քան Դավուդողլուի ծրագրի իրականացում: Թուրքիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատում նման կառույցների դերը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ և դրանք իբրև այլընտրանքային կառույցներ փորձում ծառայեցնել հայ-թուրքական հարաբերություններում սեփական դիրքորոշումը առաջ մղելու համար: Ուրեմն , թուրքական հկ-ները դժվար թե կարողանան խոսել հայոց ցեղասպանության ճանաչման մասին, եթե դա համաձայնեցված չէ սեփական իշխանությունների հետ: Հետևաբար, վերջին տարիներին նման կազմակեպությունների ակտիվությունը Թուրքիայում թույլատրված է հենց պետության կողմից: Ե՛վ հկ-ները, և գիտական շրջանակները հիմնականում իրականացնում են Դավութողլուի հայտնի տեսության քարոզչությունը, որ կոչվում է <հումանիտար աղետ>:
Այսինքն, շեշտադրում են հայերից ներողություն խնդրելու հարցը, այդ կերպ փորձ է արվում 2015-ից առաջ կա’մ մեղմել հայկական կողմի գործունեությունը, կամ թուլացնել մեր զգոնությունը: Իրականում ներողություն խնդրելը, զղջում ասվածը դիտարկվում է ընդհանուր ողբերգության համատեքստում և շեշտադրվում այն միտքը, թե իբրև նաև հայերի մասնակցությամբ են թուրքական կոտորածներ եղել: Սա խորամանկ քայլ է, որը ևս Դավութողլուի, այսպես կոչված, <արդար հիշողություն> կոնցեպցիայից բխող մոտեցում է, այսինքն, ոչ թե ցեղասպանություն է եղել, այլ ողբերգություն, որը պետք է ճանաչել:
Գործ ունենք ռազմավարության կոնկրետ կետերից մեկի հետ, որով Թուրքիան փորձում է խուսափել ցեղասպանություն բառի օգտագործումից, այն փոխարինելով, այսպես կոչված, <ընդհանուր հումանիտար աղետ>-ով ու շեշտադրում է, թե այդ աղետի ժամանակ զոհվել են և՛ հայեր, և՛ թուրքեր: Այս քաղաքական գծի ջատագովներներից է նաև թուրք հայտնի դոկտոր, պրոֆեսոր Լաչիները, որը հակահայկական տասնյակ գրքերի ու վերլուծական հոդվածների հեղինակ է, նա անընդհատ խոսում է այն մասին, թե կատարվածը ընդհանուր ցավ է, որը Թուրքիան չի կարող ցեղասպանություն անվանել:

Այս ամենին զուգահեռաբար մեզանում տեղեկատվություն է շրջանառվում, թե այսօր Թուրքիայում մեծ թիվ է կազմում քաղաքացիական հասարակության այն ազատամիտ շերտը, որը Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ պատրաստվում է հանդես գալ տարբեր նախաձեռնություններով, նպատակ ունենալով հարպարակավ քննակելի դարձնել Հայոց ցեղասպանության փաստերն ու կոտրել հայկական հարցի տաբուն:
-Կարծում եմ, որ նման տեղեկատվությունը շրջանառվում է զուտ քարոզչական նպատակով ու միտված է մեր զգոնության թուլացմանը: Մենք պետք է շատ զգուշ լինենք: Շատ դժվար է պատկերացնել, որ թուրք հասարակությունը կարող է այդքան շուտ հաղթահարել տաբուները, այն դեպքում, երբ տասնամյակներ շարունակ հսկայական աշխատանք են կատարել թուրք կեղծ գիտնականները, պատմաբանները՝ թաքցնելով փաստերը: Ճիշտ է, եղել են և թուրք գիտնականներ, որոնք խիզախություն են ունեցել տպագրելու իրական, արխիվային փաստեր, բայց նաև ստիպված են եղել այդ համարձակության համար իրենց կյանքի մեծ մասն անցկացնել բանտերում: Իսկ նման քայլերը շատ չնչին տոկոս են կազմում այն ահռելի աշխատանքի դիմաց, որ Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ պետական մակարդակով իրականացրել ու այժմ էլ իրականացնում է Թուրքիան:
Իրողությունն այն է, որ Թուրքիայում ցանկացած կառույց՝ լինի հասարակական, թե քաղաքական հետազոտական կենտրոնը, կտրված չէ պետությունից, անկախ նրանից, թե որտեղից են նրանք ֆինանսավորվում, եթե անգամ Եվրոպայից, ապա միևնույն է, նրանք չեն կարող ինքնուրույնաբար տնօրինել իրենց քայլերը: Թուրքիայում այդ հարցերը շատ խիստ են դրված, դրսից ֆինասավորվող կառույցները ներսում ընկալվում են որպես Թուրքիայի ազգային անվտանգության շահերը չսպասարկողներ, հետևաբար, ազատ գործելու հնարավորություն չունեն:
Ներկայումս ակտիվ աշխատում են ուղեղային կենտրոնները, որոնք ոչ միայն գործում են Թուրքիայում, այլ հատկապես, արտերկրում՝ թուրքական ֆինասավորմամբ: Ի դեպ, ուզում եմ մի կարևոր հանգամանք ևս շեշտել. շատ երկրներում թուրքական համայնքի ակտիվ ներկայացուցիչները հաջողությամբ են աշխատում տվյալ երկրի պետական կառույցների հեղինակավոր անձանց հետ: Մեծ Բիտանիայում, ԱՄՆ-ում այսօր կան այնպիսի վերլուծական կառույցներ, որոնք ոչ միայն Թուրքիայից են ուղղորդվում ու ֆինանսավորվում, այլև աշխատում են նաև տվյալ երկրի պետական ֆինանսավորմամբ, ստացվում է, որ երկկողմ համագործակցությամբ հսկայական գործունեություն է իրականացվում: Առանձնապես մեծ աշխատանք է կատարում Լոբբիստական ռազմավարական հետազոտական կենտրոնը, որը գրասենյակներ ունի թե՛ Ստամբուլում, թե Վաշինգտոնում: Այն այժմ մշակում է, այսպես կոչված, <թուրքական ազգային մոբիլիզացիա> անունը կրող շարժումը, որը պետք է սպասարկի ոչ միայն ցեղասպանության 2015-ին ընդառաջ գործունեությունը, այլև Ադրբեջանի շահերը պաշտպանի ԼՂ հիմնախնդրում: Նպատակն է՝ 2015-ին ընդառաջ, երբ բոլորս զբաղված կլինենք ցեղասպանության խնդիրներով, իրենք հանդես կգան բողոքի նոտաներով ուղղված տարբեր երկրների նախագահներին, նախարարներին, դեսպաններին, հյուպատոսներին, կօգտագործեն միջազգային հայտնի լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների ներուժը, առցանց մամուլը և այլն: Այսինքն, նախապատրաստվում է հսկայական աշխատանք Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի եռամիասնության դեմ: Հետևաբար, մենք չպետք է կարևորենք ու մեծ նշանակություն տանք Թուրքիայից հնչող այն հայտարարությունները, թե բարձրացվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչման հարցը:

Թուրքիան այն երկիրն է, ուր ակնհայտ են իշխանական ճնշումները լրատվամիջոցների վրա, բայց ակտիվացել են անգամ լրագրողները, և այսպիսի տեսակետներ են հնչեցնում, թե <Թուրքիայի իշխանությունը վարել է ժխտողական քաղաքականություն, ու հիմա նոր քայլեր են պետք, դա Հայոց ցեղասպանության ճանաչումն է>, կամ էլ` <Աշխարհը պետք է տեսնի որ ճանաչման պահանջը ներսից է ու Թուրքիան Գերմանիայի նման պետք է ծնկաչոք ներողություն խնդրի>: Այս հայտարարություննե?րը ինչպես կմեկնաբանեք, գուցե Եվրամիության ճնշման հետևա?նք են:

-Նախ ասեմ, որ կան թուրք լրագրողներ, որոնք երկրում չունեն բարձր վարկանիշ և խոսելով Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացնող թեմաներից, փաստորեն, և իրենց, և սեփական լրատվամիջոցի PR-ով են զբաղված: Այո, թուրքական մամուլի վրա իշխանական ճնշումները շատ մեծ են: Այդ երկրում իրականացված վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ հակահայկականության ու հակահրեականության շեշտադրումները մամուլում մեծ տոկոս են կազմում: Այնպես, որ 2015-ին ընդառաջ թուրքական զլմ-ներից ամեն մեկը հանդես կգա իր առաջ դրված կոնկրետ խնդիրների լուծմամբ: Ինչ վերբերում է ԵՄ-ին, ապա Եվրոպա- Թուրքիա հարաբերությունները գնալով ավելի են սրվում, և Թուրքիան ամեն կերպ փորձում է իր քարոզչության տիրույթում պահել միջազգային հանրությանը:Այնպես որ, նման հայտարարություններն այլ բան չեն, քան միջազգային լսարանին ուղղված տեղեկատվություն, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված քայլեր են անում, ու կարող են գնալ որոշակի կոմպրոմիսների:
Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր, չեմ բացառում, որ ԵՄ կողմից Թուրքիայի վրա որոշակի ճնշում կա, մանավանդ այն պահից հետո, երբ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը, որովհետև Հայաստան-ԵՄ համագործակցությունը դժվար կկայանա, եթե փակ է հայ-թուրքական սահմանը: Թերևս ԵՄ ճնշմամբ, Թուրքիայի կողմից փորձ կարվի որոշակի թուլացնել առկա լարվածությունը, շատ հավանական է, որ մոտակա երկու տարում մենք նկատենք թուրքական կողմի աշխուժացում բոլոր ոլորտներում, գուցե ոչ քաղաքական, բայց հանրային շահերը սպասարկող կառույցները, նաև տնետսական բիզնես խմբերը կփորձեն ակտիվ աշխատել Հայաստանի հետ: Թուրքերն էլ լավ են հասկանում են,որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը իրեն կողմից կանգնեցված գործընթաց է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն