Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԱՌՋԵՎ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՎԱԾ

Սեպտեմբեր 24, 2013թ. 00:34

Հայաստանյան տարբեր խանութներում, շուկաներում, տոնավաճառներում, նույնիսկ սուպերմարկետներում, չնայած Թուրքիայից եւ Ադրբեջանից բուսական ու կենդանական հումքն ու մթերքը Հայաստան ներկրելու արգելքին` սահմանված 2009 թվականից, փաստորեն ներկրվել ու վաճառվել են տարբեր սննդամթերքներ, հատկապես, գյուղատնտեսական արտադրության: Այս փաստը օրերս խոստովանել է նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Հենց նրա 2009թ. սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով էլ ժամանակավորապես արգելված էր թուրքական եւ ադրբեջանական ծագման կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը Հայաստանի տարածք: Նախարարը, սակայն, իր մեկ այլ` 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 103-Ա հրամանով չեղյալ է համարել վերոնշյալ հրամանը։ Միանգամայն սպասելի է, որ մեր երկիր ներկրվող ու հայաստանյան շուկայում իրացվող թուրքական եւ ադրբեջանական սննդամթերքների ծավալն առաջիկայում կավելանա, եթե, իհարկե, արդեն չի ավելացել:
Նախարարը որպես իր այս վերջին հրամանի հիմնավորում երկու պատճառաբանություն է նշել.
«Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման եւ այլ մեքենայությունների պատճառ դարձավ»:

Փաստորեն արձանագրվում է, որ պատկան մարմինները գործնականում չեն արգելել թուրքական եւ ադրբեջանական ծագման կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը Հայաստան, փաստաթղթեր կեղծողներին, կեղծ փաստաթղթեր օգտագործողներին թեկուզ ոստիկանության կամ ԱԱԾ-ի օժանդակությամբ չեն հայտնաբերել կամ գրեթե չեն հայտնաբերել, եւ այս անճարակությունն արձանագրելով՝ գյուղատնտեսության նախարարը չեղյալ է համարել իր 2009թ. իրոք անհրաժեշտ հիշյալ հրամանը:
Բայց չէ՞ որ իր այդ հրամանը չեղյալ համարելու փոխարեն գյուղատնտեսության նախարարը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր դրա կատարումն ապահովելու համար, օրինակ, միջնորդագիր ուղարկեր ՊԵԿ-ի նախագահին, անհրաժեշտության դեպքում նաեւ ոստիկանապետին եւ ԱԱԾ-ի ղեկավարին, սննդամթերքի անվտանգության ծառայության պետի նկատմամբ ավելի պահանջկոտ լիներ։

Գյուղատնտեսության նախարարի մյուս պատճառաբանությունը հետեւյալն է. «Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիան անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որեւէ առեւտրային սահմանափակում չի կարող կիրառել»:
Իսկ հետաքրքիր է` սահմանը փակել կարո՞ղ է…
Կարծում ենք, Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը պետք է ասի` Թուրքիայից եւ Ադրբեջանից սննդամթերքի ներկրումը չենք արգելի միայն այն դեպքում, երբ այդ պետությունները իրենց սահմանները կբացեն:

Իրոք, սահմանները փակ են, հետեւաբար մենք ինչո՞ւ պետք է թույլատրենք այդ պետություններից սննդամթերքի ներկրումը, այսինքն` նախ, թող նրանց կարգի հրավիրեն, հետո նոր միայն Հայաստանին ստիպեն, որ կատարի իր պարտավորությունը։
Գյուղատնտեսության նախարարի պարզաբանման մեջ նշված է նաեւ, թե «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ունի բավարար ներուժ` Հայաստան ներկրվող սննդամթերքի անվտանգությունը ստուգելու համար»:

Ընդգծենք, որ տվյալ հավաստումը, նախ, չի համապատասխանում իրականությանը, եւ երկրորդ` եթե նույնիսկ համապատասխաներ էլ, չկա որեւէ երաշխիք, որ նշված ծառայությունը իր դերում կլինի ու կկատարի իր առաքելությունը: Այսօր աշխարհում գոյություն ունեն շատ դանդաղ գործողության թույներ, որոնք օրգանիզմում հայտնվելուց հետո մարդը անմիջապես չի մահանում, հետեւանքները երկար տարիներ հետո նոր միայն ի հայտ են գալիս: Ընդ որում, այդ թույները շատ դժվար հայտնաբերելի են նույնիսկ արդիական տեխնիկայով հագեցած լաբորատորիաների կողմից:
-Կան թույներ, որ նույնիսկ չեն հայտնաբերվում, մանավանդ գիտենք, թե Հայաստանում սննդամթերքի ստուգումներն ինչպես են անցկացվում,- ասում է կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ, որի նկարահանած՝ մեր թշնամի այդ երկրներից ապրանքների ներկրումը բոյկոտելու կոչ անող «Բոյկոտ» տեսահոլովակը «Յութուբում» շուրջ 100000 դիտում ունի։ -Գնացեք, մեր շուկաներում վաճառվող միսը նայեք ինչպես են ստուգում, արդեն պարզ կլինի: Կամ` պանիրները վերցրեք, մի տեղ տարեք, նորմալ ստուգման տվեք, տեսեք ինչքան բան կհայտնաբերեն:

Ես մտավախություն ունեմ, որ կարող են Հայաստանի բնակչության առողջությանը շատ լուրջ վնաս հասցնել, այսինքն` ցանկացած սննդամթերքի մեջ կարող են դա մտցնել: Թշնամի երկիր է, արդեն քանի դար է, որ չարչարվում են հային վերացնել: Եթե այսօր ունեն հնարավորությունները, ունեն նավթային գումարները, մյուս բաները` մեզ վերացնելու, ինչո՞ւ չեն անի, կանեն:
Իրոք, երբ ամբողջ աշխարհն է մտահոգված կենսաահաբեկչության վտանգով, Հայաստանի գյուղատնտեսության նախարարին դա առանձնապես չի մտահոգում:


Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ
<Հայոց Աշխարհ> օրաթերթ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն