ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ
–Սոչիում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը հանդես եկավ կարևոր շեշտադրումեր պարունակող ելույթով: Չե?ք կարծում, որ դրանք մեսիջներ էին ուղղված թե՛ ՀԱՊԿ, թե՛ Եվրամիության գործընկերներին, մասնավորաբար, այն շեշտադրմամբ, որ Հայաստանի քայլերը պայմանավորված են հայկական երկու պետությունների՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության պահպանմամբ:
-Այո, նախագահի ելույթը բավականին լուրջ շեշտադրումներ էր պարունակում, և իրոք, դրանով կարևոր ազդակներ ուղղվեցին, ես կասեի, թե՛ Հայաստանից ներս որոշ քաղաքական շրջանակնակների, նաև հասարակությանը, թե՛ Հայաստանից դուրս: Նախ շեշտադրվեց այն հիմնական գաղափարը, որ Հայաստանը իրականացնում է քայլեր, որոնք բխում են միայն մեր պետական ազգային շահերից: Նախագահը հստակ ու պարզ ասաց՝ Հայաստանը ՀԱՊԿ կազմակերպության հետագա զարգացմանը մոտենում է Հայաստան երկրների ինքնիշխանության, անվտանգության ապահովման, և մարտահրավերներին հակազդելու մեխանիզմների ստեղծման դիրքերից: Մեսիջներն ուղղված էին նաև ու մասնավորաբար Հայաստանից Արևելք և Արևմուտք ընկած թուրքական երկու պետություններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հստակ պատկերացում չունեն, թե Հայաստանի համար ի?նչ նշանակություն ու կարևորություն ունի Արցախյան հիմնախնդիրը: Եթե ոչ պատմական, ապա Սերժ ՍԱրգսյանի ելույթն այս առումով ես համարում եմ տեղին ու ճիշտ ժամանակին հնչեցված:
–Լինելով ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտականությունները բարեխղճորեն կատարող երկրի նախագահ, Սերժ Սարգսյանն այդ դիրքերից էլ քննադատեց ՀԱՊԿ անդամ այն պետություններին, որոնք ՀԱՊԿ շրջանակներում ստորագրում են մեկ որոշում, բայց այլ կառույցներում կողմ քվեարկում դրան հակասող մեկ այլ հայտարարությունների տակ: Ակնարկը թափանցիկ էր՝ ուղղված մասնավորաբար< Ղրղզստանին:
-Սա երկրորդ կարևոր մեսիջն էր Հայաստանի նախագահի, որ ՀԱՊԿ դաշնակից երկրները պետք է կարողանան ընկալել և ընդունել մեկմեկու շահերը և պահպանել համընդհանուր խաղի կանոնները, այսինքն այն, ինչ անում է Հայաստանը: Մեր երկիրը որպես ՀԱՊԿ անդամ մշտապես պահել է սահմանված պայմանավորվածությունները, ու իր քայլերն իրականացրել ելնելով դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից: Եվ նախագահն շատ պարզ ու հրապարակավ իր արդարացի դժգոհությունն արտահայտեց, ասելով, որ մեզ համար ընդունելի չէ ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ղարաբաղյան հարցում ցուցաբերած միակողմանի կեցվածքը: Եվ իրոք, որոշ երկրներ ( հասկանալի է, թե ակնարկը ո?ր երկրին էր ուղղված և ես նպատակահարմա չեմ համարում կոնկրետ անվանում տալու), անգամ նախագահների մակարդակով, միակողմանի հայտարարություններ են անում, առաջնահերթություն տալով ադրբեջանական մոտեցմանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքին, և միտումնավոր անտեսում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ուժի չկիրառումը: Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ դաշնակից երկրներին որպես ազնիվ գործընկեր պարզորոշ տեղեկացրեց, որ Հայաստանի համար քաղաքական օրակարգի կարևորագույն հարց է Հայաստան պետության անվտանգությունն ու արցախյան հիմնահարցի հայամետ՝ արդարացի լուծումը: Նա իր խոսքով մեսիջ ուղղեց, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորն է ոչ միայն ԼՂՀ անվտանգության, այլև ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման: Հասկացրեց, որ մեկ փաթեթում պետք է ընկալել Հայաստանի ու Արցախի թե՛ անվտանգության , թե՛ զարգացման խնդիրները:
Գոյություն չունեն Հայաստան-Արցախ առանջին շահեր, երկու հայկական հանրապետությունների շահերը միահյուսված են, ու դա այնքան պարզ է, անմեկնելի, քանի որ դա մեկ ժողովրդի՝ հայության շահն է: Հետևաբար, նախագահի մյուս մեսիջն էլ այն էր, որ Հայաստանը չի՛ կարող կոմպրոմիսի գնալ Հայաստանի ու Արցախի անկախության և անվտանգության հարցերում: Այսպիսով, նախագահը հանդես եկավ ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր երկրի նախագահ, և դա շա՛տ կարևոր հանգամանք է: Սա ոչ միայն պետական, այլև ազգային գործիչին վայել քայլ էր: Այս առումով, նաև իր ՀԱՊԿ գործընկերներին կոչ արեց հավատարիմ մնա տարածաշրջանային և գլոբալ համագործակցության գործընկերային կապերի հաստատմանը:
–ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումներում նախագահը բազմիցս շեշտադրել է այն միտքը, որ Հայաստանի առաջ փակ է մնում դեպի Եվրոպա տանող միակ սահմանը՝ հայ- թուրքականը: Պարզ ասվում էր՝ քանի դեռ այն չի բացվել անիմաստ կլինի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Եվրոպացիները կա՛մ չկարևորեցին, կա՛մ անկարող եղան իրականացնել Հայաստանի առաջարկը: Կարո?ղ ենք ասել, որ այսօր Մաքսային միության անդամակցման <նախապայմաններն > են Հայաստանի, Արցախի անվտանգության պահպանումը և ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը:
-Գիտեք, յուրաքանչյուր երկիր ունի իր պետական շահը և իր քայլերն անում է այդ շահին համարժեք: Սերժ Սարգսյանը դեռ իր քիշինևյան ելույթում, այո, հստակ ասաց հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին, շեշտեց, որ Հայաստանն այս հարցում Եվրոպայից հստակ ակնկալիքներ ունի: Չի կարող զարգացում լինել, եթե կան փակ սահմաններ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա, այո, Հայաստանը ՄՄ անդամակցմամբ ակնկալում է երկու հայկական պետությունների և՛ անվտանգության խնդիրների, և՛ տնտեսության զարգացմանը նպաստող քայլեր: Այս առումով, նախագահի ելույթը հստակ մեսիջ էր առ այն, որ Հայաստանը, անկախ նրանից, թե ո?ր միության անդամ կլինի, չի կարող իրականացնել քայլեր, որոնք չեն բխի նաև Արցախի շահերից:
-Ի դեպ այսօր հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաև Արցախում, կան տեղեկություններ, թե որոշ արևմտյան ու արևմտամետ ուժեր նպատակ ունեն Արցախը մղել եվրոպական ազդեցության տիրույթ և հեռացնել ՄՄ անդամակցմանը նախապատվություն տված Հայաստանից: Ի?նչ կասեք այս առնչությամբ:
– Հայկական երկու հանրապետությունները մեկ միասնություն են, մեկ օրգանիզմ ու ցանկացած նման փորձ, լինի հյուսիսից, թե հարավից, արևելքից, թե արևմուտքից, ձախողման է դատապարտված: Այդ նույն ուժերն էլ են համոզված , որ իրենց ձգտումներն անլուրջ են: Պատահական չէր, որ Մաքսային միությունն անդամակցելու Հայաստանի որոշումը Արցախի Հանրապետության նախագահը որակեց որպես պատմական: Բոլորը, թե համանախահագահները, թե ՀԱՊԿ անդամ երկրները, նաև այն երկրները, որոնք ջերմ հարաբերությունների մեջ են Ադրբեջանի հետ հասկանում, որ Արցախն ու Հայաստանը պորտալարով են կապված մեկմեկու: Հիշեցի Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը՝ սա Հայաստա՛նն է, ու վե՛րջ: Հայաստանն էլ այս տարիներին բոլորին ապացուցել է, որ ամեն ինչ անելու է Արցախի անկախության ճանաչման և ապահով Արցախ ունենալու համար:
-Ճի?շտ են այն տեղեկատվությունը, թե առաջիկայում կվավերացվի հայ-ռուսական մի պայմանագիր, որով Հայաստանը բացառիկ հնարավորություն կստանա Ռուսաստանի ռազմական գործարաններից ուղիղ գնումներ կատարելու:
-Չեմ նախընտրում մեկնաբանել մամուլի տեղեկատվությունները, բայց հարցին պատասխանեմ հետևյալ կերպ. մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները մեր գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ և ես կարծում եմ, որ այդ հարաբերություններում անվտանգության հետ միաժամանակ ռազմական բաղկադրիչը կարևոր ու առաջնային տեղ է ունենալու: Ի վերջո, պուտինյան Ռուսաստանի շահերից է բխում, որ Կովկասի իր միակ դաշնակից Հայաստանի Հանրապետությունը լինի ուժեղ ու անվտանգ, նաև տնտեսապես՝ կայուն ու մրցակցային:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












