Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ՝ ՎԵԴԻԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԵՆԻ

Սեպտեմբեր 26, 2013թ. 01:06

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի եւ Վայոց ձորի մարզեր: Այցի նպատակը նախագահի հանձնարարականով կառուցված Արարատի Այնթափ համայնքի մանկապարտեզի ու Վեդի քաղաքի նորակառույց մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալն էր:
Իսկ նախագահի այցելության վերջին հանգրվանը Արփա գետի հովտում տեղակայված բացառիկ հնագիտական վայրն էր՝ «Արենի 1» կամ ինչպես հնագետներն են ասում՝ «Թռչունների քարայրը»:

ՎԵԴԻՆ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԻՐ ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը՝ Այնթափը, երբեւէ մանկապարտեզ չէր ունեցել, տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված են եղել հաճախել կամ Երեւանի Նորագավիթի, կամ Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ 2011-ին մեկնարկում են 328,0 մլն դրամ արժողության 144 երեխայի համար նախատեսված շենքի կառուցման աշխատանքները:
Ծրագրի իրականացման համար միջոցներ են հատկացվում ոչ միայն պետական բյուջեից, այլեւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ի եւ Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից՝ 328 մլն դրամ, իր համեստ ներդրումով մասնակցում է եւ Այնթափ համայնքային բյուջեն:
Նախագահի այցին անհամբերությամբ էին սպասում նաեւ Վեդի քաղաքում. ահել ու ջահել տոնական տրամադրությամբ հավաքվել էին քաղաքի կենտրոնում, որովհետեւ, բնակիչների խոսքով՝ «առիթը պատմական էր»: Բանն այն է, որ քաղաքի նախկին ու միակ մշակույթի տունը, որ անցած դարի 30-ականների կառույց էր, խիստ մաշվածության պատճառով 88-ից դադարեց գործել: Եվ միայն 24 տարի անց վերջապես շահագործման հանձնվեց նորը:
Քաղաքի կենտրոնում հավաքվածների մեջ քիչ չէին տարեց վեդեցիները, որ արդեն մտքով հասցրել էին հրաժեշտ տալ իրենց երիտասարդության տարիների սիրելի հավաքատեղիին ու այժմ տիրոջ իրավունքով կանգնած էին նորակառույցի շեմին: Վեդու քաղաքապետը մեզ հետ զրույցում նկատեց, թե վայել չէր, որ մշակութային ավանդույթներ ունեցող քաղաքը չունենար իր Մշակույթի տունը: Զրկված լինելով նման պայմաններից, մշակութային միջոցառումների կազմակերպումը քաղաքում ունեցել է «սեզոնային» բնույթ՝ ամռանը բաց երկրնքի տակ, իսկ ձմռան ամիսներին քաղաքի մշակութային կյանքը պարզապես դադարել է:
«Այսօր մենք ունենք ժամանակակից, 280 տեղանոց հարմարավետ դահլիճով Մշակույթի տուն, որտեղ կգործեն տասնյակից ավելի մեր խմբակները՝ պարի, վոկալի, ժողգործիքների: Այն կդառնա մեր բնակչության հանգստի ու տարբեր միջոցառումների կազմակերպման վայրը»,- ասաց քաղաքապետը: Այսինքն՝ եւս մեկ հնարավորություն, որ Վեդին վերականգնի իր մշակութային հին ու բարի ավանդույթները:
Բայց այս ամենից զատ մեզ առանձնապես հետաքրքրեց այն փաստը, որ Մշակութի տունն իր փոքրիկ ներդրումն է ունենալու աշխատատեղերի ստեղծման հարցում: Այս առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Վեդու քաղաքապետը տեղեկացրեց, թե աշխատատեղերի ստեղծման հարցում քաղաքային համայնքի ղեկավարի հնարավորությունները, ցավոք, խիստ սահմանափակ են, միակ հնարավորությունը մնում է այն, որ աչք շոյելու չափ բարետես դարձնեն իրենց քաղաքը, ինչն էլ հնարավորություն կտա դրսից ներդրողներ հրավիրելու: Եվ ջանքերը կարծես իզուր չեն անցել՝ հայտնվել է Վեդիում հանքային ջրերի արտադրություն կազմակերպելու ցանկություն հայտնած առաջին գործարարը:
Տեղեկացանք, որ քաղաքի բնակչության մի հատվածը աշխատում է քաղաքին կից քարհանքի արտադրամասերում, պլաստամասսե իրերի արտադրությունում, ջերմոցային տնտեսություններում, սննդի ոլորտում, նաեւ բյուջետային ու սպասարկման ոլորտի հիմնարկներում, իսկ 30 տոկոսից ավելին զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: Ինչն էլ, քաղաքապետի համոզմամբ, նպաստում է գործազրկության լարվածության որոշակի թուլացմանը:
Նաեւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ չափով է արտագաղթի տխուր պատկերը տեսանելի Վեդիում: Պարզվեց, արտագաղթողների թիվն այստեղ այնքան էլ մեծ չէ, հիմնական հոսքը եղել է 90-ականներին, մոտ 150 ընտանիք է հեռացել քաղաքից: Ինչպես բնակիչներից մեկն ասաց՝ ժամանակին գնացողը գնաց, եւ այսօր մարդիկ այլեւս մշտական բնակության համար չեն հեռանում, իսկ եթե գնում են, ապա միայն արտագնա աշխատանքի՝ հետդարձի հաստատակամությամբ: Ի դեպ, մեկնողների հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է:

ԱՐԵՆԻ՝ ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՆՑՅԱԼԻ ԲԱՑԱՌԻԿ ՎԿԱՆ

Քիչ անց լրագրողական «արշավախումբը», հանրապետության նախագահի ուղեկցությամբ, Հայաստանի տարածքում պեղված բացառիկ հուշարձաններից մեկի՝ «Թռչունների քարայրի» մուտքի մոտ էր: Խորհրդավոր քարայրի ու ներկաներիս միջեւ ժամանակի սահմանները ձգվում ու հասնում են Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակի վերջին քառորդ ու 4-րդ հազարամյակի առաջին կեսեր:
Մեր առջեւ պղնձի, քարի դարերի ժամանակաշրջանն է:
Քարայրի մշակութային շերտերից դուրս եկած իրերը բացառիկ հայտնություն են ոչ միայն հայերիս, այլեւ ընդհանրապես մարդկության պատմության համար: Հիշեցնենք, սա այն եզակի հնավայրն է, որտեղից հայտանաբերվեց աշխարհի ամենահնագույն՝ 5500-ամյա ոտնամանը՝ պատրաստված միակտոր կաշվից:
Սակայն Արենին միայն «կոշիկով» չզարմացրեց աշխարհին: Քարայրում հայտնաբերվեց աշխարհի հնագույն գինու արտադրական համալիրը՝ 6000 տարեկան: Գինու հնձանին հարող տեղամասերից գտնվել են խաղողի կորիզների մնացորդներ, տարատեսակ առարկաներ՝ խեցանոթներ, մետաղե, քարե առարկաներ, բույսերի սերմերի մնացորդներ: Շնորհիվ քարայրի բնակլիմայական պայմանների՝ դրանք հրաշալի են պահպանվել, ինչը հազվադեպ երեւույթ է եւ հնարավորություն է տալիս մասնագետներին լիարժեք հետազոտություններ իրականացնելու:
Պեղումների շնորհիվ հայտնաբերված մյուս բացառիկ իրերը 6000 տարեկան խսիրներն ու գործվածքներն են: Էնեոլիթյան շրջանից պահպանվել ու մեզ է հասել վուշի գործվածքը։ «Մենք բախտավոր ենք նրանով, որ օրգանական մնացորդներն են պահպանվել, ու հազվագյուտ գործվածքն այսօր մեր ձեռքում է»,- մեզ հետ զրույցում ասաց արշավախմբի անդամներից մեկը: Այդ «տեքստիլն», իրոք, համամարդկային արժեք ունի:
«Արենին ոչ միայն հայոց հնագույն անցյալի մասին վկայություն տվող բացառիկ հուշարձան է, այեւ իր գիտական նշանակությամբ եզակի դեր ունի Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների ձեւավորման ելակետային փուլերը ուսումնասիրելու համար: Այս հուշարձանը շատ բան կփոխի գիտնականների նախկին պատկերացումներում»,- համոզված է հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Տեղեկացանք, որ այս պահին արշավախումբը հակված չէ շարունակելու պեղումները: Արշավախմբի ղեկավարի՝ Բորիս Գասպարյանի խոսքով, իրենց առաջ այժմ երկու խնդիր է ծառացել: Նախ կուտակվել է ահռելի քանակությամբ գիտական նյութ, եւ հարկ է հայտնաբերվածը հրատարակել ու ներկայացնել համաշխարհային հանրությանը, եւ երկրորդ, հրատապ խնդիր է նաեւ քարայրի պահպանության հարցը:
Պարզվեց, որ մինչ պեղումներ կատարելը եղել են մարդիկ, ովքեր աչք են ունեցել այդ տարածքի վրա, ցանկանալով քարայրի մի հատվածը վերածել ռեստորանի. «Դե, հով տեղ է, քարանձավում խմելն էլ է հաճելի», ոմանց գայթակղությունը կանխելու նպատակով արշավախումբը անցնում է գործի: Իսկ այսօր արդեն հնագետները սարսափով են մտածում՝ ի՞նչ կլիներ, եթե հանկարծ քարայրում ռեստորանային համալիր կառուցվեր, ոչ միայն հայ ժողովուրդը, այլեւ ողջ մարդկությունը մեծ կորուստ կկրեր. «Մեր աշխատանքով փրկվեց այս հրաշքը»:
Եվ ուրեմն, այսօր այս բացառիկ կոթողի պահպանության համար հարկավոր է պարիսպ ու անցուղիներ պատրաստել: «Իսկ մինչ այդ հնարավոր չէ մտածել Արենին զբոսաշրջության վայր դարձնելու մասին, քանի որ դժվար կլինի կանխել մարդկանց հոսքը, ինչը կվտանգի ողջ հուշարձանը»:
Հարցիս, թե անհրաժեշտ չափո՞վ է այս բացառիկ հուշարձանը ներկայացվել աշխարհին, արշավախմբի ղեկավարն ասաց. «Եթե քիչ է, ուրեմն մեղքը ե՛ւ մերն է, ե՛ւ ձերը՝ լրագրողներինդ», բայց նաեւ հավելեց, չնայած տեղեկատվության պակասին, եղածն էլ բավարար էր, որ այսօր աշխարհում այլեւս չտպագրվի գինեգործության մասին գիրք առանց Արենի անվան հիշատակման:
Ուրեմն Արենին այլեւս համաշխարհային պատմության անջնջելի էջ է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն