Մնաս բարով, սիրելի Վարպետ
Կյանի 83-րդ տարում կյանքից հեռացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը:
Վաստակավոր արտիստը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։
1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։
1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։
1991-ին առաջիններից մեկն էր, որ անդամագրվեց ՀՅԴ-ին, իսկ 1991-ին Դաշնակցության կողմից առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու։
1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։
1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։
2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` ”Նվագախմբի տղաները”‚ ”Եռանկյունի”‚ ”Մենք ենք, մեր սարերը”, ”Նահապետ”‚ ”Խաթաբալա”, ”Ձորի Միրո”, ”Սոլյարիս”, Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։
Մերօրյա լեգենդը ոչ միայն կինոյի ու թատրոնի այլեւ հայ իրականության, քաղաքական ու մշակութային կայնքի ամենակարկառուն ներկայացուցիչն էր: Լեռնային Ղարաբաղի ազատագրության համար մարտնչող իսկական նահապետ: Դեռեւս ղարաբաղյան ազատագրության տարիներին վերջինս Մոսկվայում այն եզակի մարդկանցից էր, ով հացադուլի միջոցով լսելի դարձրեց իր ձայնը, պայքարեց իր հայրենիքի համար ստեղծագործողին վայել կեցվածքով:
Սոս Սարգսյանն այն եզակի արվեստագետներից էր, ում հուզում էին Հայաստանի ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերը: Հայ նահապետի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում…մնաս բարով մերօրյա լեգենդ:












