ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Վեցդարյա ընդմիջումից հետո, 2013-ի սեպտեմբերի 24-27-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հայոց երկու հայրապետների օրհնության եւ հովանավորության ներքո գումարվեց ու ավարտին հասցվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
Ի՞նչ հարցեր քննարկվեցին, ի՞նչ որոշումներ կայացրեց եկեղեցու հոգեւոր բարձրագույն իշխանության մարմինը:
Չորս օր շարունակ եպիսկոպոսաց դասի քննությանն առնված կարեւորագույն հարցերն էին մկրտության ծեսի միօրինակության որդեգրումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը եւ այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը: Երեկ հրավիրված մամլո ասուլիսում գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը լրագրողներին որոշ մանրամասներ ներկայացրին:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՆ ԱՐԺԱՆԻ ԵՆ ՍՐԲԱՑՄԱՆ
«Մենք չենք կարող Հայոց եկեղեցուց անջատել մեր պահանջատիրության հարցը եւ չանդրադառնալ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հոգեւոր խնդրին: Եվ ես ուրախությամբ հայտնում եմ, որ այլեւս հստակ ամրագրվեց մեր նահատակների սրբադասման հանգրվանային գործընթացը, 2015-ին այն կիրականանա»,- հայտարարեց Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը:
Հայոց ցեղասպանության զոհերն արժանի են սրբացման, նրանք նահատակվել են հանուն հայրենիքի ու հավատքի: Սակայն Ցեղասպանությանն առնչվող ամեն ինչ, այդ թվում եւ հոգեւոր հարցերը, դժվար է կարծել, թե կմնա անարձագանք ցեղասպանություն իրականացրած երկրի` Թուրքիայի կողմից, ու չի ենթարկվի քաղաքական շահարկումների: Պարզվեց, որ մեր հոգեւոր հայրերը այդ «ռիսկը» եւս հաշվարկել են. «Քաղաքական վտանգները հաշվի ենք առնել ու գնահատել»,- հայտնեց Արշակ սրբազանը:
Անկախ ամեն ինչից, սակայն, հայոց եկեղեցին իր վերաբերմունքը պետք է արտահայտի հայոց զոհերի հիշատակի հանդեպ ու ի սեր նահատակների հոգիների հանգստության:
Զուգորդելով խնդրի կրոնական ու քաղաքական ասպեկտները, սրբազանը նկատեց, թե ցանկացած ոճրագործություն վաղ թե ուշ պետք է դատապարտվի, իսկ ոճրագործը արժանի պատասխանատվության ենթարկվի, բայց որպեսզի վերջինս արժանանա ներողամտության, պետք է նախ խոստովանի իր կատարած մեղքը եւ հատուցի. «Այս ամենը ամբողջապես ներդաշնակ է մեր ազգի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման հարցում»:
Եպիսկոպոսաց ժողովը արդյոք գործնական հարթության վրա քննարկե՞ց ամիսներ առաջ երկու վեհափառ հայրապետների հնչեցրած միացյալ պահանջատիրական կոչը ուղղված Թուրքիային` ճանաչե՛լ Հայոց ցեղասպանությունը, վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները:
«Հայոց Աշխարհ»-ի հարցին ի պատասխան՝ Նարեկ սրբազանը տեղեկացրեց, որ ժողովը ոչ միայն ուրախությամբ ողջունեց հայրապետների պահանջատիրական կոչը, ավելին՝ եկեղեցին մարտականորեն է տրամադրված «կոչը գործնականացնելու»` խնդիրը իրավական հարթություն մղելու համար. «Այն չի՛ կարող մնալ թղթի վրա, մեր պահանջատիրությունը մինչեւ 2015-ը պետք է հետապնդենք գործնական հարթության վրա` բոլոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր միջոցներով արդյունքի հասցնելու համար»:
ՊԱՀՊԱՆԵՆՔ ՆԱԵՎ ՄԵՐ ՈՍԿԵՂԵՆԻԿԸ
Ժողովականները քննարկել են նաեւ Հայ Եկեղեցու ծիսական լեզվի հարցը: Այս հարցը, ի դեպ, վաղուց է դարձել խնդրահարույց. մի կողմից՝ ժողովուրդը դժգոհում է ծեսի լեզվի` գրաբարի անմատչելիությունից, սակայն դրան հակադարձվում է, թե պետք է պահպանենք մեր ոսկեղենիկ գրաբարը որպես ծիսական լեզու: Եվ ուրեմն՝ անաղարտ մնալ ավանդույթի՞ն, թե՞ կարեւորել ծեսի մատչելի, հասկանալի մատուցումը ժողովրդին:
Արշակ սրբազանը նկատեց, թե այս հարցում եկեղեցին, իրոք, կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. «Եկեղեցին ավանդապահ հաստատություն է, բայց կա նաեւ ժամանակակից կյանքի թելադրանքը»: Բերվեց Կաթոլիկ եկեղեցու օրինակը. կաթոլիկները ե՛ւ լեզուն փոփոխեցին, ե՛ւ ծեսը կրճատեցին, բայց դրանից ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի չշատացավ:
Հետեւաբար մեր եկեղեցու առաքելությունն է գտնել նպատակահարմար լուծումը` պահպանելով ե՛ւ ավանդույթը, ե՛ւ ծիսական մատչելիությունը:
ԻՆՔՆԱՄԱՔՐՎԵԼ Է ՊԵՏՔ
Եկեղեցաբանական, ծիսական խնդիրներից զատ հայ հոգեւորականության ուշադրության կենտրոնում են եղել հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները` թե՛ Հայաստանում, թե՛ գաղթօջախներում: Ինչպե՞ս դիմագրավել գլոբալացող աշխարհի մարտահրավերներին, ինչ կեցվածք պետք է ընդունի հայոց եկեղեցին:
Մի բան ակնհայտ է. մարտահրավերների դեմ պայքարելու համար հարկ է, որ նախ մեր եկեղեցին զորանա ներքուստ, բարեփոխվի ու վերակազմակերպվի: Պատմական ժողովի հրավիրման առաջին իսկ օրն իրենց ելույթներում հայոց երկու վեհափառներն առանձնակի շեշտադրեցին հենց այս հանգամանքը, իսկ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո վեհափառ հայրապետը Եպիսկոպոսաց ժողովականներին կոչ արեց քաջություն ունենալ եկեղեցու վերքերը ճիշտ տեսնելու, ցավերը ճիշտ զգալու համար, քանզի հաջողության գրավականը ինքնաքննադատությունն է, հետեւաբար. «Հայ եկեղեցւոյ ծիսական կեանքէն ներս խոր արմատներ նետած թերութիւններու սրբագրումը»:
Այս առումով, ի՞նչ մթնոլորտում է անցել պատմական ժողովը, այն կարողացա՞վ կատարել իր առաքելությունը:
Ասուլիսին ներկա երկու սրբազաններն էլ վստահեցրին, որ քննարկումներն անցել են բաց ու անկեղծ մթնոլորտում, բոլոր մտահոգությունները, որոնք ունեին մեր եպիսկոպոսները, բարձրաձայնվել են:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












